Տավուշի հյուսիս-արևելյան մասում գտնվող Կողբ գյուղը մարզի ամենամեծ բնակավայրն է: Պետական սահմանից ընդամենը 4.5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղը սահմանամերձ է և ունի հատուկ ուշադրության կարիք։ Արդեն երկու տարի Կողբում ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր են իրականացնում Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Թե՛ 2019թ.-ին, թե՛ 2020թ.-ին այդ աշխատանքներն իրականացվել են դժվարին շրջանում. նախ՝ համավարակով, այնուհետև 44-օրյա պատերազմով պայմանավորված պայմաններում։ Անկախ հանգամանքներից՝ լուծվել են գյուղի արտաքին լուսավորության և մանկապարտեզներից մեկի ջեռուցման խնդիրները:
2020թ.-ի ընթացքում, գործընկեր կազմակերպությունների ջանքերով, Կողբ գյուղի տարածքում լուսավորվել է 1850 մետր ճանապարհահատված: Տեղադրվել է 50 ԼԵԴ լուսարձակ։ Աշխատանքները չեն դադարել նաև այս տարի։ Ընթացիկ տարում նախատեսվում է տեղադրել ևս 40 ԼԵԴ լուսարձակ և լուսավորել շուրջ 1550 մետր երկարությամբ հատված։ Այսպիսով, 2021 թ.-ի ավարտին, Վիվա-ՄՏՍ-ի և FPWC-ի ջանքերով, Կողբում կլինի շուրջ 3400 մետր լուսավորված փողոց: Էներգախայող, ժամանակակից համակարգի գործարկումն արդյունավետ է բնապահպանական և համայնքի միջոցները տնտեսելու առումով:
Էներգախնայող հերթական համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Կողբի վարչական ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը և բնակիչներ: Նրանք շրջայցով եղել են նաև բնակավայրի մանկապարտեզներից մեկում:
«Ցանկացած ծրագիր ունի իր շահառուն: Երբ գյուղերում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր ենք իրականացնում, ավելի հաճախ փորձում ենք զգալ երեխաների և երիտասարդների տրամադրությունը: Նրանք պետք է մեծանան առանց դառը հիշողությունների: Լուսավոր փողոցում քայլերը, տաք և կոկիկ միջավայրում մեծանալը պետք է լինեն ոչ թե երազանք, այլ՝ իրականություն: Եվ եթե մենք փորձենք որպես շահառու դիտարկել վաղվա սերունդը՝ կշահենք բոլորս: Երիտասարդներն են մեր ապագան: Այդ ապագան պետք է լինի վստահ, կենսուրախ և համարձակ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
70 տարի առաջ կառուցված մանկապարտեզը,երկար տարիներ ջեռուցվել է քարածխի, այնուհետև՝ փայտի վառարանների միջոցով: Ջեռուցման ոչ արդյունավետ և երեխաների անվտանգության համար ոչ ցանկալի մեթոդներն արդեն մեկ տարի փոխվել են: Այժմ հին վառարանները փոխարինվել են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ 2019թ.-ի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, մանկապարտեզի տարածքում ամբողջովին նոր ջեռուցման համակարգ է կառուցվել և համալրվել է 30 կՎտ հզորությամբ արևային ջրատաքացուցիչներով։ Քանի որ գործընկեր կառույցները կարևորում են նաև ծրագրի բնապահպանական բաղադրիչը՝ ընտրվել է բնությանը հնարավորինս քիչ վնաս պատճառելու սկզբունքը։ Արևային ջրատաքացուցիչները հնարավորություն են տալիս ջեռուցումն ապահովելիս սպառել 40-50 տոկոսով պակաս բնական գազ:
Սահմանապահ և հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Դա թույլ կտա այդ գյուղերը ներգրավել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն խնայողություններ, որոնք կարող են ուղղվել այլ խնդիրների լուծմանը: