ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱԿԱՍ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ՝ հասկանալու, թե իշխանությունն ինչ իրական ծրագրեր է ներկայացնում գերիների վերադարձի մասին: Խոսել ենք, թե ինչու չի ստացվում աշխատել միջազգային կառույցների հետ:

 

-Տիկի՛ն Ալավերդյան, Դուք մշտապես աշխատել եք միջազգային կառույցների հետ, ինչո՞ւ միջազգային  կառույցները հաշվի չեն նստում մեզ հետ:

-Իշխանությունները ծանր ստարտային վիճակում են: Ես համոզված եմ, որ նրանք չունեն պրոֆեսիոնալ ունակություններ, չկան պատասխանատու անձինք: Դա այնքան նրբանտակություն պահանջող հարց է: Անգամ պետք է կարողանաս աշխատել տարբեր տիպի պետությունների հետ: Անգամ այն պետությունների հետ պետք է կարողանալ աշխատել, որոնք լավ հարաբերությունների մեջ են Ադրբեջանի հետ: Պետք է կարողանալ դրանց հետ աշխատելու ձեւը գտնել: Պետք է աշխատել այն պետությունների հետ, որոնք ճնշում գործադրելու հնարավորություն ունեն: Պետք չէ մտածել, որ Մինսկի խմբի համանախագահ պետությունները թույլ են: Այստեղ կա իսկական աշատանքի պակաս:

-Այսինքն մե՞նք ենք ձախողում:

-Այո: Պետություններ կան, որոնք բացարձակապես կախված չեն ո՛չ Ադրբեջանից, ո՛չ Թուրքիայից: Դրանք կարող են քեզ օգնել հնչեցնել, բարձրաձայնել այդ հարցը: Մենք որ փնտրում էինք մեր անհայտ կորածներին, հետո տեղեկանում ենք, որ գտնվում են գերության մեջ կամ զոհվել են, մենք սյուժեներով գիտեինք բոլոր մանրամասները: Մինչեւ անգամ իմանում էինք այն ադրբեջանցու ազգանունը, որի մոտ նա հայտնված էր եղել: Հիմա այդ կետային աշխատանքը լավ սկսվել էր, իսկ հիմա չեմ հասկանում՝ ինչ է կատարվում. փակուղի է մտել: Ի՞նչ են արել այդ տվյալների հետ: Դրանք աշխատող տվյալներ պետք է լինեին, որ ծնողներին ու հանրությանը պետք է ասեին, որ դա գաղտնիք է: Իհարկե, շատ գաղտնի կետեր կան: Վերադարձող գերուն չի կարելի ցույց տալ, այդ մարդիկ սարսափելի հոգեբանական վիճակում են:  Մենք վերակագնողական կենտրոն ունեինք, ոչ ոք չգիտեր, բացի անմիջապես մեզ մոտ եկողներից, որովհետեւ դա շատ ծանր բան է: Հիմա, երբ գերիները վերադառնում են, ասում են՝ 1-2 ամիս իրենց հետ աշխատում ենք, իրենք վերականգնվում են: Կներեք, դա անգրագիտության ի՞նչ աստիճան է: Մենք տասնյակ տարիներ աշխատել ենք մեր վերադարձած գերիների հետ: Այդ բոլոր աշխատանքները երեւում է, որ պետությունը, իշխանությունը, գործադիրն ինչ է անում: Երբ նա չի անում ամենաանհրաժեշտը, արդյունք ակնկալել   չի կարելի: Այդ գործարքը՝ գերիների եւ քարտեզների փոխանակումը, առեւտուր է: Դա մարդկային ճակատագրերի գնով ինչ-ինչ առեւտուր է համարվում: Ընդ որում, Ադրբեջանի ղեկավարը գլուխ գովելու  հատկություն ունի, այդպես էլ ասում ու սպառնում է, որ քարտեզների 25 տոկոսն է տրված: Որտեղ է գրված, որ պետք է քարտեզներ տրվեն, այնտեղ պարզ գրված է՝ գերիների վերադարձ:

