ArmLur.am-ը զրուցել է ԱԺ նախկին ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ` պարզելու համար, թե ինչպես են գնահատում նոր ընդդիմության աշխատանքը: Նախկին պատգամավորը նշեց, որ հանրությունը վստահ էր, որ իրենք նոր խորհրդարանում լինելու են, ու հավելել, թե որն է եղել իրենց թերացումը:
-Տեւական ժամանակ է՝ հայրենի իշխանությունները մոռացել են, որ մենք գերիներ ունենք. որեւէ արձագանք չկա: Միջազգային կառույցներին ուղղված նամակները նույնպես մոռացվել են: Հիմա միայն քաղաքական գործընթացներ են տեղի ունենում: Ինչո՞ւ է այս վիճակը: Ի՞նչ պետք է անենք, որպեսզի մեր գերիներին վերադարձնենք, քանի որ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն, պետք է վերադարձնենք մեր բոլոր գերիներին:
-Իշխանություններն աշխատում են հանրային ճնշման ազդեցության տակ, այսինքն՝ որքան մեծ է հանրային ճնշումն այդ հարցի վերաբերյալ, այնքան նրանք շահագրգռված են շատ արագ լուծելու խնդիրը: Ընտրություննենրից հետո ամառ է, մարդիկ գրեթե չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, նաեւ մոռացել են, որ մենք եղել են պատերազմի մեջ եւ շարունակում ենք դեռ մնալ: Եվ այս առումով հանրային ճնշումը թուլացել է, եւ իշխանությունները հայտնվել են հարմարավետության գոտում: Ես կարդացել եմ կառավարության ծրագիրը, որտեղ նշված է, որ ռազմագերիների հարցով շարունակվելու են աշխատանքները: Այնպես չէ, որ իշխանությունը լրիվ մոռացել է, բայց այս պահին առաջնահերթությունների հարցում չէ, որովհետեւ ծառացել են այլ խնդիրներ՝ սահմանին կրակում են, լարված է, եւ այդ ամենը հաշվի առնելով՝ նման վիճակ է ստեղծվել:
-Ինչո՞ւ մենք չենք կարողանում սահմանի լարվածության հարցին լուծում տալ: Իշխանության մի հատված պնդում է, որ իրենք աշխատում են, բանակցում են, բայց ադրբեջանական կողմն ավելի ագրեսիվ է դառնում. զոհեր ունեցանք թե՛ Սյունիքի, թե՛ Գեղարքունիքի հատվածից: Ինչո՞ւ ենք մենք այսքան անզոր, խոսում են զինվելու եւ հզորանալու մասին:
-Պատերազմից հետո զորեղ լինելու համար մեզ պետք էր ժամանակ եւ քառակի ջանքեր, որպեսզի մենք կարողանայինք, շատ արագ բանակում բարեփոխումներ անել: Գոնե ժամանակավոր միջոցներով պետք է սահմանային կահավորում իրականացնեինք, որպեսզի սահմանապահները եւս իրենց հանգիստ զգային որոշ չափով: Որեւէ բան տեղի չի ունեցել: Մենք գիտենք, որ պատերազմից հետո իշխանությունը շարունակ զբաղվել է ներքաղաքական խնդիրներով, եւ սահմանի պաշտպանության հարցերը մղվել են 2-րդ կամ 3-րդ պլան: Հիմա այդ խնդիրն առավել քան կարեւորվում է, որովհետեւ Ադրբեջանի ճնշումն է մեծանում: Այսինքն՝ ճնշումը պետք է մեծացնել մեզ վրա, որպեսզի մենք հիշենք, որ սահմանի պաշտպանության համար պետք են բերափոխումներ: Որքան տեղյակ եմ, բարեփոխումների պլան կա, բայց նաեւ հաշվի առնել Ադրբեջանի ախորժակը, որը բացվել է պատերազմից հետո: Ալիեւի խոսքով՝ նույնիսկ կա փաստաթուղթ սեղանին դրված, որը իրենից ենթադրում է խաղաղության պայմանագիր եւ, իհարկե, միջանցքի վերաբերյալ խոսակցություն:
-Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանի ընդդիմադիրների աշխատանքն այս ուղղությամբ: Իրենք պնդում էին, որ գալու են եւ անցնելու հենց այս հարցերի լուծմանը, բայց դեռ կոնկրետ քայլեր չկան: Այս ընթացքում հետեւե՞լ եք՝ ինչպիսի ընդդիմություն է եկել խորհրդարան:
-Իրենք հայտարարում են, որ արմատական ընդդիմություն են, բայց այս վերջին ԱԺ նիստերը, պաշտոնի դասավորությունները ցույց տվեցին, որ արմատական ընդդիմության մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ հենց արմատական ընդդիմադիր ուժի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը խայտառակ կերպով հասավ փոխխոսնակի պաշտոնին: Էլ չխոսեմ մնացած պաշտոնների մասին:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՀԱՃՈՅԱՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ինչպես հայտնի է, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։ Նշենք, որ դատախազությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Նկատենք, որ Ռուբիկ Մխիթարյանը իր կայացրած որոշումներով առաջին անգամ չէ, որ հաճոյանում է իշխանություններին: Ինչպես հայտնի է, ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվել էր 2018թ. հուլիսի 27-ին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի որոշմամբ։ Օգոստոսի 13-ին այս որոշումը բեկանել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ արձանագրելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է։ Վճռաբեկ դատարանն էլ գործն ուղարկել էր Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։ Քոչարյանը երկրորդ անգամ կալանավորվել է 2018թ. դեկտեմբերի 7-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ։ Եվ, ահա, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տարած դատավորը հերթական անգամ հաճոյացավ իշխանություներին եւ կալանքի տարավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի թիմի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին:
ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ
«Ազգային ժողովի տարածքում լրագրողների գործունեությունը սահմանափակելու համար նախատեսված որոշումը չի քննարկվել ո՛չ լրագրողների, ո՛չ մասնագիտացված կազմակերպությունների հետ»,- հայտարարեց մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: «Ստացվում է, որ իշխանություններն անում են այն, ինչ ուզում են, իսկ մնացածը պետք է հաշտվեն»,-ասաց Թովմասյանը: Նա անդրադարձել է նաեւ Երեւանի «Ֆիզգորոդոկում» բարձրահարկ շենքի շինարարության դեմ բողոքի ակցիային, որի մասնակիցների հետ միջադեպեր են տեղի ունեցել ոստիկանության միջամտությամբ: Հանձնաժողովի ղեկավարը հայտարարեց, որ ոստիկանությունը կոշտ ուժ է կիրառել քաղաքացիների, այդ թվում` անչափահասի նկատմամբ: «Սա անընդունելի է, եւ նոր Հայաստանում դա չպետք է տեղի ունենար, բայց, ցավոք, տեղի է ունենում»,- ասաց պատգամավորը:
ԱԺ-Ն ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԻ ՀԱՐԹԱԿՆԵՐ
«ԱԺ-ն իր հերթին պետք է միանա Ադրբեջանից գերիների վերադարձի խնդրի լուծմանը, դրա համար օգտագործի բոլոր հնարավոր հարթակները»,- Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Թագուհի Թովմասյանի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանն օրինակ բերեց իրավապաշտպան կազմակերպության ղեկավար աշխատելու իր փորձը, երբ միջազգային կազմակերպությունների օգնությամբ հնարավոր եղավ գերությունից վերադարձնել տղաներին: Մեկ այլ խնդիր կապված է անհայտ կորած անձանց մասին առանձին օրենքի բացակայության հետ: Ալավերդյանը նշեց, որ 5 տարի պատգամավոր եղած ժամանակ մասնակցել է նման օրենք ընդունելու փորձերին: Չնայած ընդհանուր վերաբերմունքին` այն հնարավոր չեղավ ընդունել:
«Անհայտ կորածների ընտանիքների նկատմամբ երբեմն դաժան վերաբերմունք է ցուցաբերվում: Անհայտ կորած անձին մահացածի հետ հավասարեցնելու իրավիճակը մեխանիկական անդրադարձ է ստացել. մարդկանցից դատարանով կարգավիճակի ճանաչում են պահանջում: Դա անմարդկային վերաբերմունք է: Առանց օրենքի մենք չենք ունենա խելամիտ հանձնաժողով: Այն պետք է լինի անկախ, ոչ միջգերատեսչական, ոչ ինչ-որ մեկին կից: Եվ պետք է ասեմ, որ նախկինում հանձնաժողովն աշխատում էր, ընտանիքների նկատմամբ ուշադրությունը կար: Հիմա դա այդպես չէ: Կան անհայտ կորածներ, բայց հանձնաժողով չկա: Մենք պետք է աշխատենք ընտանիքների հետ: Ցանկացած պատերազմից հետո ամենացավոտ հարցն անհայտ կորածներն են»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովը ստեղծվել է 2007 թվականին եւ աշխատել է մինչեւ 2018 թվականը: Նոր իշխանությունները լուծարեցին հանձնաժողովը եւ այն մեծ աղմուկով վերստեղծեցին: Այդ ժամանակից ի վեր հանձնաժողովի գործունեության մասին լայն հանրությանը քիչ բան է հայտնի:
«Ընդդիմությունը պետք է բոյկոտի Հայաստանի խորհրդարանի աշխատանքը»,- հայտնել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունը պետք է նման կտրուկ գործողությունների դիմի, եթե չի ստանում իր կողմից բարձրացված հարցերի հստակ պատասխանները: «Ե՞րբ ենք խոսելու ժողովրդի անվտանգության ապահովման մասին: Ընդդիմությունը չպետք է խորհրդարան գնար: Այն, ինչ ասում են, անհասանելի է ներկայիս իշխանությունների կողմնակիցների համար, նրանց չեն լսում»,- հավելել է Ալավերդյանը:
Անդրադառնալով Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների նկատմամբ իրականացվող հետապնդումներին` նա նշել է, որ իշխանությունները ունակ չեն դիմակայել ադրբեջանցիների ագրեսիային, ուժ են կիրառում նրանց նկատմամբ, ովքեր պայքարել են թշնամու դեմ: «Նրանք, ովքեր այս մարդկանց դեմ գործողություններ են կատարում, նպաստում են Հայոց ցեղասպանության ծրագրի իրագործման ավարտին»,- ընդգծել է իրավապաշտպանը:
Ն. Պ.