ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտական ավանում՝ «Ֆիզգարադոկում» «ՌԱՏԿՈ» ընկերությունը սկսել է նախապատրաստել ապօրինի կառուցապատման աշխատանքները, ինչը հարուցել է բնակիչների վրդովմունքը:

 

Ֆիզիկայի ինստիտուտի տարածքի բնակիչները, այդ թվում՝ երեխաները, ցույց էին իրականացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ: Նրանք փորձում են գրավել քաղաքապետարանի եւ մյուս պատկան կառույցների ուշադրությունը խնդրին:

2 օրում ոստիկանական աննախադեպ բռնությունների եւ անհամաչափ ուժի կիրառման արդյունքում կան 9 բերման ենթարկված, 1 սրտի կաթվածով հոսպիտալացված, 1 որովայնի հատվածում ուժեղ հարվածով հիվանդանոց տեղափոխված անչափահաս քաղաքացիներ: Բազմաթիվ քաղաքացիներ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Երեւանի ֆիզիկայի գիտավանի բնակիչ Սեդա Գրիգորյանը նշեց, որ բնակիչներից մի քանիսը գտնվում են քաղաքապետարանի շենքի ներսում, եւ իրենք հավաքվել են սատարելու նրանց. «Մենք պահանջում ենք, որ քաղաքապետն անձամբ ներկայանա ֆիզիկայի գիտավան, խոսի քաղաքացիների հետ եւ պատասխան տա իր կայացրած որոշման համար: Գիտավանը հիմնադրվել է խորհրդային տարիներին Ալիխանյան եղբայրների կողմից՝ որպես ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների ընտանիքների համար բնակավայր: Իհարկե, հիմա ոչ բոլորն են գիտնականների զավակներ, բայց այնտեղ 12 ակադեմիկոս է ապրել, եւ իրենց ընտանիքներն են բնակվում: Թաղամասն ունի իր որոշակի դիմագիծն ու համակեցության կանոնները, հետեւաբար ցածրահարկերի գոյությունը պատահական չէ»:

Նա հիշեցրեց, որ 2004թ. կեղծ նկուղի գոյության հիմքով տարածքի մի հատվածը վարձակալության են տվել, սեփականաշնորհել,  ինչը նա որակում է հանրային տարածքի զավթում կեղծ հիմքերով: Սեդա Գրիգորյանը պնդում է, որ գիշերը թունավոր նյութեր են լցնում, որպեսզի տարածքը չորանա եւ հիմք հանդիսանա ոմանց կառուցապատման ծրագրերի համար: Ըստ գիտավանի բնակչի՝  ներկայացվել է 12 հարկանի շենք կառուցելու նախագիծ՝ «ՌԱՏԿՈ» ընկերության կողմից, որը քաղաքապետարանի կողմից ներկայացվում է որպես բարեխիղճ կառուցապատող, ինչն իրականում այդպես չէ: «Մենք` քաղաքացիներս, բացահայտել ենք, որ, այսպես կոչված, բարեխիղճ կառուցապատողն իրականացրել է կեղծիքներ իր փաստաթղթային աշխատանքներում…4 դատական գործ կա կառուցապատողի դեմ, Կադաստրի հետ կապված աշխատանք կա, քաղաքապետարանն է խիստ փակ գործում: Ես չգիտեմ՝ քաղաքացիները քաղաքապետի հետ ինչ կարող են անել, որ 2,5 տարի ո՛չ նամակներին է պատասխանում, ո՛չ էլ հանդիպում է, սակայն ամենականաչ եւ գիտնականներով հարուստ թաղամասի բնակիչներին չի ընդառաջում: Վստահ չեմ կարող ասել, միգուցե քաղաքապետը գործարք ունի կառուցապատողի հետ»,-ընդգծեց Սեդա Գրիգորյանը:

 

 

ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ օրերս իրավապահներին է դիմել Վալինա Ղուլյանը. Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում իրեն է մոտեցել 50-55 տարեկան անծանոթ մի քաղաքացի, ներկայացել է որպես բարերար, որը դրամական օգնություն է բաժանում արցախյան պատերազմում զոհված եւ վիրավորված արցախցիների ընտանիքներին, խնդրել ցույց տալ զինհոսպիտալի գտնվելու վայրը, ում ինքը ուղեկցել է Մոսկովյան 23 հասցեում գտնվող զինհոսպիտալի հարակից այգի: Ճանապարհին ինքը անծանոթ քաղաքացուն հայտնել է, որ ծնունդով Արցախից է, եւ իր որդին նույնպես զոհվել է արցախյան պատերազմի ժամանակ:

Հասնելով նշված վայր՝ քաղաքացին, որպես օգնություն, իրեն առաջարկել է 4.000 ԱՄՆ դոլլար եւ պահանջել իրենից, որ ներկայացնի որդու մահվան վերաբերյալ Պաշտպանության նախարարության կողմից տրված տեղեկանքը՝ պատճառաբանելով, որ ինքը պետք է հաշվետվություն ներկայացնի բաժանած գումարների վերաբերյալ: Վ. Ղուլյանը անծանոթ քաղաքացուն հայտնել է, որ տեղեկանքը գտնվում է տանը, եւ այն բերելու համար, որպես ճանապարհածախս, անծանոթ քաղաքացին իրեն տվել է 15.000 դրամ եւ 2 հատ փակ ծրարներ՝ ասելով, որ դրանց մեջ 4.000 դոլար է, իսկ որպես տեղեկանքը բերելու երաշխիք՝ պահանջել եւ ստացել է իր ոսկյա մատանին եւ 1զույգ ոսկյա ականջօղերը: Ստանալով ծրարները՝ Վ. Ղուլյանը ցանկացել է գնալ տուն, սակայն մի քանի մետր քայլելուց հետո փոշմանել է, հետ է գնացել, սակայն նշված քաղաքացուն, ով խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է իր գույքը, չի գտել:

Այնուհետեւ, Վ. Ղուլյանը, բացելով ծրարները, ներսում հայտնաբերել է թվով 40 հատ 100 ԱՄՆ դոլարանոց հուշանվեր թղթադրամներ: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՑ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որն անցկացվել է տեսակապի միջոցով: Նիստին մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի ղեկավարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ինչպես նաեւ, որպես հրավիրյալ, Ուզբեկստանի նախագահը: Նիստի ընթացքում ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը, Աֆղանստանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

 

 

ԴԵՏԱԼՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Դիլիջանի ոլորաններում առաջին հայացքից թեփով բարձված «Զիլ» մակնիշի բեռնատարից ոստիկանները հայտնաբերել են արկղի 2000 դետալ։ Նախօրեին՝ գիշերը, Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնող Դիլիջանի բաժնի ծառայողները ստուգել են «Զիլ» մակնիշի բեռնատար, որը առաջին հայացքից բարձված էր թեփով պարկերով։ Ստուգման արդյունքում պարկերի տակ հայտնաբերվել է արկղի 2000 դետալ։ Իջեւանում բնակվող վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ԿՈՐԵԼ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության, դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո՝ որոշ ժամանակ անց, նրա հետ կապը կորել է։ Նախնական տեղեկություններով՝ ավագ լեյտենանտ Դավիդյանը վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում եւ հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՐՔԱՎՈՐՎՈՒՄ Է

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի խոսնակ կնշանակվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քրոջ դուստրը` Ռոնա Ահարոնյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինս արդեն ներկայացել է նախարարություն ու դիրքավորվում է: Դա է պատճառը, որ նախարարի խոսնակ Աննա Վարդանյանը դիմում է գրել ու հեռացել աշխատանքից: Սա այն պարագայում, երբ ներկայիս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մերժում էր խնամի, ծանոթ, բարեկամ կապով աշխատանքի ընդունվելը, իսկ հիմա նույն տրամաբանությամբ աշխատանքի է ընդունում իր հարազատներին:

 

 

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Ղրիմյան հարթակի շրջանակներում խոսել է եւ հայտնել, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ «Մենք երբեք չենք ճանաչել Ղրիմի անօրինական միացումը եւ անընդհատ շեշտում ենք, որ չենք ճանաչի»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան մասնակցում է գագաթնաժողովին՝ ցույց տալու իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ շեշտելու կարեւորությունը, որը նա տալիս է Ղրիմի թաթարների իրավունքներին։




Լրահոս