3 ՏԱՐԻՆԵՐԻՆ՝ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը սկսվել է նախորդ դարի 90-ականներից։ 2001 թվականի հունվարի 25-ին Հայաստանը անդամակցեց Եվրոպայի խորհրդին, որն է՛լ ավելի խորացրեց Եվրոպական ընտանիքի հետ երկկողմ հարաբերությունները եւ բազմաթիվ ոլորտներ ընդգրկող նոր օրակարգ առաջադրեց։ Ուշագրավ է, որ մեր անդամակցությունը տեղի ունեցավ Ադրբեջանի հետ միասին,  որովհետեւ Եվրոպայի խորհուրդը, հաշվի առնելով արցախյան հակամարտության առկայությունը եւ նախապատվությունը մեկ երկրի չտալու համար, որոշեց Հայաստանին եւ Ադրբեջանին ընդունել միաժամանակ:

 

2000-ականներից նոր թափ ստացան Հայաստան-ԵՄ ծրագրերը, եւ մի քանի փուլերով ԵՄ-ն խոշոր ներդրումային ծրագրեր իրականացրեց պետական եւ ոչ պետական հատվածների կարողությունների ուժեղացման ուղղությամբ, մասնավորապես՝ 2007-2013թթ. ԵՀՔԳ գործիքով 285.1 մլն եվրոյի օժանդակություն ցուցաբերեց Հայաստանին, 2014-2017թթ. ԵՀԳ գործիքով՝ 140-170 մլն եվրոյի, իսկ 2017-2020թթ.՝ 160 մլն եվրոյի:

Հիշեցնենք, որ 2015 թվականին ավարտվեցին ԵՄ-ի ամենամեծ գիտահետազոտական եւ նորարարական ծրագրում՝ «ՀՈՐԻԶՈՆ 2020-ում» Հայաստանի մասնակցության շուրջ բանակցությունները, իսկ 2016թ.-ի մայիսին ստորագրվեց այդ ծրագրի շրջանակում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը:  «ՀՈՐԻԶՈՆ 2020-ի» միջոցով տրամադրվում է ֆինանսավորում գիտահետազոտական եւ նորարարության ոլորտին, եւ աջակցություն՝ փոքր եւ միջին ձեռնարկություններին։

2015թ.-ի վերջին ստորագրվեց Փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին) ուղղված եվրոպական COSME ծրագրին Հայաստանի մասնակցությունը հաստատող փաստաթուղթը։ Ծրագիրը խթանում է ձեռնարկատիրությունը եւ ձեռնարկատիրական մշակույթը, մեծացնում է ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների մատչելիությունը եւ նպաստում ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը։

2016-2020 թթ. ընթացքում ԵՄ-ն  տրամադրել է շուրջ 23 մլն եվրո ֆինանսավորում Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը:  Միջոցառումներն ընդգրկել են ՓՄՁ քաղաքականության իրականացումից մինչեւ ֆինանսական միջոցների հասանելիությանն ուղղված գործողություններ:

Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ուներ նաեւ այն, որ 2016թ. ԵՄ ամփոփեց Հայաստանի հետ նոր Ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները, իսկ գործող իշխանությունների օրոք Քաղավիացիոն կոմիտեի սխալ աշխատանքի հետեւանքով հայկական երկու ընկերություններ զրկվեցին դեպի Եվրոպա չվերթների իրավունքից։

Հարկ է եւս մեկ անգամ ընդգծել, որ 2016 թվականի դրությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ուներ 129 գործող ծրագրեր՝ 269 մլն եվրո ընդհանուր բյուջեով։

Ամփոփելով  արձանագրենք, որ վերջին տասնամյակներում՝ ամեն տարի, ՀՀ-ԵՄ երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրեր են կնքվել, իսկ վերջին երեք տարիներին նոր համաձայնագրերի մասին տեղեկատվությունը բացակայում է կամ խոստումների մակարդակի վրա է։

