Հայաստանի կառավարությունը նախատեսում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի. ժամկետային եւ զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի:
Այս մասին նշված է ՀՀ կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության ծրագրում, որն ընդունվել է կառավարության կողմից եւ առաջիկայում կուղարկվի խորհրդարան: Ծրագրում նշվում է, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների մեկնարկած լայնածավալ գործընթացը բաղկացած է եւ՛ կառուցվածքային, եւ՛ բովանդակային փոփոխություններից: «Հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Սրանով կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական եւ թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները»,-ասված է ծրագրում: Նշվում է, որ կառավարությունը բարձրացնելու է Զինված ուժերի կառավարման եւ ղեկավարման համակարգի արդյունավետությունը: Իրականացվելու են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ու պաշտպանության կազմակերպման ընթացակարգերի հստակեցմանը, այդ թվում՝ պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների պաշտպանության ոլորտին առնչվող լիազորություններն ու պարտականությունները: Վերանայվելու է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակվելու է նոր ռազմական դոկտրին, պետության պաշտպանության պլան, կատարելագործվելու են պետությունը պաշտպանության նախապատրաստելու գործիքակազմերն ու ընթացակարգերը: Զինված ուժերի կառավարման եւ ղեկավարման արդյունավետության բարձրացման եւ որոշումների կայացման ժամանակահատվածը կրճատելու նպատակով ներդրվելու է միասնական ավտոմատացված կառավարման այնպիսի համակարգ, որն ապահովելու է ժամանակակից ռազմական գիտությանը համահունչ արագ եւ առաջանցիկ որոշումների կայացումը: Այդ նպատակով Զինված ուժերի կառավարման եւ զորային օղակներում իրականացվելու են կազմակերպչական եւ հաստիքային փոփոխություններ: Առաջադրված խնդիրների լուծման նպատակով կազմավորվելու են մեծ շարժունակությամբ եւ կրակային հզորությամբ, երկար ժամանակ ինքնուրույն մարտական գործողություններ վարելու ունակ զորամիավորումներ ու ստորաբաժանումներ: Ծրագրի համաձայն՝ կառավարությունը շարունակելու է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման եւ նոր նմուշների ձեռքբերման գործընթացները: Առավել նպատակային քաղաքականություն է իրականացվելու դաշնակից եւ գործընկեր պետությունների հետ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: Հատուկ կարեւորություն է տրվելու այդ ոլորտում դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես՝ ընդլայնվելու է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, որն առաջնահերթ ուղղվելու է համատեղ ուժերի (համակարգերի) ռազմական ներուժի ավելացմանը եւ երկու պետությունների զինված ուժերի առավելագույն փոխգործունակության ապահովմանը: Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը։ Կյանքի են կոչվելու տարածքային պաշտպանության համակարգի, ակտիվ պահեստազորի եւ աշխարհազորայինների պատրաստման ծրագրերը: Ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների միջոցով կատարելագործվելու է ՀՀ պետական սահմանի պահպանության համակարգը: Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել եւ լինելու է զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական եւ սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործելու է զինծառայության գրավչության եւ զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները։ Զինծառայողների աշխատավարձերի եւ այլ վճարների բարձրացումը, բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության ծրագրերը, պատերազմի հետեւանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական եւ առողջապահական ծրագրերը նոր թափ են ստանալու:
«Հայաստանի Հանրապետությունունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու եւ վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,- ասված է ծրագրում:
Ն. Հ.
254 ԳՅՈՒՂ ԿԽՈՇՈՐԱՑՎԻ
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր է 254 գյուղ խոշորացնել. ներգրավված է լինելու թվով 254 համայնք, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է թվով 26 համայնք: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 26 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Մեծաձոր, Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Վեդի, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Բաղրամյան, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սեւան, Վարդենիս, Լոռու մարզի Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Գառնի, Հրազդան, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքային փնջերում: Նշենք, որ խոշորացման ենթակա գյուղերի բնակիչներն ու գյուղապետերը հիմնականում դեմ են այս ծրագրին եւ իրենց մտահոգությունները բազմիցս են արտահայտել: Շատերի կարծիքով՝ այս ծրագրի իրագործման արդյունքում առանց այդ էլ սոցիալական խնդիրներ ունեցող բնակավայրերում աշխատատեղերը կպակասեն, եւ հիմնահարցերը կավելանան: Սակայն գյուղապետերը մտահոգված են՝ խոշորացման արդյունքում համայնքային սեփականության իրավունքը փոխանցվում է համայնքային կենտրոններին, որին իրենք դեմ են: Նրանց խոսքով՝ ճիշտ կլինի գյուղերի կառավարումը խոշորացնել, ոչ թե համայնքի եղած սեփական գույքը` արոտավայրերը, շենք-շինությունները:
ԱՎԵԼԱՑԵԼ է
Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ծավալներն ավելացել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2019-2021 թվականների ընթացքում ներմուծվել է ավելի քան 5200 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, իսկ 2018 թվականին՝ ընդամենը 12 էլեկտրամոբիլ: Միայն 2019-2020թթ. հանրապետություն է ներմուծվել ավելի քան 265 հազար տրանսպորտային միջոց, որից միայն 2 հազար 800-ը բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցներ են: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանի կառավարությունը որոշել է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն սահմանել մինչեւ 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծման եւ օտարման համար: Ավելին, ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառման ժամկետը կերկարաձգվի երեք տարով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը, ինչի շնորհիվ կնվազեն բեռնատար ավտոմեքենաների վնասակար արտանետումները: Իսկ ինչպես հայտնի է, բեռնատար տրանսպորտային միջոցները մեծամասամբ աշխատում են դիզելային վառելիքով, ինչի օգտագործումը հանդիսանում է շարժական աղբյուրներից օդի աղտոտման հիմնական պատճառներից մեկը: Բացի այս, 2018-2020թ. ՀՀ գրեթե բոլոր մարզերում տեղադրվել են 20-ից ավել լիցքավորման կայաններ։ ԿԳՄՍ նախարարության կողմից 2021/2022թթ. նախատեսվում է միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների շարքում ընդգրկել նաեւ «Էլեկտրոմոբիլների տեխնիկական սպասարկման եւ նորոգման տեխնիկ» մասնագիտությունը։
ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՎ ԱԶԱՏՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավագ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ: Նշենք, որ օգոստոսի 18-ին, վարչապետի որոշմամբ, Ավագ Ավանեսյանն ազատվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արփինե Առաքելյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի վճիռների եւ որոշումների կատարման վարչության պետ, իսկ Էդուարդ Պետրոսյանը՝ միասնական սոցիալական ծառայության պետ:
ՊԵՏՔ Է ԲԱՑԱՏՐԵՆ
«Մենք բազմիցս հայտարարել ենք՝ ՀՀ իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչի շուրջ են բանակցում»,- ասել է խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ թշնամու վարքագիծն ու մոտեցումները քաջ հայտնի են. Բաքուն, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձում է պոկել առավելագույնը: «Այս ֆոնին Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս լկտի եւ սադրիչ հայտարարություններով, այդ թվում՝ Վարդենիսի, Սյունիքի եւ Սեւանի մասին: Ամենակարեւոր հարցն այն է, թե ինչպիսին է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս իրավիճակում: Ոչ ոք դեմ չէ բանակցություններին, բայց չպետք է բանակցություններ վարել ճնշման արդյունքում: Ավելին, այդ բանակցությունների արդյունքում մենք չենք կարող նոր զիջումների գնալ: Կան հարցեր, որոնք անպատասխան են մնում, իսկ մարդիկ, ովքեր հայտնվել են Հայաստանում իշխանության մեջ, ի վիճակի չեն սպասարկել Հայաստանի Հանրապետության շահերը»,- ընդգծեց խորհրդարանի փոխխոսնակը: Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Մոսկվայում Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը վերսկսեց աշխատանքը:
12 ՄԻԼԻՈՆԻ ՎՆԱՍ
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել: Պարզվել է, որ մի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն 2015-2018 թվականներին, առանց հատուկ թույլտվության, այն է՝ փոստային կապի բնագավառում սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության մատուցման լիցենզիայի, որի տարեկան պետական տուրքը կազմում է 3 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի շրջանակներում սուրհանդակային կապի ծառայություններ է մատուցել մի շարք իրավաբանական անձանց, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է 12 միլիոն դրամի վնաս։ Հարուցվել է քրեական գործ: