ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՒՐԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում խարդախության արդեն որերորդ դեպքն է գրանցվում տուրիստական ընկերության կողմից: Սա, սակայն, չի սթափեցնում կառավարությանը, որպեսզի զբոսաշրջային ոլորտը վերահսկվի որեւէ կառույցի կողմից: Մեր երկրում ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել տուրիստական ընկերության. դրանք ամենուր են՝ բազմաբնակարան բնակելի շենքերում, նկուղներում, կրպակներում: Տուրընկերության կարող ենք հանդիպել նաեւ «դալաններում»:

 

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Դավինչի թրավել» տուրընկերությունից գնել են արտերկրում հանգստի ուղեգրեր, հետո պարզվել է, որ իրենց անունով տոմսեր չկան, հյուրանոցները գումարը չեն ստացել, ամրագրումներ չեն արվել։ «Դավինչի» զբոսաշրջային ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Պարզվեց, որ «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամիս ժամկետով:

Խարդախության նման դեպքեր գրանցվում են ամեն տարի՝ ամառային հանգստի սեզոնին: Քաղաքացին մեկնում է հանգստի եւ տեղում պարզում, որ հյուրանոցի համարն ամրագրված չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զբոսաշջային ընկերությունները որեւէ պետական կառույցի կողմից չեն վերահսկվում: Ավելին՝ մեր հանրապետությունում զբոսաշրջային ոլորտը բարձիթողի վիճակում է. ով երբ ցանկանում է, տուրիստական ընկերություն է բացում:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ զբոսաշրջային ընկերությունները Հայաստանում չեն լիցենզավորվում:

«Անհրաժեշտ է օր առաջ ոլորտում եւ զբոսաշրջային օպերատորի, գործակալի, զբոսավարի, հյուրանոցային եւ տրանսպորտային ծառայություններն անպայման լիցենզավորվեն, կամ դրանք առնվազն սահմանվեն որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ: Լիցենզավորված չեն, պետք է դա անել: Հիմա շատ լավ է, որ մեր հորդորներն ու առաջարկությունները տեղ են հասել, եւ զբոսաշրջության կոմիտեն արդեն հանրային քննարկման է ներկայացրել զբոսաշրջության մասին որոշման նախագիծը: Հիմա շատ արագ այդ որոշման նախագիծը պետք է քննարկել, լրամշակել եւ հնարավորինս շուտ ընդունել, որ այդ հարցերը կարգավորվեն»,- ներկայացրեց Ապրեսյանը:

Մասնագետի խոսքով՝ երբ օրենքով այդ գործունեությունը լիցենզավորվի, այսինքն՝ այդ գործունեության նկատմամբ օրենքով նախատեսված պարտադիր պահանջները, պայմանները սահմանված լինեն, դրա նկատմամբ հսկողություն էլ կիրականացվի: «Իսկ քանի դա չկա, ի՞նչը վերահսկի: Զբոսաշրջային կոմիտեն չունի նման մեխանիզմ եւ լիազորություններ, որպեսզի վերահսկողություն իրականացնի: Ուղիղ լիազորություն, որ ընկերության գործունեություն կասեցնի, եթե խարդախություն են անում, կոմիտեն չունի»,- բացատրեց Մեխակ Ապրեսյանը:   Մեր զրուցակցի խոսքով՝ նախ մենք՝ քաղաքացիներս,  պետք է զգոն լինենք, մեր իրավունքներին հետեւողական լինենք: «Օրենքով նախատեսված է, որ փաթեթ վաճառելիս զբոսաշրջային օպերատորը սպառողի հետ պայմանագիր կնքի, եւ պայմանագրում ենթակա դրույթներ եւս նախատեսված են: Շատ հաճախ մենք հետեւողական չենք լինում, չենք պահանջում, եւ զբոսաշրջային օպերատորներն այդ պայմանագիրը չեն կնքում: Փողն էլ վճարում ենք, նույնիսկ դրա համար ինչ-որ թուղթ չենք վերցնում, հետո ընկնում ենք կրակը»,- նկատեց մեր զրուցակիցը:

Մասնագետը խորհուրդ է տալիս՝ առաջինը՝ պետք է ուշադիր տեսնենք, թե տուրօպերատորն ինչ պայամանագիր է առաջարկում, որքանով է հարգում քաղաքացու իրավունքը. «Դրա համար մենք առաջին հերթին պետք է ընտրենք մեր զբոսաշրջային օպերատորին, պետք է տեսնենք նրա պատմությունը, համբավը»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է