2021 թվականի հուլիսի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց աննախադեպ ԵՄ-ի 2,6 մլրդ եվրոյի օժանդակության մասին։ Սակայն իրականությունն այն է, որ 2,6 միլիարդը անհատույց չէ, այլ հիմնականում վարկ է (մոտ 1,4 մլրդը` նույն միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝   IMF, WB, EBRD, EDB, ADB եւ այլն, բայց հնարավոր է ԵՄ գործիքների կիրառմամբ՝ չնչին ցածր տոկոսով), 1 միլիարդ եվրոն մասնավոր ներդրումների մասին խոստումներ են՝ 5-7 տարիների համար, եւ միայն 200 միլիոն եվրոն է որպես անհատույց օժանդակություն։ Ի դեպ, այդ  200 միլիոնն անհատույց գումարը տրամադրվելու է  5 տարվա ընթացքում, այսինքն՝ տարեկան 40 մլն եվրո: Հատկանշական է, որ գործող իշխանությունները ԵՄ-ի 2,6 մլրդ եվրոյի խոստումը ներկայացնում են որպես իրենց վերընտրվելու արդյունք։

Համեմատության համար պետք է նշել, որ մինչ 2018 թվականը ԵՄ-ից տարեկան 50-55 մլն եվրո անհատույց բյուջետային աջակցություն էր հատկացվում  Հայաստանին,  առանց Արցախը հանձնելու, առանց բանակը քանդելու, առանց հազարավոր զոհերի եւ վիրավորների։

 

 

 

ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԵՐԸ ՔԻՉ ԵՆ

Օգոստոսի 17-ին  տեղի է ունեցել Տավուշի մարզխորհրդի նիստ, որը վարել է մարզպետ Հայկ Ղալումյանը։ Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, ներկայացնելով  մարզում  գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, հայտնել է, որ ավարտվել են  2000 հեկտար  արտհնձի աշխատանքները։ Ցորենի միջին բերքը կազմել է 21, գարունը՝ 19 ցենտներ, այս տարի Տավուշի մարզում  շուրջ 12 հազար տոննա խաղողի բերք է սպասվում, որից 8700 տոննան մթերման ենթակա է։ Տավուշի մարզպետարանը  հայտնում է, որ մարզից արտահանվել է 95 տոննա թուզ եւ  350 տոննա դեղձ։ Շարունակվում է պետական աջակցության ծրագրով աշնանացանի սուբսիդավորման ծրագիրը,  աշնանացան  սերմացու ձեռք բերելու համար դրա մատակարարների տվյալները  փոխանցվել են  Տավուշի համայնքապետարաններին։

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ Է ԱՐԵԼ

2021թ. փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջան  խոշոր  համայնքի ղեկավարի   պաշտոնակատար նշանակվեց 1984թ. ծնված  Դավիթ Սարգսյանը։ Նա ավարտել է Դիլիջանի պետական քոլեջը, տնտեսագետի եւ հաշվապահական հաշվառման մասնագետի որակավորում ունի, այժմ հեռակա կարգով սովորում է Հայաստանի Եվրոպական համալսարանում։ Դ. Սարգսյանին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու գործում մեծ  դեր է ունեցել նրա  ընկեր, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի  Սիփան Փաշինյանը։ Համայնքի ղեկավարի պաշտոնկատարը կադրային ջարդ է իրականացրել։ Դ. Սարգսյանի որոշումներով 2021թ. մարտի 12-ից դադարեցվել է Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական Պապիկ Թամամյանի պաշտոնավարումը, նույն օրը համայնքի ղեկավարի խորհրդական է նշանակվել Աշոտ Թամրազյանը, մարտի 12-ից դադարեցվել է համայնքի ղեկավարի օգնական Կարեն Սաղաթելյանի պաշտոնավարումը, համայնքի ղեկավարի օգնական է նշանակվել Յուրի Ալիխանյանը,  մարտի 26-ից դադարեցվել է Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ  Արա Մարտիրոսյանի պաշտոնավարումը, նույն օրը Արման Բազինյանը նշանակվել է համայնքի ղեկավարի տեղակալ, ապրիլի 22-ին պաշտոնից ազատվել է «Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ տնօրեն Եղիշե Ավագյանը, ապրիլի 27-ին համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնից ազատվել է Լեւոն  Ավագյանը, համայնքի խորհրդական է նշանակվել Արտակ Բոջիկյանը, մայիսի 21-ից «Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն  Գրետա Աթաբեկյանն ազատվել է   զբաղեցրած պաշտոնից։ Դ. Սարգսյանի հուլիսի 1-ի որոշումներով՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են Հովքի վարչական ղեկավար Գրիգոր Գեւորգյանը, Դիլիջանի համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Գոհար Դավթյանը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

