ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՎ՝ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող «Շամբ» կոչվող լճի ափը վաճառելու նպատակով Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները:

 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մեղրի համայնքի ավագանու՝ 20.05.2011թ. որոշմամբ՝ թույլատրվել է 25 տարի ժամկետով բազմամյա տնկարկներ հիմնելու նպատակով վարձակալության տրամադրել 0,4388 հա մակերեսով հողատարածքը, որի հիման վրա՝ համայնքապետարանի կողմից կայացած մրցույթի արդյունքում 14.07.2012թ. կնքված վարձակալության պայմանագրով հողատարածքը հանձնվել է Մխիթար Զաքարյանի մտերիմին: Վերջինս, վարձակալած հողատարածքում բազմամյա տնկարկներ հիմնելու փոխարեն, տարածքը ծառայեցրել է հասարակական նպատակներով՝ կառուցել է սրճարան եւ, առանց համապատասխան թույլտվությունների, տարածքը ծանրաբեռնել է հիմնական եւ ոչ հիմնական շինություններով: Մեղրու համայնքապետը, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, կազմակերպել է նշված հողատարածքը սեփականությամբ իր մտերիմին օտարելու գործընթաց, որն իրականացնելու համար ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալի եւ աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության եւ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի կողմից 12.11.2019թ. կազմվել է կեղծ տեղեկանք այն մասին, թե, իբր, Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության նշված հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված սահմանափակումների ցանկում։

Նշված տեղեկանքի հիման վրա՝ Մեղրի համայնքի ավագանու կողմից, 25.05.2020թ. որոշմամբ, փոփոխություն եւ լրացում է կատարվել Մեղրի համայնքի ավագանու՝ 06.03.2020թ. որոշման մեջ, եւ հողատարածքն ընդգրկվել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում։

2020թ. հունիսի 24-ին Մեղրիի համայնքապետարանում համայնքի ղեկավարի տեղակալի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքում հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի մտերիմը, այնուհետեւ հողատարածքն օտարվել է հաղթող ճանաչված անձին, եւ նույն օրը աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության եւ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրու սպասարկման գրասենյակ՝ նշված հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկատվություն տրամադրելու մասին, որին ի պատասխան՝ ՀՀ կադաստրի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է միասնական տեղեկանք այն մասին, որ հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասերի ցանկում:

Հողամասի օտարումն ամեն գնով կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարը պահանջել է ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացնել միասնական տեղեկանք տրամադրելու նոր դիմում, որի հիման վրա՝ համայնքապետարանի գլխավոր մասնագետը դիմում է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրու սպասարկման գրասենյակ՝ խնդրելով 02.07.2020թ. ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրված նախորդ միասնական տեղեկանքում կատարել սխալների ուղղում եւ «լրացուցիչ նշումներ եւ տեղեկություններ» բաժնից հանել «ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի» գրառումը:

Նշված դիմումին ի պատասխան՝ ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է նոր միասնական տեղեկանք, որի «լրացուցիչ նշումներ եւ տեղեկություններ բաժնում» նշվել է, որ գույքի նկատմամբ որեւէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցումը կկատարվի հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում:

Արդյունքում համայնքի սեփականություն հանդիսացող եւ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ եւ 11-րդ կետի համաձայն՝ օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքի 0,4388 հա մասն օտարվել է որպես սեփականություն՝ այդկերպ պետության եւ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետեւանքներ առաջացրած էական վնաս. համայնքի սեփականությունից դուրս է եկել օտարումն արգելված հողատարածքը, համայնքային սեփականություն հանդիսացող լիճը զրկվել է ափից, համայնքը եւ պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու եւ հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:

Մեղրի համայնքի նախկին ղեկավարին եւ տեղակալին մեղադրանք է առաջադրվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մեղրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության եւ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, եւ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ Մխիթար Զաքարյանի գործով նախաքննական մարմինը որոշում է կայացրել եւ նախաքննության ավարտ հայտարարել:

 

 

ԽԵՂԴԵԼ Է ԿՆՈՋԸ

2021թ. օգոստոսի 13-ին «Արմավիր» բկ-ից տեղեկություն է ստացվել, որ 11.08.2021թ. երեկոյան «ինսուլտ եւ թոքաբորբ» ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված 59-ամյա կինը նախօրեին՝ օգոստոսի 12-ին, մահացել է, որից հետո՝ դիահերձարան տեղափոխվելուց 24 ժամ անց, պարանոցի շրջանում ի հայտ են եկել կապտուկներ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Դատաբժշկի արձանագրության համաձայն՝ կնոջ մահվան պատճառը հանդիսանում է մեխանիկական շնչահեղձությունը: Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք եւ առիթ՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն եւ ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողությունների, ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Արմավիրի բնակիչ է՝ 23 տարեկան: Դեպքի օրը տուժածի տանը վիճաբանություն է տեղի ունեցել կնոջ եւ 23-ամյա երիտասարդի միջեւ, որի ժամանակ երիտասարդը բռունցքներով մի քանի անգամ հարվածել է կնոջ դեմքին եւ գլխին, այնուհետեւ պարանոցին եղած թելը, որից կախված է եղել բանալի, ձգել է նրա պարանոցին, իսկ երբ զգացել է, որ կինը չի շնչում, հեռացել է: Երիտասարդը ձերբակալվել է՝ 59-ամյա կնոջ սպանության կասկածանքով, եւ հարցաքննվել: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ՓԱԹԵԹ

2021 թվականի օգոստոսի 17-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ պահակակետերից մեկի արգելագոտու տարածքից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված պոլիէթիլենային փաթեթ։ Ներնետված փաթեթի զննությամբ հայտնաբերվել են Մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնապես խոշոր չափի՝ 121?77 գրամ քաշով կանաչավուն զանգված՝ առանձնացված երեք տարբեր փաթեթներում, եւ թմրանյութը օգտագործելու համար նախատեսված ապակյա գլանակ։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

 

 

ԵՐԵՎԱՆԻՑ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐ ԵՆ ԳՆԱՑԵԼ ԳՈՐԻՍ

Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանը եւ Մենուա Հովսեփյանը:

 

Ձերբակալվել են նաեւ Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչյանը եւ Սուսաննա Սարգսյանը: Նրանք կասկածվում են առերեւույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար: Փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կասկածվում է նաեւ Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը առերեւույթ խոչընդոտելու համար:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իրավապահները խուզարկություններ են իրականցրել Գորիսի քաղաքապետարանում, առգրավվել են մի շարք փաստաթղթեր, խուզարկվել են նաեւ Գորիսի ձերբակալված պաշտոնատար անձանց բնակարանները: Իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում նույնպես ձերբակալություններ կլինեն:




Լրահոս