2020թ. նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից դժգոհող քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ իրենց բողոքն արտահայտելու համար: Այդ ընթացքում մի խումբ անձինք ներխուժել էին կառավարության շենք, վնասել գույքը: Ավելի ուշ վերջիններս մտել էին Ազգային ժողով եւ կառավարական առանձնատուն եւ այնտեղից նույնպես հափշտակություն իրականացրել: Այդ առթիվ 2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցել էր քրեական գործ: Ըստ դատախազության հաղորդագրության` նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ բազմաթիվ անձինք նշված գործով ներգրավվել են որպես մեղադրյալ՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակիցների կողմից գույք ոչնչացնելու, վնասելու, անձանց նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի, ուրիշի գույքի եւ փաստաթղթերի բացահայտ հափշտակությունների հիմքով: Այսպիսով, մեղադրյալի աթոռին է հայտնվել Անրի Սեդոյանը, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երեւան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին մասնակցել է ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաեւ նախնական համաձայնության գալով Կարեն Մարությանի հետ, ապօրինի մուտք գործելով ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 եւ 402 աշխատասենյակներ՝ կատարել է խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն: ArmLur.am-ի հետ զրույցում Անրի Սեդոյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն ահազանգում է, որ Անրի Սեդոյանը քրեկատարողական հիմնարկում կմահանա, ինչպես եղավ Հաց բերողի դեպքում: Ինչեւէ, ահազանգում է փաստաբանը:

 

 

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգը փոխվելու է: Ըստ մեր տեղեկությունների՝ փոփոխությունները հեղինակել են երկու պատգամավորներ՝ նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը եւ նախկին դերասան Հրաչյա Հակոբյանը։ Այդ փոփոխությունները վերջիններս ներկայացրել են ԱԺ նախագահին: Նրանք այս օրերին հանդիպումներ են ունենում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ու քննարկում, թե որ լրագրողները կկարողանան մուտք գործել խորհրդարան, ում պետք է զրկել հավատարմագրումից, կամ ինչպիսի հավատարմագրման կարգ պետք է լինի ընդհանրապես: Մեր աղբյուրները նշում են, որ իշխանության ներկայացուցիչներն ամեն գնով փորձում են խստացնել խորհրդարան մտնելու կարգը՝ որոշակի չափանիշներ դնելով՝ թերթերի դեպքում՝ տպաքանակ, կայքերի դեպքում՝ դիտումներ եւ այլն:

Մի խոսքով, հավատարմագրման նոր կանոններ կգործեն արդեն աշնանային նստաշրջանի աշխատանքը լուսաբանող լրագրողների համար, որի արդյունքում շատ լրատվամիջոցներ ու լրագրողներ դուրս կմնան մրցակցությունից ու ԱԺ մտնելու հնարավորություն չեն ունենա։

 

 

ՉԱՐՉՅԱՆԻ ԴԵՄ

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։ Դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի նախագահի կողմից օգոստոսի 10-ին մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանին։ Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, Չարչյանին կալանքից գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։

 

 

ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ

Ազգային ժողովը երեկ արտահերթ նիստ էր հրավիրել։ Նիստի օրակարգում ««Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն էր։ Նախագծի հիմնական զեկուցողը ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն էր։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը հարց է ուղղել Կարեն Սարգսյանին՝ հասկանալու համար, թե վերոհիշյալ նախագիծը ում հետ է քննարկվել: Ի պատասխան՝ Կարեն Սարգսյանը նշել է, որ այն քննարկվել է նաեւ Վահե Ղալումյանի հետ: Հիշեցնենք, որ  Վահե Ղալումյանն ընտրվել է  Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, սակայն հանձնաժողովը դեռ ամբողջությամբ ձեւավորված չէ, եւ օրենքի խախտում է լինում, որ այդ հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել:

 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Երեկ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանի նկատմամբ:

 

 

ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում. ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունը ահազանգ է ստացել, որ «Հաղթանակ» կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։ Կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 30-35 տարեկան տղամարդու դի։ Դիակի կողքին հայտնաբերվել է անձը հաստատող փաստաթուղթ:

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ նշանակելու մասին. Թոռ Թորոսյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, Արման Կուրեխյանը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, Սամվել Գրիգորյանը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

 




Լրահոս