ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՏՐԻ ԻՐ ՎԱՐՔԱԳԻԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ՝ հասկանալու համար, թե ընդդիմությունն ինչ քայլեր է պատրաստվում անել սահմանային իրավիճակի լարվածությունը մեղմելու համար:

 

-Տիկի՛ն Գալստյան, սահմանին իրավիճակը լարվում է, մեր պաշտպանության նախարարն ասաց, որ մենք չենք հանդուրժելու, կրակելու ենք:  Ի՞նչ անի հայկական կողմը: Կա՞ ճանապարհ, որը կառաջարկեք այս պահին:

-Նվազագույնն այս պահին մենք առաջարկել ենք, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչները գան Ազգային Ժողով, եւ ցանկացած ձեւաչափով (մենք նախընտրում ենք բաց ձեւաչափով, բայց ինչպես կառաջարկեն) քննարկենք, հասկանանք, թե օրվա քաղաքական պատասխանատվության կրող իշխանությունները ինչ նախատեսումներ ունեն, բանակցային ինչ գործընթաց է: Այնուամենայնիվ, ինչ-որ մի փաստաթուղթ կա, որի շուրջ քննարկումներ կան, ապա, որպես հստակ պատասխանատվությունը վերցրած քաղաքական ուժ, բացատրի, թե ինչ վարքագիծ են դրսեւորում: Մենք ամեն օր բախվում ենք ոչ միայն մարդկային ցավալի կորուստների հետ, այլ նաեւ մեր ինքնիշխանության նվազող եւ պետականության կորստի հետագիծ ենք արձանագրում:

-Ի՞նչ ակնկալիք ունեք իշխանություններից: Նրանք կգա՞ն, նման բացատրություն կներկայացնե՞ն:     

-Իշխանությունը չգա, սա եւս մեկ անգամ կխոսի այն մասին, որ, նախ, խուսափում է պատասխանատվությունից, որ անճարակ է, չունի Հայաստանի փրկության ծրագիր, երկիրը կառավարելու ո՛չ  տեսլական ունեն, ո՛չ կարողություն, ո՛չ միջոցներ: Ես շատ  եմ կարեւորում, որ արթնացում տեղի ունենա նաեւ մեր հանրային գիտակցության մեջ, մեր ժողովուրդը հասկանա, որ ընտրողների 26 տոկոսը, որ ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանին եւ նրա քաղաքական ուժին, օր օրի մենք ավելի ենք համոզվում, որ այս քաղաքական ուժը Հայաստանի ինքնիշխանության եւ պետական պաշտպանության բացարձակապես անունակ իշխանություն է, բայց մեր ժողովրդի մի գզալի հատված ձայն է տվել:  Մենք կարեւորում ենք, որ հանրությունը հասկանա, որ իշխանությունը չի պատասխանում մեր հոգսերին, ցավերին: Պատերազմը չի ավարտվել, այն դեռ շարունակվում է. խաղաղություն չկա:

-Ինչո՞ւ այն մի հատվածը ոտքի չի կանգնում եւ քայլեր չի ձեռնարկում:

-Ես նույնիսկ մտածում եմ՝ արդյոք նպատակահարմար է այս մասին բարձրաձայն խոսել, քանի որ մեկ շաբաթ առաջ մեր պատվիրակությունը «Հայաստան» դաշինքի հետ միասին գնացել էր Տավուշի սահմանամերձ գյուղեր, եւ որոշ տպավորություններ ու հանրային անհոգության ցավին, դարդին անտեղյակության արձագանքները, որոնք ես լսեցի, հուսահատեցնող ու ցավեցնող է: Մեր կորուստների ցավի հանրային բթացում կա: Մեր հասարակությունը չի հասկանում, որ որդեգրել է պետության կորուստների ճանապարհը: Մենք շատ ենք խոսում հասարակության մասին, բայց 400 հազար ընտրող չմասնակցեց ընտրություններին:

-Ի վերջո, Ադրբեջանը ե՞րբ կանգ կառնի կամ արդյոք կկանգենցնի՞ այս իրավիճակը:

-Ադրբեջանը կանգ չի առնի, քանի իր դիմաց զգետնված Հայաստանն է. նկատի ունեմ  իշխանությանը: Ցավալի է իմ հայրենիքի ու երկրի համար այս բառն ասելը: Ալիեւը տեսնում է, որ իր բոլոր հոխորտանքները մնում են անպատասխան, եւ ինչ ուզում, պոկում է Հայաստանից, եւ արդեն 3-րդ ամիսն է՝ իր զորքերը Հայաստանի տարածքում են, եւ պատասխան չի ստանում: Ունենք այն, ինչ ունենք: Սա պարտության իշխանության շարունակությունն է, որ հղի է նոր պարտություններով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՌԴ-Ն ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՂԱՐԿԵԼ

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 19 մլն 978 հազար 100 դոլար, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանը ստացվել էր 10 մլն 318 հազար 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաեւ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 118 հազար 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել: Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մարդասիրական օգնություն չի ստացվել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան եկել է 99 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

ArmLur.am-ը տեղեկացավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին. նշենք, որ Եվրամիության անդամ շատ երկրներ ուղարկել են: Մենք ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացանք, որ Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 911 հազար 300 դոլարի չափով օգնություն, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել է. 2020-ի հունվար-հունիսին այն կազմել է 1 մլն 626 հազար 100 դոլար: Մեր բարեկամ Ֆրանսիայից 1 մլն 140 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն է մտել Հայաստան: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-հունիսին Հայաստան եկել է 92 հազար 400 դոլարի մարդասիրական օգնություն:

 

 

ԲԴԽ ՆԱԽԱԳԱՀԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է

Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ վարչական դատարանն իր՝ որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի եւ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի /նախագահի/, լիազորությունների կասեցումը վերացած լինելու իրավահարաբերության առկայությունը ճանաչի: Դատավոր Արմեն Ներսիսյանը մերժել է Ռուբեն Վարդազարյանի դիմումը, եւ Ռուբեն Վարդազարյանը դիմել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան: ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 15-ին կասեցրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները մինչեւ նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: Արդյունքում Ռուբեն Վարդազարյանն իր նկատմամբ գլխավոր դատախազի կողմից քրեական հետապնդման հարուցմամբ մեղադրյալ ներգրավվելու մասով դիմել էր դատարան, եւ դատարանը որոշել էր «բողոքաբեր Ռուբեն Վարդազարյանի բողոքը բավարարել, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ռ. Վարդազարյանի իրավունքների եւ օրինական շահերի խախտումները»:

Ստացվում է՝ Ռուբեն Վարդազարյանը պետք է վերադառնար իր աշխատանքին, եւ նա դիմում էր ներկայացրել ԲԴԽ՝ ակնկալելով իր լիազորությունների կասեցման մասին որոշման վերանայում: Արդյունքում Ռուբեն Վարդազարյանը իր իրավունքների վերականգնման համար կրկին դիմել է դատարան: Տեսնենք՝ ՀՀ վարչական դատարանը կկարողանա համարձակվել դեմ գնալ Գագիկ Ջհանգիրյանին եւ բավարարել Ռուբեն Վարդազարյանի դիմումը, թե կվախենան ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանից, որն ամեն կերպ շարունակում է մնալ նախագահի աթոռին եւ դատական համակարգը բուռը հավաքելու գործընթացով է զբաղված:

 

 

ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ 

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ակնկալում է Եվրամիության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի եւ ԵԽԽՎ-ի, Եվրանեսթի, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների դատապարտող եւ կանխարգելող վճռական քայլերը:

 

Ազգային Ժողովի բարձր ամբիոնից Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի խոսքով՝  ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները տեւական ժամանակ տարբեր տրամաչափի զինատեսակներից Հայաստանի Հանրապետությանն ուղղված կրակահերթեր են արձակում:

«Օգոստոսի 16-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մի շարք բնակավայրեր թիրախավորվել են, եւ բնակավայրերում հենց լսելի են եղել տարբեր պայթյունների ձայներ, ու մարդկանց գիշերային խաղաղ քունը խախտվել է, խաղաղ կյանքի իրավունքը ոտնահարվել է: Փոխհրաձգության հետեւանքով թշնամու կրակոցից սպանվել է 2002 թվականին ծնված շարքային Արմեն Հովհաննեսի Հակոբյանը: Նույն օրը թշնամին սադրանքների է դիմել նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Թշնամու դիպուկահարի արձակած կրակոցից սպանվել է 1975 թվականին ծնված ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը»,- ասաց Թովմասյանը:

Պատգամավորի խոսքով` ադրբեջանական զինված ուժերի կրակահերթերը հաճախ կատարվում են հատուկ լուսարձակող զինատեսակներով, որպեսզի դրանք քաղաքացիական բնակչության համար լինեն ահաբեկող: «Ադրբեջանական կողմի արարքները հանցավոր բնույթ ունեն, ունեն մարդկանց կյանքից զրկելու դիտավորություն, ամբողջությամբ խաթարում են մարդկանց անվտանգությունը»,- ընդգծեց Թովմասյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաեւ հիշեցրեց, որ ադրբեջանական զինված ուժերը ամիսներ շարունակ ապօրինի գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

«Հարգելի՛ քաղաքացիներ, այս իրավիճակից ելքեր փնտրելու, գործուն քայլեր ձեռնարկելու նպատակով Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, ամբողջությամբ ձեւավորման պահից սկսած, կնախաձեռնի խորհրդարանական լսումներ այս հարցերը քննարկելու համար»,- եզրափակեց Թովմասյանը:

 

 




Լրահոս