Երեկ ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ նախատեսում է կրճատել զինծառայության ժամկետները՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Այս հայտարարությունը ՀՀ կառավարությունը անում է այն ժամանակ, երբ Սյունիքի N զորամասի դիրքերից մեկում՝ դոմիկում, հայտնաբերվեցին 3 ժամկետային զինծառայողների՝ 2002 թվականի ծնվածներ Մուրադ Մուրադյանի, Լեւոն Հարությունյանի եւ Գոռ Սահակյանի դիերը: Դեռեւս իրավապահների համար մնում է հանելուկ, թե ինչպես են մահացել տղաները. զինվորները միմյանց վրա կրակեցի՞ն, թե՞ դիվերսիա իրականացվեց: Թերեւս երկար կքննեն հարցը: Հիմա դառնանք կառավարության առաջարկին, որն, իհարկե, առաջին հայացքից լավ փոփոխություն է: Բայց ինչո՞ւ հենց այս դեպքից հետո կառավարությունը հիշեց, որ պիտի հայտարարի պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման մասին: Թերեւս հասկանալի է, որ սահմանի ողբերգական դեպքից հետո հասարակության ընդվզումը մեղմելու համար է դա արվել, որպեսզի զինվորների ծնողները չմեղադրեն վարչապետին՝ թե սա էր արդյոք Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագան: Սակայն նկատենք, որ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններից առաջ արդեն զինվորների շրջանում լուրեր էին տարածել, որ գնան, 3-րդ համարի քվեաթերթիկը վերցնեն, ընտրեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ծառայության ժամկետը կրճատվի, ինչը Սոթք համայնքում ընտրության մասնակից բոլոր զինվորները անում էին մեկ մարդու պես: Իհարկե, դժվար է ասել՝ ժամկետների փոփոխությունը կազդի արդեն ծառայող զինվորների վրա, թե ոչ, բայց փաստ է՝ կառավարությունը մեծ հաշվով վճարում է զինվորներին ամիսներ առաջ խոսք տված 3-րդ համարի քվեաթերթիկը վերցնելու գինը:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը պատրաստվում է մեկնել հանգստի, որը կանցկացնի Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում: Ըստ մեր տեղեկությունների՝ կառավարության ղեկավարն իր ընտանիքով այնտեղ կմեկնի օգոստոսի 26-ից: Ինչո՞ւ հենց Սոչի, արդյոք այդ քայլով Փաշինյանը նպատակ ունի՞ Ռուսաստանի իշխանությանը ցույց տալ իր վերաբերմունքը՝ իբրեւ ՌԴ-ի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք, եւ ակնկալում է իր այդ քայլի դիմաց փոխհարաբերությունների ջերմացում: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից պարզել, թե ինչու է Ն. Փաշինյանը ընտրել Սոչիում հանգիստը, սակայն Գեւորգյանի հեռախոսն անջատված էր ողջ օրը, ու, ընդհանրապես, վերջին ժամանակահատվածում նրան գտնելն անհնարին է դարձել: Հավելենք, որ օգոստոսի 24-ին հայրենի կառավարությունը պետք է ներկայանա խորհրդարան՝ կառավարության ծրագիրը ներկայացնելու։ Հնարավոր է՝ վարչապետն անգամ խորհրդարան չգա՝ գերադասելով մեկնել արձակուրդ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 12-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին մասնակցելու համար հայրենի իշխանությունը թեկնածու է փնտրում: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը նպատակ ունի պալատը եւս իր հսկողության տակ վերցնել, քանի որ ներկայիս նախագահ Արա Զոհրաբյանին իշխանությունը չկարողացավ իրեն ենթարկեցնել, եւ հիմա փորձում են իրենց հավատարիմ մարդու բերել՝ ՓՊ-ն ամբողջությամբ վերահսկելի դարձնելու համար: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լավ իրավաբան, մասնագետ առաջարկել, որպեսզի կարողանա մասնակցել նախագահի ընտրություններին: Նշենք, որ Փաստաբանական պալատի նախագահի ընտրությունների քարոզարշավը սկսվելու է օգոստոսի 21-ից, իսկ մինչեւ օգոստոսի 20-ը ներառյալ կլինեն թեկնածուների առաջադրումները։ Այսինքն՝ այսօր՝ մինչեւ օրվա ավարտը, իշխանությունը պետք է հստակեցնի՝ արդյոք ունենալու է իր թեկնածուն, թե այդպես էլ հարմար թեկնածու չունենալու պատճառով չի մասնակցելու ընտրություններին: Հայտնի է, որ ՓՊ նախագահի թեկնածու է առաջադրվել Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, որն իշխանության համար մերժելի թեկնածու է, քանի որ վերջինս Զոհրաբյանի թիմից է համարվում: Մեր աղբյուրները չեն բացառում, որ իշխանության թեկնածուն կարող է լինել անգամ ԱԺ նախկին իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Նրան այս անգամ իշխանությունը ԱԺ ընտրությունների ընտրացուցակում չտեղավորեց: Նիկոլայ Բաղդասարյանի մասին խոսելիս փաստաբան գործընկերները մշտապես ասում են, որ նրա մանկության երազանքն է Փաստաբանների պալատի նախագահ դառնալը։ Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականի ապրիլին Արա Զոհրաբյանը Նիկոլայ Բաղդասարյանին հեռացրեց ՓՊ տնօրենի պաշտոնից, որից հետո Բաղդասարյանն ամեն կեղտոտ քայլ իրականացրել է Զոհրաբյանի դեմ: Հավելենք, որ Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը եւս կասեցվել է, քանի որ նա հանդիսանում է հանրային պաշտոն զբաղեցնող անձ՝ վարչապետի խորհրդական:
Հայաստանի առողջապահության նախարարությունը մի շարք քաղաքացիների անհարմար դրության մեջ է գցել. երեւանյան որոշ պոլիկլինիկաներում «Սպուտնիկ-V» պատվաստանյութ չկա, որպեսզի քաղաքացիները ստանան իրենց երկրորդ դեղաչափը: Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ քաղաքացիներից հեռախոսազանգ է ստանում: Նրանց խոսքերով՝ իրենք մոտեցել են իրենց տարածքային պոլիկլինիկա՝ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալու համար, սակայն բուժհաստատությունից փոխանցում են, որ չունեն. «Ասում են՝ գնացեք, կստանանք, կկանչենք»: Անգամ նախապես քաղաքացիներին չեն զգուշացրել չմոտենալ պոլիկլինիկա: Սա անթուլատրելի է, քանի որ առաջին պատվաստումը ստանալուց որոշ ժամանակ հետո պետք է մարդը պատվաստվի: «Ժողովուրդ» օրաթերթը խնդրի առնչությամբ դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի բաշխումն իրականացվել է, սակայն որոշ պոլիկլինիկաներում այն արդեն վերջացել է, իսկ որոշներում կա: «Նոր քանակների ձեռք բերման համար բանակցություններն ընթացքի մեջ են։ Պայմանավորվածության համաձայն՝ սպասում ենք «Սպուտնիկ-V» -ի նոր խմբաքանակի»: Թեեւ Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրին, որ առաջիկայում նոր խմբաքանակը Հայստանում կլինի, եւ մարդիկ իրենց հասանելիք երկրորդ դեղաչափը կստանան, բայց քաղաքացիները մտահոգված են, որ պատվաստման ժամկետների խախտումները կարող են վնասակար լինել: Ավելին՝ 2-րդ դեղաչափը ստանալու կոնկրետ ժամկետ նախարարությունից չնշեցին: Ստացվում է՝ մի կողմից մարդկանց կամավոր ձեւով պատվաստվել են պարտադրում, մյուս կողմից՝ չեն ապահովում պատվաստանյութով: Ահա թե ինչպես է կազմակերվում եւ կառավարվում կորոնավարակի դեմ պայքարը: