ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեն նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով համաներում է հայտարարվելու: Մեզ հայտնի դարձավ, որ կհայտարարվի համաներում, որը կտարածվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց վրա: Ըստ քննչական կոմիտեի՝ պետությունը, համաներում հայտարարելով, գնահատում է ռազմական գործողությունների ընթացքում իր զինված ուժերի կողքին կանգնելու քաղաքացիական պարտքի կատարման վեհ գործին նվիրումը, ինչին ի պատասխան ցուցաբերում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ:
Այսպես, մինչև սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները, ովքեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում մասնակցել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններին:
Ինչպես նաև՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը՝ 2021 թվականի մարտի 24-ը ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց նկատմամբ:
Ի դեպ, նախագծում նախատեսվել է դրույթ, ըստ որի՝ համաներումը կիրառվում է նաև մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։
Սյունէ Համբարձումյան