ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Հակոբջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Նկատենք, որ Արմեն Հակոբջանյանը Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբոր որդին է: Ասել է, թե Նիկոլ Փաշինյանը նախկինում քրեական գործերի մեջ թաթախված Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբոր որդուն է նշանակում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Իսկ ինչ էր արել նախկին քաղաքապետը:
2012թ.-ին Սյունիքի մարզպետարանը Սիսիանի քաղաքապետարանում իրականացրած վարչական հսկողության արդյունքում բացահայտել էր մի շարք խախտումներ: Դրանց հիմքով ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) քրեական գործ էր հարուցվել այն ժամանակվա համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Գրիգորյանի նկատմամբ եւ վերջինս ազատազրկվել էր երեք տարի ժամկետով: Նրա նկատմամբ կիրառվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը եւ համայնքի ղեկավարի նախկին տեղակալն ազատվել է պատիժը կրելուց: Անփոփոխ է մնացել որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասի փոխհատուցում Աշոտ Գրիգորյանից հօգուտ տուժողի 11 մլն 250 հազար դրամ բռնագանձման մասին դատարանի որոշումը:
Նույն հսկողության արդյունքներով 2014թ. մայիս-հունիս ամիսներին «խոշոր չափի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, խարդախություններ կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու» հիմքով քրեական գործ է հարուցվել լրատվական գործունեություն իրականացնելու նպատակով Սիսիանի քաղաքապետարանի հիմնադրած «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հովակիմյանի եւ ընկերության ֆինանսական պատասխանատու Հասմիկ Եսայանի նկատմամբ:
Սույն գործում որպես մեղադրյալներ ներգրավված են նաեւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանը եւ համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Աշոտ Գրիգորյանը: Ընդ որում, ըստ նախաքննության, վերջիններիս արարքը գնահատելիս նշվում է, որ պատշաճ չի կատարվել ծառայողական պարտականությունները, որի արդյունքում համայնքին անզգուշությամբ պատճառվել է էական գույքային վնաս, իսկ «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի աշխատակիցների դեմ քրեական գործը հարուցված է այն հիմքով, որ կեղծվել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ եւ այն օգտագործելով խարդախությամբ հափշտակվել է խոշոր չափի` 1 մլն 260 հազար դրամ գումար: