ՀԱՆՑԱՆՔ ԵՎ ԱՄՈԹ՝ ԱԺ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ դեռեւս չէր եղել դեպք, որ ԱԺ կին պատգամավորին քաշքշելով, գետնին «տապալելով»՝ նիստերի դահլիճից դուրս հանեն: Երեկ ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանում արձանագրվեց այդ ամոթալի միջադեպը: Իսկ ինչի՞ց սկսվեց քաշքշուկը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հարց ուղղեց վարչապտին, թե ինչու չի հրապարակում այն տվյալները, որ Ադրբեջանը պետք է ներսից տրաքացնի: Իհարկե, պատգամավորի հարցը պարունակում էր մի քանի քաղաքական գնահատականներ, որակումներ, որի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե հարցն անարձագանք եմ թողնում, ու անցան առաջ: Երբ հարցի հերթը արդեն նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանինն էր, Մկրտչյանը տեղից հայտարարեց, թե ինչու թույլ չեն տալիս շարունակել, երբ ինքը չի ավարտել խոսքը, եւ ինչու չի կարելի դահլւճում խոսել «ախրանիկների» մասին: Փաշինյանը, կարելի է ասել, հանգիստ անցել էր մյուս հարցին, բայց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին սկսեց պատգամավորին լռեցնելու փորձերը ագրեսիվ վարքագծով:

Փաշինյանն էլ իր հերթին, արդեն պատասխանելով Աբրահամյանի հարցին, թե ինչ գնահատական կտա թիմակիցների պահվածքին, առավել սադրիչ հայտարարություն արեց՝ ասելով՝ շատ ավելի մեղմ է եղել գնահատականը:

Այս խոսքերից է՛լ ավելի ոգեւորվեց ԱԺ նախագահը եւ դարձյալ Աննա Մկրտչյանի հետ լեզվակռվի մեջ մտնելով՝ ԱԺ դահլիճի անվտանգությունը հսկող ՊՊԾ-ին ներս հրավիրեց պատգամավորին ԱԺ դահլիճից հանելու համար:

Գործի անցավ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, ու բռնի ուժով Աննա Մկրտչյանին հեռացրին: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը փորձեց կանխել այդ ամենը, նրան ՊՊԾ աշխատակիցները հարվածներ հասցրին, պատռվեց նրա վերնաշապիկը, ՊՈւ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին եւս բաժին հասավ այս ամենից… Մի խոսքով, իսկական մարտեր՝ առանց կանոնների:

Պետք է արձանագրել, որ երեկ խորհրդարանում տեղի ունեցածը խոսքի ազատության ոտնահարման դասական օրինակ է. մարդը կարծիք է արտահայտում, նրան քաշքշքում են: Լրագրողները ուզում են դա արձանագրել, արգելվում է. նրանց օթյակից քաշքշելով դուրս են հանում: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ վարչապետը հայտարարում է, թե ՀՀ-ում խոսքի ազատություն է, մարդկանց իրավունքները պաշտպանված են, սակայն դա բացարձակ իրականության հետ աղերս չունի: Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել հանցագործություն, որին պետք է պատշաճ ձեւով արձագանքել. լրագրողներին ու պատգամավորներին քաշքշել են, զրկել ձայնի իրավունքից ու ամեն գնով փորձում են լռեցնել ազատ խոսքը:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունը նպատակ ունի ամեն գնով այսօր ավարտել ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանական թեւը պետք է այնպես կազմակերպի, որպեսզի այսօր՝ մինչեւ օրվա ավարտ, արդեն ելույթներն ավարտվեն, ու արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես գա եզրափակիչ ելույթով: Դրանից հետո իշխանական ֆրակցիան կկազմակերպի կառավարության ծրագրի քվեարկությունը, ու ամեն ինչ կավարտվի: Սա իշխանության ծրագիրն է, եթե, իհարկե, ամեն ինչ իրենց պլանավորածով գնա: Բանն այն է, որ խորհրդարանական ընդդիմության անելիքները, ելույթները կարող են նորից հունից հանել իշխանության պատգամավորներին, ու ամեն բան պլանավորվածից դուրս գա, ինչպես դա եղավ երեկ` «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցի ժամանակ, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ՊՊԾ-ն Մկրտչյանին պետք է ԱԺ դահլիճից դուրս հրավիրի: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանության մի քանի պատգամավորներ որոշել են որեւէ ձեւով «չհանդուրժել» Մկրտչյանի ելույթները ու ամեն ելույթի ժամանակ ռեպլիկներ բաց թողնել, վիրավորել, որպեսզի վերջինս այլեւս չհամարձակվի Նիկոլ Փաշինյանի հասցեին ինչ-որ բան ասել: Այդ պատգամավորների գլխավոր «դերակատարը» ծովագյուղցի պատգամավոր Նարեկ Գրիգորյան է, որը ԱԺ նիստերի ժամանակ, բացի կռիվ անելուց, ուրիշ որեւէ բանով աչքի չի ընկել: Երեկ նույն կերպ Գրիգորյանը իրեն դրսեւորեց Մկրտչյանի հետ միջադեպի ժամանակ, որի ձեռքերը անվտանգության աշխատակիցները ոլորեցին ու դուրս հանեցին ԱԺ դահլիճից: Կռվարարների շարքին են դասվում նաեւ Վաղարշակ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը, Հրաչյա Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը:

 

 

 

Օգոստոսի 20-ին ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանը հանդիպել էր պաշտպանական գերատեսչության պատվերով սննդի պատրաստման եւ պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության եւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանատուները ներկայացրել են իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, նշել, որ զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները առանձին դեպքերում չեն համապատասխանում կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պահանջներին։ Պաշտպանության նախարարը խիստ քննադատության է ենթարկել զինծառայողներին մատուցվող սննդի պատրաստման եւ պահպանման ընթացքում խախտումներ թույլ տված կազմակերպություններին եւ հրահանգել ողջամիտ ժամկետում լիարժեք կերպով վերացնել արձանագրված բոլոր թերությունները։ Բայց այս հաղորդագրությունը խորը արմատներ ունի. մինչ Պաշտպանության նախարարությունը մեղքը  բարդում է  մատակարարների վրա, իրավապահ համակարգը քրեական գործ է հարուցում մատակարարների անբարեխիղճ գործունեության մասով ու ուշագրավ բացահայտումներ անում: «Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ իրավապահ համակարգը հարցաքննության է հրավիրել մատակարարներին, նրանք բացատրել են, որ մրցույթ է հայտարարվել, մասնակցել  են, այն  ապրանքը, ինչը ներկայացրել են ԶՈւ հանձնաժողովին, դա էլ մատակարարվել է բանակ: Այսինքն՝ եթե մատակարարված ապրանքը  վատն է եղել, հանձնաժողովը չպետք է ընդուներ: Իսկ ինչո՞ւ է հանձնաժողովը ընդունել. կա՛մ ազդեցիկ զանգ է հնչել ԶՈւ-ից, կա՛մ մասնագետներ չեն եղել, չեն հասկացել: Իհարկե, երկրորդ տարբերակը թերեւս բացառվում է: Իրավապահները  ԶՈւ հանձնաժողովի անդամների խոսքերը արժանահավատ չեն համարել եւ բանակին սնունդ կամ այլ իրեր մատակարարող ընկերությունների եւ հանձնաժողովի  անդամների գործունեության մեջ կոռուպցիոն ռիսկեր են  տեսել: Ի դեպ, այս բացահայտման մասին նաեւ հայտնել են Պաշտպանության նախարարությանը, ինչը ենթադրել է տալիս, որ Պն-ում առաջիկայում ուշագրավ բացահայտումներ են սպասվում: Իսկ թե ովքեր են մատակարարները՝ առաջիկայում։

 

 

 

Ուղիղ մեկ շաբաթ է մնացել նոր ուսումնական տարուն. այս սեպտեմբերի 1-ը ամենաթանկն է լինելու, քանի որ դպրոց գնալու համար անհրաժեշտ ապրանքները բավականին թանկացել են: Դպրոցահասակ երեխա ունեցող ծնողների համար նոր ծախսերի առիթ է: Սեպտեմբերի 1-ին դպրոց գնալու համար անհրաժեշտ է գրենական պիտույք, պայուսակ, հագուստ, կոշիկներ, դասագրքեր, իսկ այս ապրանքները շուկայում վաճառվում են տարբեր գներով, օրինակ՝ դպրոցական պայուսակը 11000 դրամից սկսած է վաճառվում, այն կարող է գերազանցել անգամ 20000 դրամը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցում արեց դպրոցահասակ երեխաների ծնողների շրջանում, թե սեպտեմբերի 1-ին ընդառաջ որքան գումար են նախատեսել ծախսել մեկ երեխայի համար: Պարզվեց՝ մեկ երեխային դպրոց ուղարկելու համար ծնողին անհրաժեշտ է 100-150 հազար դրամ գումար: Զարմանալի չէ, որովհետեւ մեր հանրապետությունում դպրոցական պայուսակների գները, նախորդ տարվա համեմատ, զգալի բարձրացել են. եթե նախորդ տարի մեկ դպրոցական պայուսակը հնարավոր էր գնել 5000-6000 դրամով, ապա հիմա այն 9000-11000 դրամ է եւ ավելի: Սակայն աղքատության բարձր մակարդակ ունեցող մեր երկրում ոչ բոլոր ծնողներն են, որ կարողանում են երեխաների համար գնել 15000 դրամ եւ ավելի թանկ պայուսակ: Բարձրացել են նաեւ հագուստի գները, ավելին՝ հագուստի համար նախտեսված գումարը տարեցտարի ավելանում է:  Փոքրերի հագուստն ավելի թանկ է, քան մեծերինը, ընդ որում՝ աղջկա հագուստի տեսականին ավելի մեծ է, գներն էլ՝ բարձր: Հետո նոր ծախսեր են առաջանում. գրքերի համար գումար են ծախսում, ապա նաեւ ձմեռային հագուստ են գնում: Կարճ ասած, վերնաշապիկ, տաբատ, կիսաշրջազգեստ (դպրոցներ կան, որտեղ համազգեստի միջին գինը գերազանցում է 10000 դրամը), մարզահագուստ, կոշիկ, սպորտային կոշիկներ, պայուսակ, օրագիր, տետրեր, գրիչներ, մատիտներ. այս ամենի համար միջին հաշվարկով անհրաժեշտ է առնվազն 100 հազար դրամ մեկ աշակերտի դեպքում՝ դրան գումարած նաեւ դասագրքերի գումարը:

 




Լրահոս