ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը։ Ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից. այդ բաժիններ են՝ անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք եւ արդարադատություն, ինստիտուցիոնալ զարգացում։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանում սկսվել եւ մեծ ծավալով ընթանում է ԶՈՒ-երի բարեփոխման գործընթացը: Նա ընդգծեց, որ անվտանգության ապահովման հաջորդ կարեւորագույն գործոնն ակտիվ արտաքին քաղաքականությունն է. «Հայաստանը պիտի վարի ակտիվ եւ նախաձեռնողական արտաքին քաղաքականություն՝ աշխատելով բոլոր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ ունենալ աշխատանքային արդյունավետ հարաբերություններ»։
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Փաշինյանն ասաց. «Կարեւոր գործոնը հայ-ռուսական ռազմավարական դաշինքն է եւ ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Ընդգծվել է տարածաշրջանային կայուն միջավայրի ձեւավորումը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Սա նորամուծություն է, որովհետեւ մեր արտաքին քաղաքական ուղղությունների մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս մեր տարածաշրջանային արտաքին քաղաքականությանը։ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության դերը ընդգծում ենք Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման գործում։ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձեւաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը էական գործոն է տարածաշրջանային կայունության համար։ Կառավարության ծրագիրը որոշակի դիրքավորում է ձեւակերպել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հուլիսի 29-ի հայտարարության նկատմամբ։ Մեր ծրագիրը ձեւակերպել ենք այնպես, որպեսզի այն մաքսիմալ համարժեք լինի ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կոչերին»։
Նա ասաց, որ անվտանգության ապահովման հաջորդ ուղղությունը ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգի ձեւավորումն է. «Երկար ժամանակ խոսում ենք Ազգային անվտանգության ծառայության եւ ազգային անվտանգության համակարգի բարեփոխումների մասին։ Մեր ծրագիրն այն է, որ առաջիկայում ՀՀ սահմանապահ զորքերն ավելի շատ տեղամասեր կընդունեն ՀՀ ԶՈՒ-երին, այսինքն՝ տարածքները կընդլայնվեն, այս առումով սահմանապահ զորքերը պետք է ընդլայնվեն, վերափոխվեն, բարեփոխվեն։ Սա խաղաղ տարածաշրջանային օրակարգը առաջ մղելու մեր նկատառումն ու նպատակադրումն է արտահայտում։ Սովորաբար սահմանապահները ստանձնում են այն տեղամասերի պատասխանատվությունը, որը համարվում է ոչ պատերազմական, այսինքն՝ խաղաղ գոտի։ Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն»։
Վարչապետի փոխանցմամբ՝ նվազագույն աշխատավարձը պետք է հասցնել 85 հազարի։ «Նվազագույն կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին։ Նվազագույն աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը»։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչեւ 2026 թվականը կառավարությունը նախատեսում է ունենալ շուրջ 35 հազար զբաղվածներ. «Ոլորտի շրջանառությունը հասցնել 5 մլրդ դրամի, որը կկազմի համախառն ներքին արդյունքի 6-7 տոկոսը։ 2020 թվականի տվյալներով՝ այս ցուցանիշը 4 տոկոս էր։ Հայաստանում առաջիկա 5 տարիներին կստեղծվի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 16 հազար աշխատատեղ»: «Մենք կարեւորում ենք, որ ունենանք զարգացող եւ հարկունակ տնտեսություն, որը կգոյացնի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, բնականոն կյանքն ապահովելու համար»,- օգոստոսի 18-ին՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ մինչեւ 2026 թվականը կառավարության տնտեսական թիրախներն են՝ համախառն ներքին արդյունքի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը 7 տոկոս, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9 տոկոս, ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը հասցնել համախառն ներքին արդյունքի 25 տոկոսի, 10 տոկոսից ցածր գործազրկության մակարդակ ապահովել։
Ն. Պ.
ԲԱԽՈՒՄ՝ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԵՏ
Դատական համակարգում շրջանառվող լուրերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ, դատավոր Նորա Կարապետյանը պատրաստվում է աշխատանքից ազատման դիմում գրել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա դեռես ԲԴԽ դիմում չի ներկայացրել, բայց մտերիմ շրջապատում հայտարարել է, որ հեռանում է: Ըստ մեզ հասած լուրերի՝ դատավորի հեռացման պատճառը Բարձրագույն դատական համակարգի նախագահ Գագիկ Ջհանգիրյանն է:
Ըստ լուրերի՝ Նորա Կարապետյանը տհաճ խոսակցություն է ունեցել Գագիկ Ջհանգիրյանի հետ, որից հետո հայտարարել է, որ չի մնալու դատական համակարգում: Ի դեպ, ըստ լուրերի՝ վերջիններս բախվել են օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորների նշանակման մասով: Մասնավորապես, օրերս, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Գոռ Թորոսյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արման Կուրեխյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Սամվել Գրիգորյանը եւս նշանակել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Այս նշանակումները պատճառ են դարձել բախման, ինչի հետեւանքով դատավորը պատրաստվում է հեռանալ դատական համակարգից:
ԿԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԻ
Հայաստանից պղնձի եւ մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի, մոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կկիրառվի: Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում դեպի երրորդ երկրներ արտահանումը կհամարվի լիցենզավորվող գործունեություն: Ավելին, կսահմանվի այդ ապրանքների պետական տուրքի դրույքաչափը։ Լիցենզիաները տրամադրելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ պետական բյուջեում նախատեսում է եկամուտների ավելացում լիցենզիայի ստացման նպատակով պետական տուրքերի վճարման տեսքով։
Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ նշված ապրանքների արտահանման նպատակով կտրամադրվի գլխավոր լիցենզիա, իսկ մինչեւ 100 կիլոգրամ արտահանելու դեպքում՝ մեկանգամյա լիցենզիա։
ԿԱՇԱՌՔԻ ՄԵՋ
ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Ալինա Սիմոնյանին մեղադրել են կաշառքի համար: Զավեն Մակարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն՝ ՀՀ քննչական կոմիտեի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ալինա Սիմոնյանին հանիրավի մեղադրել է իրենից կաշառք պահանջելու համար:
ԱԶԱՏՈՒՄ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որով Ավագ Ավանեսյանն ու Աննա Հակոբյանն ազատվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալների պաշտոններից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ռաֆայել Գեւորգյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
ՆՈՐ ԽՄԲԱՔԱՆԱԿ
Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել COVID-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ։ Չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 հազար դեղաչափը նախատեսված է 100 հազար հոգու համար։ Պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար, առանց սահմանափակումների։ Օգտվեք առողջ լինելու Ձեր իրավունքից, պետությունը անվճար հիմունքներով բոլորի համար ապահովում է պատվաստանյութ, որը մեզ կպաշտպանի COVID-19-ի ծանր ընթացքից եւ մահվան ելքերից։
2810 ՄԵՔԵՆԱ Է ՆԵՐՄՈՒԾՎԵԼ
Ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումից հետո՝ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում, երրորդ երկրներից ներմուծվել է 2810 թեթեւ մարդատար մեքենա, որից գանձվել է 5,314,330 հազար ՀՀ դրամ: Ըստ ՊԵԿ տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան էր ներմուծվել 5721 հատ մեքենա, որից գանձվել է 4,890,076 հազար ՀՀ դրամ: Հիմնականում մեքենաները ներմուծվել են ԱՄՆ-ից, Ճապոնիաից, Չինաստանից, Կանադայից, Գերմանիայից, Վրաստանից եւ ԱՄԷ-ից: 2020 թվականից սկսած՝ ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացվել էին եւ համապատասխանեցվել ԵԱՏՄ հավաքական մաքսային վճարներին:
504 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում օգոստոսի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք, առողջացել է 157 քաղաքացի, գրանցվել է մահվան 3 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 7219 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 453 950-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 675 դեպք, որոնցից 223 227-ը՝ առողջացման, 4716-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 6593 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է նաեւ մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1139 է:
ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը չի անցկացվի։ Այս մասին ասել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: