Իջեւանի դենդրոպարկը հիմնվել 1961թ.-ին՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Լյուգվիդ Սայադյանի կողմից։ 60 տարում դենդրոպարկում տնկվել է մոտ 700 ծառատեսակ, որոնք բերվել են Թբիլիսիից, Սոխումիից, Սոչիից, Բարդայից, Յալթայից։ 28 տարի դենդրոպարկը ղեկավարել է Լ. Սայադյանը, նրա մահից հետո 32 տարի այն տնօրինում է որդին՝ Մեխակ Սայադյանը, այգում աշխատում են նաեւ վերջինիս կինը եւ որդին։ 1992-1996թթ. դենդրոպարկի շուրջ 20 աշխատողները աշխատավարձ չեն ստացել, Հայաստանի կոմունալ վարչությունը եւ ՊՆ-ն դենդրոպարկից տասնյակ միլիոնավոր դրամների ծառեր եւ թփեր են տարել, սակայն գումարները չեն վճարել։
Դենդրոպարկը պահպանելու, աշխատավարձեր վճարելու համար Մ. Սայադյանը վաճառել է իր երկու տունը՝ Երեւանում ու Իջեւանում, երկու ավտոմեքենա, բանկերում վարկեր է վերցրել։ Մ. Սայադյանի ընտանիքը դենդրոպարկի տարածքում վարձակալությամբ տարածք է վերցրել, որտեղ տնկիներ է աճեցնում, մի մասը տրամադրում դենդրոպարկին։ Այս տարվա գարնանը վարարած Աղստեւը քշել-տարել է դենդրոպարկից կես հեկտար տարածք՝ արժեքավոր ծառերով։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը, որի ենթակայությամբ գործում է դենդրոպարկը, գետափը մաքրելու, դենդրոպարկի ոռոգման վնասված համակարգը վերականգնելու համար չի օգնել, Մեխակ Սայադյանն է տրակտոր ճարել, Աղստեւի ափը մաքրել։ Մ. Սայադյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն իրենց բարեկամ է, իր աներոջ հորաքրոջ ընտանիքն է, ինքը Նիկոլ Փաշինյանի հոր՝ Վովայի հետ շատ է քեֆեր արել։ Շրջակա միջավայրի նախարար դառնալուց հետո Ռոմանոս Պետրոսյանը Մ. Սայադյանից պահանջել է ազատվել դենդրոպարկի տնօրենի պաշտոնից, կամ հրաժարվել դենդրոպարկի մի մասի տարածքի վարձակալությունից, Սայադյանը չի համաձայնել։ Նրա խոսքով՝ իրեն մեղադրում են, իբր, ինքը Ռ, Քոչարյանի օգտին քարոզարշավ է արել, սակայն նման բան չի եղել: Նա հետաքրքրվել է ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունների ծրագրերով։ Մ. Սայադյանը քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունի, դեմ է Ստամբուլի, Լազարոտիի կոնվենցիաներին, միասեռական ամուսնություններին, այդ մասին անկեղծ, համարձակ հայտարարել է։ Դենդրոպարկի խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար Մ. Սայադյանը փորձել է հանդիպել նախարար Ռ. Պետրոսյանին, սակայն վերջինս չի ընդունել։ Մ. Սայադյանն այդ գործում միջնորդելու համար դիմել է Իջեւանից ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանին, սակայն դրանից հետո էլ նախարարը չի ընդունել նրան։ Մ. Սայադյանը լսել է, որ ինչ-որ ձիարշավարան ցանկանում է ձեռք բերել դենդրոպարկի տարածքը:
Օգոստոսի 17-ին Մ. Սայադյանին հրավիրել են «Արգելոցապարկային համալիր», հայտնել, որ նա ազատված է դենդրոպարկի տնօրենի պաշտոնից։ Նրա բանկային քարտին փոխանցվել է 1 միլիոն 132 հազար դրամ, որը աշխատավարձի վերջնահաշվարկն է։ Դենդրոպարկի տնօրենի պաշտոնում նշանակվել է դենդրոպարկի պահակ, համատեղությամբ այդ ծառայգու տեսուչ Վարդան Խաչինյանը։ Մ. Սայադյանը հայտնեց, որ նա իր հարեւանն է, լավ մարդ է, սակայն անգրագետ, չի կարող գիտական հիմնարկ ղեկավարել։ Վ. Խաչինյանը ցանկացել է այդ պաշտոնից ազատվել, սակայն Սայադյանը հորդորել է մնալ, իրենից հանձնում-ընդունում կատարել։
Մ. Սայադյանը դիմելու է դատարան եւ բնապահպանական կազմակերպություններին։ Նա հայտնեց, որ պատրաստ է հրաժարվել դենդրոպարկի տնօրենի պաշտոնից, վարձակալած տարածքից, սակայն իրենց պետք է փոխհատուցեն տնկած 10 հազար ծառերի, բանվորներին վճարած աշխատավարձերի եւ ամեն տարի 25 հազար դոլարով այլ տեղերից գնած ծառերի գումարը՝ ընդհանուր շուրջ 2 միլիարդ դրամ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԴԻՐՔԻ ԱՎԱԳԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է երեք զինծառայողների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ եւս մեկ ժամկետային զինծառայողի՝ դիրքի ավագի՝ դեպքին առնչություն ունենալու վերաբերյալ: Վերջինս ձերբակալվել է՝ ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու եւ ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լեւոն Ռաֆայելի Հարությունյանի եւ Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով: Նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերոհիշյալ զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ավելի վաղ ձերբակալվել էր նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 22-ին բավարարվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ԾՆՆԴԿԱՆ Է ՄԱՀԱՑԵԼ
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հարությունյանի որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քերական գործ։ Քրգործը հարուցվել է օգոստոսի 20-ին «Թալին» բժշկական կենտրոնում Արագածավան գյուղի բնակիչ, ծննդկան, 31-ամյա Անահիտ Գ.-ի մահվան փաստով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օգոստոսի 19-ին «Թալին» բժշկական կենտրոնում Անահիտ Գ.-ն գինեկոլոգիական բաժանմունքում կեսարյան վիրահատությունից հետո՝ օգոստոսի 20-ին, հիվանդանոցում մահացել է։ Ավագ քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փոձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
«ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՉԷ». ԴԵՍՊԱՆ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետեւանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռեւս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: «Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետեւանքների եւ մյուս խնդիրների վերջնական կարգավորումը»,- ասել է Լին Թրեյսին: Անդրադառնալով անվտանգության եւ սահմանային միջադեպերի հետ կապված հարցերին՝ Թրեյսին նշեց, որ դրանց հետ կապված իր կարծիքը հայտնել է, մի քանի անգամ էլ դիրքորոշումներ են հնչել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունից. «Թերեւս, գիտեք, որ ես հուլիսին այցելեցի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներից մեկը, որտեղ միջադեպեր էին գրանցվում, եւ ուզում եմ հստակ նշել, որ մենք կոչ ենք անում իրավիճակի դեէսկալացիայի, եւ որ հնարավորինս արագ վերջ տրվի բռնություններին»,- նշել է նա:
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԽՍՏԱՑՎԻ
Հայաստանում կրկին կխստացվի հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունը, մասնավորապես՝ կվերահսկվի փակ տարածքներում դիմակների կրումը: ArmLur.am-ին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից փոխանցեցին, որ առողջապահության նախարարի N 17-Ն հրամանով՝ սահմանված կանոններն անփոփոխ են մնացել, այսինքն՝ փակ տարածքներում քաղաքացիները պետք է կրեն դիմակ, պահպանեն սոցիալական հեռավորություն, մակերեսներն ախտահանել 70-90 տոկոսանոց սպիրտային հիմքով ախտահանիչներով։ Ի դեպ, սահմանափակումները վերաբերում են նաեւ կրթական հաստատություններին։ Դպրոցներում աշակերտները եւս պետք է դիմակ կրեն, իսկ մանկապարտեզների խմբերում սաների քանակի սահմանափակում այս պահին նախատեսված չէ։
Բացի այս, տեղեկացնենք, որ աշխատող քաղաքացիները, որոնք պատվաստված չեն կորոնավիրուսի դեմ, հնարավոր է` հոկտեմբերի 1-ից պարտավորված լինեն երկու շաբաթը մեկ քովիդի ՊՇՌ թեստ հանձնել: Այսինքն՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կա՛մ քովիդի թեստի բացասական պատասխանը, կածմ էլ պատվաստման հավաստագիրը: Ի դեպ, հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ: Ավելին, փակ տարածքում բոլորը պարտավոր են դիմակ կրել, անգամ պատվաստվածները:
Դիմակ կրելը պարտադիր է նաեւ հասարակական տրանսպորտում, բայց, ցավոք, այս կանոնին մի քանի ամիս է, ինչ ուղեւորները չեն հետեւում: Իր հերթին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացնելու, բայց արդյոք դրանք բավարար կլինեն եւ քաղաքացիները կպահպանեն հակահամաճարակային կանոնները, ցույց կտա ժամանակը: