Armenian text to speach

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քրեակատարողական ծառայողներն անմիջական մասնակցություն են ունենում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության կազմակերպմանը, տեղյակ են դեղամիջոցների եւ դրանց չափաբաժինների մասին, ինչպես նաեւ հասանելիություն ունեն բժշկական գաղտնիք պարունակող մատյաններին: Այս մասին ահազանգում է ՀՀ ՄԻՊ-ը:

 

Արդյունքում քրեակատարողական հիմնարկում գրեթե ողջ վարչակազմը տեղեկացված է, թե ինչ հիվանդություն ունեն ազատությունից զրկվածները, ինչ դեղեր են ստանում, ու նույնիսկ կան դեպքեր, երբ տեղյակ են, թե ինչ դեղաչափեր են ցուցված:

Քրեակատարողական ծառայողների անմիջական մասնակցությամբ իրականացվում է նաեւ «Մեթադոնային փոխարինող բուժման» կազմակերպումը: Երեկոյան ժամերին ազատությունից զրկված անձանց հոգեմետ դեղորայքը տրամադրվում է անվտանգության աշխատակիցների ներկայությամբ: Մտահոգիչ խնդիրներից է այն, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բաժանմունքներ ազատությունից զրկված անձանց ընդունումն ու մասնաշենքերում տեղաբաշխումն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի անվտանգության համար պատասխանատու ծառայողների ցուցումով՝ հիմնականում հիմք ընդունելով անվտանգության հարցերը: Այդ պատճառով մեծ թվով պացիենտներ պահվում են իրենց հաշվառվման բաժանմունքներից դուրս: Այս պարագայում դժվարություն է առաջանում ինչպես բուժող բժշկի եւ բուժանձնակազմի կողմից պացիենտի նկատմամբ արդյունավետ բժշկական հսկողության կազմակերպման, այնպես էլ դեղորայքային բուժման եւ բժշկական այլ միջամտությունների իրականացման տեսանկյունից: Այս վիճակն անթույլատրելի է: ՔԿՀ-ում, իհարկե, անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարեւորություն, բայց Դատապարտյալների հիվանդանոց ընդունման ու բաշխման հարցերում բժշկական հարցերը չեն կարող անտեսվել:

ՔԿՀ-ում նախնական բժշկական զննությունն իրականացվում է հերթապահ խմբի բժշկական անձնակազմի կողմից խուզարկության հետ համատեղ օրվա հերթապահ պատասխանատուի եւ անվտանգության ապահովման բաժնի ծառայողի ներկայությամբ: Երբ անձի ուղեկցումն իրականացվում է ոստիկանության ծառայողների կողմից, նրանք նույնպես ներկա են լինում բժշկական զննությանը:

Կան դեպքեր, երբ ազատությունից զրկվածներին նախնական բժշկական զննության է ենթարկում ոչ թե բուժանձնակազմը, այլ խուզարկության ժամանակ քրեակատարողական ծառայողներն են հարցնում՝ արդյոք ունեն վնասվածք կամ գանգատ, թե ոչ:

Ազատությունից զրկված անձանց բուժումն եւ առանձին բժշկական միջամտություններն իրականացվում են առանց նրանց գրավոր համաձայնության: Այսինքն՝ նրանք առանց իրազեկված համաձայնության ստանում են բուժում, ենթարկվում բժշկական հետազոտությունների եւ այլ միջամտությունների. բացառություն են կազմում միայն ՄԻԱՎ վարակակիր ազատությունից զրկվածները եւ հոգեբուժական բաժանմունքում հաշվառված ստացիոնար բուժում ստացողները: Լուրջ խնդիր է ազատությունից զրկված անձանց մոտ հայտնաբերված վնասվածքների նկարագրությունը, որ իրականացվում է թերություններով: Օրինակ՝ համապատասխան մատյանի «մարմնական վնասվածների առկայություն» սյունակը հիմնականում լրացվում է մեկ բառով՝ «կա» կամ «չկա», բայց կան նաեւ դեպքեր, երբ բժշկական զննության արդյունքներ ընդհանրապես առկա չեն:

Սրանից բացի, երբ ազատությունից զրկված անձի մոտ արձանագրվում է վնասվածք, այն չի ներառում օբյեկտիվ բժշկական զննության արդյունքների ամբողջական պատկեր. չեն նկարագրվում վնասվածքների հստակ անատոմիական տեղակայումը, գույնը, մակերեսը եւ վնասվածքը նկարագրող այլ չափանիշներ:

Դիտարկվել են դեպքեր, երբ արձանագրություններում բացակայել է բժշկի եզրակացությունը վնասվածքի օբյեկտիվ նկարագրության եւ դրա մասին ազատությունից զրկված անձի հայտարարության համադրության վերաբերյալ: Հիվանդության պատմագրում բացակայել են դեղորայքային բուժման նշանակման հիմնավորումները եւ առողջական վիճակի դինամիկայի նկարագրությունները, առկա են բազմաթիվ ջնջումներ ու բացթողումներ: Գոյություն չունեն բժշկական փաստաթղթերի պահման եւ արխիվացման ընթացակարգեր: Դիտարկված բաժանմունքներում դուրս գրված պացիենտների հիվանդության պատմագրերը պահվում են հենց բաժանմունքներում՝ տարբեր պահարաններում կամ հատակին: Մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրվել են ժամկետանց դեղեր:

Լուրջ խնդիրներ են առկա՝ կապված բժշկական թափոնների հետ, որոնք թափվում են կենցաղային աղբի հետ, ինչն անթույլատրելի է: Կոպիտ խախտումներով են կիրառվում զսպման միջոցները, որին առավել մանրամասն անդրադարձ կլինի առանձին: Նկարագրվածը բժշկական օգնությանը վերաբերող խնդիրների փոքր մասն է: Հիմնական մասը մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ ուղարկել է Արդարադատության նախարարություն՝ համապատասխան առաջարկներով ու պարզաբանումների պահանջով:

Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն արձանագրված խնդիրների լուծման հարցում:

Ն. Հ.

 

77 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ փաստական տվյալներ:

Երեւանի քաղաքապետարանը սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության թույլտվություն է տվել Դավիթաշենի 3-րդ թաղամասի՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում բազմաբնակարան բնակելի շենք կառուցել: Ըստ նախագծի` շենքը պետք է ունենար մեկ կիսանկուղային, երեք վերգետնյա եւ մեկ մանսարդային հարկ: Սակայն ընկերության տնօրենը, լիցենզիա ունեցող կազմակերպության հետ կապալի պայմանագիր կնքելու փոխարեն, կազմակերպել եւ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. չպարզված աղբյուրներից շինանյութեր ձեռք բերելու, նաեւ առանց գրանցման կամ աշխատանքային պայմանագիր կնքելու, կանխիկ վարձատրությամբ շինաշխատանքներին անհատների ներգրավելու եղանակով, այսինքն` առանց հաշվապահական որեւէ հաշվառում վարելու, իրականացրել է օբյեկտի կառուցապատումը: Բացի այդ, շեղվելով նախագծից` կառուցվել է վերգետնյա յոթհարկանի բազմաբնակարան շենք, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է ավելի քան 77 միլիոն դրամի վնաս: Հարուցվել է քրեական գործ:

 

 

ԳՈՐԾԸ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը 2021թ. փետրվարի 26-ին Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորիչ հասեցում գտնվող շենքերից մեկի մոտ նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել Լոռու մարզի 58-ամյա բնակչի մարմնի տարբեր մասերին, ապա նույն դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս օգնության հասած եղբորը՝ նրանց առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

ԿԱՇԱՌՔ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի հանգամանքները:

 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. միասնական քննությունների մասնակցի մայրը՝ Երեւանի 49-ամյա բնակչուհին, նախկին ամուսնու օժանդակությամբ, 2021թ, հուլիսի 1-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետին առանձնապես խոշոր չափերի՝ 1.487.520 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՍՆ դոլար կաշառք է տվել՝ անգլերեն լեզվի քննությունից առաջ վերջինիս կողմից մշակված թեստերի պատասխանները նախապես դստերը տրամադրելու եւ դրա արդյունքում քննությանը բարձր գնահատական ապահովելու համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Երեւանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նրա նախկին ամուսնուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:




Լրահոս