«Փոփոխությունները, որոնք պետք է ընդունվեն, անհետաձգելի բնույթ են կրում, որպեսզի մենք կարողանանք ավելի բարենպաստ միջավայր ապահովել երեխաների համար»,- օգոստոսի 19-ին՝ Ընտանեկան օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքում կան լուրջ բացթողումներ, որոնք կուտակվել են ոչ մեկ կամ երկու տարում։ «Խոսքը փոխկապակցված խնդիրների մասին է, որոնք պետք է լուծել մի շարք օրենսդրական փաթեթների համատեքստում, ինչպես նաեւ գործնական հարթությունում»,- ավելացրեց պաշտոնյան։

 

Նա հույս հայտնեց, որ օրինագիծը կընդունվի աշնանը, ինչից հետո կարելի է ընդունել նաեւ ենթաօրենսդրական ակտեր խնդիրների լուծման համար, այդ թվում՝ որդեգրման հետ կապված։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանը պարզաբանեց, որ խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել օրենսդրական մակարդակով, կապված են որդեգրման, խնամակալության, կենսաբանական ընտանիքի հետ միավորման գործընթացների, այդ գործընթացներում երեխայի կարծիքը հաշվի առնելու, ծնողների իրավունքները պաշտպանելու եւ այլնի հետ։ Նա ասաց, որ նախագծի հիմքում ընկած է չորս սկզբունք՝ կենտրոնական օղակը՝ երեխայի շահը, երեխայի կյանքի իրավունքի իրականացումն ընտանիքում, երեխայի դաստիարակության կազմակերպումն ընտանեկան միջավայրում, եթե հնարավորություններ չկան՝ դա անել կենսաբանական ընտանիքում, ինչպես նաեւ ընդհանրապես երեխայի իրավունքների պաշտպանությունը։

Անահիտ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ օրենքով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում, որոնք արգելում են որդեգրումը, Հայաստանի քաղաքացուն տրվում է դրական եզրակացություն, որն ուժի մեջ է տրման պահից սկսած՝ 12 ամսվա ընթացքում։

Նրա խոսքով՝ դա շատ կարճ ժամկետ է։ «Որդեգրման գործընթացում կարեւոր սկզբունք է համադրումը։ Կան բացթողումներ նաեւ որդեգրման ենթակա երեխաների առողջական վիճակի գնահատման, երեխաների եւ որդեգրողների տարիքների միջեւ տարբերության հաշվառման հարցերում։ Շատ կարեւոր է նաեւ ընտանիքին աջակցություն ցուցաբերելու հարցը, որը որդեգրում է երեխային, քանի որ խնդիրներն այս ոլորտում երբեմն հանգեցնում են այն բանին, որ երեխաներին վերադարձնում են խնամակալ մարմիններին։ Ինչ վերաբերում է խնամակալությանը, ապա այդ ինստիտուտը եւս չի կարելի կայացած համարել, քանի որ կա տարիքային ցենզի վերանայման, սպասարկումների ցուցաբերման որակի բարելավման եւ էլի շատ բաների անհրաժեշտություն»,- ընդգծեց նախարարության ներկայացուցիչը։

 

 

 




Լրահոս