Հայաստանում ցանքատարածությունները նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ դրանք 2020 թվականին, 2019-ի համեմատ, 5200 հեկտարով պակասել են։
Օրինակ, եթե 2017 թվականին Հայաստանում ցանքատարածությունները կազմել են 294 հազար 500 հա, 2018-ին՝ 242 հազար 300 հա, 2019-ին՝ 227 հազար 900 հա, ապա անցյալ տարի դրանք կազմել են 222 հազար 700 հա։ Բայց սրան զուգահեռ նկատենք, որ մեկ տարվա ընթացքում պակասել է ցորենի ցանքատարածությունը: Այսինքն` 2017 թվականին ցորենի ցանքատարածությունը կազմել է 82 հազար 400 հա, 2018 թվականին` 66 հազար 700 հա, 2019-ին՝ 59 հազար 900 հա, իսկ անցյալ տարի՝ 59 հազար 400 հա: Ստացվում է, որ 500 հա-ով ցորեն գյուղացին անցյալ տարի, 2019 թվականի համեմատ, քիչ է մշակել: Մյուս կողմից նկատենք, որ ցորենի բերքատվությունը 2020 թվականին 2019-ի համեմատ ավելացել է, բայց 2018 թվականի համեմատ, հակառակը զգալի նվազել է:
Օրինակ, եթե 2016 թվականին Հայաստանում հավաքվել է 350 հազար 4500, 2017-ին՝ 176 հազար 400, 2018-ին՝ 187 հազար 500, ապա 2020-ին այն կազմել է 132 հազար տոննա ցորեն: Իհարկե 2019-ի համեմատ ցորենի բերքատվությունը ավելացել է 19 հազար 400 տոննայով: Բայց մասնագետների խոսքերով, հացահատիկի խնդիր Հայաստանն առաջիկայում կունենա, եթե չկարողանա Ռուսաստանից մեծ քանակությամբ ներկրել, քանի որ ռազմական դրության արդյունքում ստեղծված իրավիճակի պայմաններում Արցախում վարելահողերը կրճատվել են, և ընթացիկ տարում հնարավոր չէ Արցախից Հայաստան հացահատիկ ներմուծել։
Ս.Հ.