«ԱԺ-Ն ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը զրուցել է Արցախի պատգամավոր Սեյրան Հայրապետյանի հետ՝ պարզելու համար, թե այս պահին ինչ իրավիճակ է Արցախում, արդյոք իրենց հաջողվել է լուծել Արցախի ջրի խնդիրը:

 

-Պարո՛ն Հայրապետյան, շրջանառվում է, որ այսօր արցախցին մնացել է առանց ջրի, խնդրի առաջ է կանգնած: Որպես Աժ պատգամավոր՝ խնդրում եմ ներկայացնել, թե ինչ իրավիճակ է Արցախում: Ինչ-որ քայլ ձեռնարկե՞լ եք այդ ոււղությամբ:

-Ես կասեի, որ արցախցին այնքան էլ ջրից չի բողոքում: Այն վիճակում, որում հիմա արցախին է, ջուրը, հագուստը, ուտելիքը երկրորդական են: Երաշտի տարի էր, ջրի եւ այլ պատճառներով ջրի պակաս եղել է, կոնկրետ մեր տանը 7 օր ջուր չի եղել, բայց  մի կերպ ապրել ենք:  Դա նաեւ ունի իր այլ պատճառները. նախկինում ցանցը որ սարքել են, կարելի էր այնպես անել, որ անհրաժեշտության դեպքում գեներացված ջուրը գոնե ժամերով թաղամաս-թաղամաս բախշվեր: Կար խնդիրը, որն ի սկզբանե սխալ է արվել: Հիմա կոնկրետ հրահանգներ է տրվել ջուր անցկացնելու եւ համապատասխան աշխատանքները կարգավորելու համար: Ինձ թվում է, որ հարցն արդեն գնում է լուծման: Այս խնդիրը կա նաեւ գյուղերում՝ կապված նրան հետ, որ գյուղի որոշ աղբյուրներ կա՛մ բարակել են, կա՛մ ցամաքել: Այս տարի աղետի առաջ ենք կանգնել, բայց լուծումը գտնվել է: Թաղամաս-թաղամաս ջուրը գեներացվում է, բաց է թողնվում: Հույս ունենք, որ եղանակային պայմանները՝ անձրեւները, տեղումները, բնական ձեւով կջրեն:

-Այս ընթացքում Հայաստանի խորհրդարանը քննարկում է Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու հարցը, որը մերժվեց Հայաստանի իշխանությունների կողմից: Դուք՝ որպես Արցախի պատգամավոր, կարծո՞ւմ եք, որ այդ հարցը պետք է քննարկվեր, ընդունվեր, եւ Հայաստանի խորհրդարանում ունենանք Արցախի հարցով հանձնաժողով: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի մասին:   

-Սովետական Միության տարիներին սենց մի խոսք կար՝ «եթե ուզում ես ինչ որ մի հարց քննարկման տակ դնել, հանձնաժողով ստեղծեք»: Ես հույս ունեմ, որ այդ հանձնաժողովը, որը պետք է ստեղծվեր, այդպես չէր աշխատելու, բայց նաեւ իշխանության մեծամասնության կողմից հնչեց այն կարծիքը, որքանով տեղյակ եմ (նույնիսկ մեր Աժ նախագահն էլ այդ մասին խոսեց), որ 107 պատգամավորներն էլ հաշվեն, որ Արցախի հարցով ներկայացուցիչներ են: Շատ բարի, մենք կողմ ենք, եթե արդյունավետ աշխատեն: Միանշանակ Արցախի Հանրապետության ճանաչման, ժողովրդի ինքնորոշման հարցը պետք է մնա Հայաստանի Հանրապետության թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանության ոշադրության կենտրոնում: Թե ինչ ձեւ են անելու, թող մտածեն: Մենք միայն պատրաստ ենք: Մենք մեր երեխաներին պահում ենք Արցախի 25 տոկոսի վրա: Թող բոլորը՝ Հայաստանի Աժ պատգամավորները, իրար հետ վիճելու փոխարեն, մտածեն, թե ինչ կարելի է անել: Այսօր, պաշտպանության բանակի ու ռուս խաղաղապահների գործոնի հետ մեկտեղ, ժողովուրդը հանգիստ է զգում, բայց մեր ժողովուրդն իրեն զգում է, ինչպես ակվարիումի մեջ: Հանձնաժողով ստեղծվել է, չի ստեղծվել, դա իրենց խնդիրն է: Ես ուղղակի կխնդրեի, մոտակա ժամանակներս էլ կասեմ, որ ոնց որ Ազգային Ժողովի հարթակը նախընտրական քարոզարշավի շարունակությունը լինի՝ ժողովրդին ցույց տալու համար, թե ով է ավելի հայրենասեր:

