ՔԱՂՀԱԼԱԾՅԱԼԸ ԷԼ ՉԻ ՀԱԼԱԾՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունը «փակել է»  Գագիկ Ծառուկյանի քրեական գործը: Ավելին՝ իրավապահ համակարգում կատակում են, որ քրեական գործով այնքան գործ չի արվել, որ թղթապանակների վրա փոշի է նստել: Ինչո՞ւ ԱԱԾ-ն որեւէ  քայլ չի անում ԲՀԿ առաջնորդի քրեական գործով՝ հաշվի առնելով  2020 թվականի ԱԱԾ-ի գերակտիվ գործողությունները վերջինիս մասով, խուզարկությունները, նրան մի քանի անգամ ԱԱԾ հրավիրելը եւ, իհարկե, պատերազմի օրերին կալանավորելը։ Գուցե այն ժամանակ հրահանգ կար իշխանությունների կողմից, իսկ  հիմա որոշել  են «ներել»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ,  բավարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն էր տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը:

Հ. Գ. Հիշեցնենք, որ Armlur.am-ը գրել էր, որ օգոստոսի 16-ին Գագիկ Ծառուկյանը գնացել էր ՀՀ կառավարություն եւ հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Վերջինններս մոտ 1,5 ժամ զրույց են ունեցել։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այսօր մեկնել Ղրղստան: Ըստ մեր տեղեկությունների՝ մինչեւ օգոստոսի 21-ը Փաշինյանը պաշտոնական այցով լինելու է այնտեղ, որտեղ պետք է կայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Դա էր պատճառը, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրվա երկրորդ կեսին կառավարության նիստ հրավիրեց ու ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագիրը: Փաշինյանը նախօրեին էլ փակ հանդիպման ժամանակ է ներկայացրել  կառավարության ծրագիրն իր թիմին ու հայտարարել, որ առաջիկա օրերին կառավարությանը ուղարկեն իրենց առաջարկությունները: Թե արդեն Ղրղստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ հանդիպումներ կունենա, դեռեւս անհայտ է, քանի որ օրակարգը հանդիպումների դեռեւս հստակեցվում է:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ խորհրդարանի հանձնաժողովների ձեւավորումը դարձել է իսկական գլխացավանք: Բանն այն է, որ իշխանական ֆրակցիայում դժվար է գտնել պատգամավորների, որոնք լավ տնտեսագետներ են, իրավաբաններ, կրթության ոլորտի մասնագետներ կամ միջազգային կառույցներում կռիվ տվող անձինք: Ու հիմա իշխանության ներսում իսկական խառնաշփոթ է, քանի որ ԱԺ ընդդիմությունում կարծես թե մասնագետների խնդիր չկա, ու իշխանությունը համապատասխան պատգամավորների է փնտրում, որպեսզի կարողանան հանձնաժողովներում կռիվ տալ ու իրենց ցանկալի նախագծերն անցկացնել: Հատկապես իշխանության համար կարեւոր է մասնագետ պատգամավորներ ունենալ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում, Պետական-իրավական մշտական հանձնաժողովում, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ինչպես նաեւ իրենց տիրապետության տակ գտնվողներում, որպեսզի ամեն գնով հասնեն իրենց նպատակներին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ եթե մասնագետներ այդպես էլ չգտնվեն, իշխանությունը ստիպված կլինի ուղղակի տարբեր պատգամավորների ընդգրկել տարբեր հանձնաժողովներում` խայտառակությունից խուսափելու ու հանձնաժողովները ձեւավորելու համար:

 

 

 

Հայաստանում հեղուկ գազի շուկան արդեն երկու ամիս է, ինչ չի կարգավորվում: Եթե շաբաթներ առաջ հեղուկ գազը կտրուկ թանկացել էր, ապա այժմ այն պարզապես չկա: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ չի դադարում վարորդներից դժգոհություններ ստանալ: Նրանց խոսքերով՝ իրենք այս օրերին չեն կարողանում հեղուկ գազ գնել, եթե գտնում են, ապա բարձր գնով: «Ժողովուրդ»  օրաթերթը կապ հաստատեց «Գազ Պրոպան»  ընկերության հետ եւ հետաքրքրվեց՝ ինչու հեղուկ գազ չկա եւ երբ է լինելու: Մեր հարցին ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչն ասաց. «Կոնկրետ մեզ մոտ այսօր (երեկ) երեկոյան՝ 20.00-ից հետո մեկ մեքենա կլինի, բայց միայն մեր ընկերության՝ Տիչինա հասցեի մասնաճյուղում, իսկ մեկ-երկու օրից՝ մյուս մասնաճյուղերում: Այս պահին հեղուկ գազի համար մեծ հերթեր են Ռուսաստանի Դաշնությունում, չեն հասցնում մեքենաները բարձել, դրա համար չկա գազ: Ռուսաստանում մեզ ասում էին՝ գազ չկա, քիչ է, դրա հետեւանքով են հերթեր գոյացել»: Ի դեպ, սրան զուգահեռ նկատենք, որ Հայաստանում հեղուկ գազի գինը երկու ամիսների ընթացքում 200 դրամից բարձրացել է՝ դառնալով 260-270 դրամ: Գազալցակայաններ կան, որտեղ այն վաճառվում է 250 դրամով: Այն մեր հանրապետությունում կշարունակի բարձր գնով վաճառվել, քանի որ Ռուսաստանում եւս թանկացել է: «Ամենայն հավանականությամբ, եթե գնում ենք բարձր գնով, պետք է վաճառենք բարձր գնով»,- նկատեց «Գազ Պրոպան» -ի ներկայացուցիչը:

 

 




Լրահոս