«Հրապարակ» օրաթերթը գրում է.Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներից ոմանք դեռ չեն տեղավորվել իրենց աշխատասենյակներում։ Մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, որոնց բաժին են հասել նախկինում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Ելք» խմբակցության հատվածի սենյակները, դեռ իրենց կաբինետները չեն զբաղեցրել, քանզի վերանորոգում են։
«Պատվախնդիրների» խմբակցության միջանցքն ու աշխատասենյակներն այս օրերին վերածվել են իրական շինհրապարակի։ Գրեթե բոլորն իրենց սենյակները հիմնովին նորոգում են․ ամբողջովին դուրս են բերել հին գույքը, շարել միջանցքում։ Սենյակներում բանվորներ են աշխատում՝ ներկում են, գեղեցկացնում պատերը, հատակը, հետո պարտադիր նոր գույք կբերեն, որ նախկինների գույքը չօգտագործեն։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ, ում բաժին է հասել Էդմոն Մարուքյանի, դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի զբաղեցրած աշխատասենյակը, մյուս գործընկերներն էլ, որոնց սենյակները վերանորոգման մեջ են, այս օրերին յոլա են գնում Թագուհի Թովմասյանի ընդարձակ աշխատասենյակով, քանզի Թովմասյանին՝ որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի, ընդունարանով եւ հանգստի սենյակով ընդարձակ աշխատասենյակ են հատկացրել՝ նոր մասնաշենքում։ Այդտեղ էլ նախկինում Նաիրա Զոհրաբյանն էր նստում։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։