-Դուք կարծում եք, որ Հայաստանի իշխանությունը դուռը փակե՞լ է Արցախի առաջ, ինչպես նշում է ընդդիմությունը: Այսինքն՝ իշխանությունն Արցախի հարցով չի՞ զբաղվում, այլեւս փա՞կ թեմա է իշխանությունների համար:

-Ես չգիտեմ, թե ով ինչ է ասում, բայց ես իմ ամենավատ երազում անգամ չեմ ուզում պատկերացնել, որ մի օր կգա, որ Հայաստանի իշխանություններն Արցախի հարցն իրենց օրակարգից կհանեն կամ ընդհանրապես կփակեն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետական դավաճանության գործով մեղադրյալը կմնա կալանքի տակ. ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել: ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է պետական դավաճանություն կատարելու համար մեղադրվող Մայիս Սահակյանի պաշտպանի միջնորդյությունը նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու մասով, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանի միջնորդությունը, եւ նա  կշարունակի մնալ կալանքի տակ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Մայիս Սահակյանը կնոջ օժանդակությամբ լրտեսության, պետական եւ ծառայողական գաղտնի տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաեւ թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն։ Կնոջը՝ Ստելլա Սարգսյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լրտեսության, ռազմական բնագավառում պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաեւ թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաեւ վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները։

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՂԵԿԱՎԱՐԻՆ 

Համլետ Խորիկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2001թ. օգոստոի 9-ից մինչեւ 2016թ. հոկտեմբերի 6 ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՇՄ Զարիշատ համայնքի ղեկավարի պաշտոնը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ուժով լիազորված լինելով ներկայացնել համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով կազմել համայնքի հողերի օգտագործման սխեմաներն ու ներկայացրել համայնքի ավագանու հաստատմանը, մշակել եւ կազմել համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման ամենամյա եւ քառամյա ծրագրերը, համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ եւ սահմանված պայմաններով, սահմանված կարգով օտարել կամ օգտագործման տրամադրել համայնքի սեփականություն համարվող հողամասերը, հետեւաբար նշված լիազորությունների իրականացման հիմքով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելներով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ այդկերպ էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ՝ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջարկում է ավելացնել օլիմպիական խաղերում մրցանակակիր դարձած մարզիկներին հատկացվող ցմահ ամսական պատվովճարի գումարի չափը: Ըստ նախարարության՝ պատվովճարի գումարների ցածր լինելը խոչընդոտ է սպորտի զարգացման համար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս նպատակով պետական բյուջեի միջոցներից գումար կհատկացվի. 2022 թվականին կպահանջվի հատկացվող գործող գումարներով 45 մլն 120 հազար դրամ գումար, իսկ փոփոխության արդյունքում ավելացող գումարը կկազմի 21 մլն 480 հազար դրամ, այսինքն՝ հաջորդ տարվա համար ընդհանուր գումարը կկազմի 66.6 դրամ:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ սահմանվում են պատվովճարներ` հետեւյալ չափերով`օլիմպիական խաղերի չեմպիոններին՝ 300 հազար դրամ, չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ:

Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 200 հազար դրամ, 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 150 հազար դրամ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններին՝ 200 հազար դրամ, շախմատի համաշխարհային օլիմպիադայում երկրորդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 140 հազար դրամ:

Իսկ շախմատի համաշխարհային օլիմպիադայում երրորդ մրցանակակիր դարձած մարզիկին հատկացվող չափը կկազմի 100 հազար դրամ, օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձեւերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի՝ չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 180 հազար դրամ՝ երկու տարի ժամկետով, այնուհետեւ՝ 100 հազար դրամ՝ ցմահ:

Բացի այս, շախմատի եւ սամբոյի եւ նավամոդելային սպորտի աշխարհի առաջնության չեմպիոն դարձած մարզիկին հատկացվող չափը կկազմի 100 հազար դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձեւերից աշխարհի 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկին կտրամադրվի 40 հազար դրամ:

Նախարարությունն առաջարկում է, որ օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձեւերից աշխարհի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկին հատկացվի 40 հազար դրամ, Եվրոպայի չեմպիոն դարձած մարզիկին՝ 60 հազար դրամ, Եվրոպայի մրցանակակիր դարձած մարզիկին՝ 40 հազար դրամ, Եվրոպական խաղերի, համաշխարհային ուսանողական մարզական խաղերի չեմպիոն դարձած մարզիկին՝ 60 հազար դրամ, իսկ Եվրոպական խաղերի, համաշխարհային ուսանողական մարզական խաղերի, շախմատի աշխարհի առաջնության 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրներ դարձած մարզիկին՝ 40 հազար դրամ:

Ս.Հ.




Լրահոս