Մենք տեսնում ենք, որ այն միջազգային  ամենապղտոր կենտրոններն ու ամենապղտոր անդամները, որոնք հիմա որոշում ընդունող մակարդակի վրա են, իրենք քարտ-բլանշ են տվել, որ ամեն ինչ արդեն արվել է: Արցախը մնացել է անհասկանալի կարգավիճակում՝ որպես անկլավ ադրբեջանական հանրապետության մեջ: Եվ սա է, որ ամողջովին ներողամտորեն են նայում: Ով գիտի, գերիներից քանիսն է իր մահկանացուն կնքել գերության մեջ: Ով գիտի, այդ անհայտ կորածներն իրականում գերության մեջ են, թե ոչ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ

«Մայիսի 11-ից Գեղարքունիքի մարզում են գտնվում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները, եւ մի շարք բնակավայրերի ջրամատակարարումն ապահովող ջրամբարն այժմ գտնվում է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, այլընտրանքային ինչ-որ բան մշակվե՞լ է»,- ԱԺ հերթական նիստի ընթացքում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

 

Հաջորդիվ պատգամավորը հայտարարեց՝ Կութ համայնքից ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մոտ 80 գլուխ անասուն են հափշտակել: «Մենք հիմա Կառավարության ծրագիրն ենք քննարկում, խոստումներ եւ տեսլական ենք ներկայացնում, բայց տարրական անվտանգային ու մարդկանց կյանքի իրավունքը չենք կարողանում պահպանել, չենք կարողանում սեփականության իրավունքը պահպանել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ հակամարտության ողջ ընթացքում հազարավոր գլուխ անասուններ են հափշտակվել, հարյուրավոր քրգործեր են հարուցվել, որոնց մի մասը չի բացահայտվել, հազարավոր տներ, ենթակառուցվածքներ են վնասվել: «Երբ մենք խոսում ենք տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին, խոսում ենք նաեւ այդ օրակարգը սպասարկելու մասին»,-ասաց նա՝ ներկայացնելով Տավուշի սահմանամերձ բնակավայրերում կատարած աշխատանքներն ու ընդգծելով, թե աշխատանքներ կատարվելու են նաեւ մյուս բոլոր սահմանամերձ ու սահմանապահ բնակավայրերում:

Թագուհի Թովմասյանը, օգտվելով արձագանքի հնարավարությունից, վարչապետին ներկայացրեց նաեւ ԱԺ-ում աշխատող լրագրողների բողոքը, որոնք այսօր ԱԺ օթյակում ակցիա են իրականացրել՝ սահմանափակումների վերացման պահանջով:

Փաշինյանը պատասխանեց, թե Կառավարության ծրագրում լրագրողական էթիկայի կարգավորման առնչությամբ կոնկրետ առաջարկ ունեն: «Կարծում ենք՝ պետք է օրենսդրական փոփոխություն առաջարկենք, որով սահմանենք ինստիտուտ, երբ լրագրողներն իրենք իրենց գործունեության որոշակի կանոններ կմշակեն եւ իրենք կհետեւեն այդ կանոնների ներկայացմանը: Բայց մենք շատ աննախադեպ իրավիճակներ ունենք, եւ Կառավարությունը ստիպված է եւ պարտավոր է աննախադեպ իրավիճակներին անդրադառնալ աննախադեպ քայլերով: Թույլ չեմ տալու՝ ժողովրդավարությունը ամենաթողության հարթակ դառնա»,- ասաց նա:

Ն. Պ.

 

 

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ

Ինչպես հայտնի է, 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչեւ նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ: ՊՆ-ն հայտնել էր, որ հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից եւ սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաեւ հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից եւ մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:

Ի դեպ, ՊՆ-ն նաեւ զգուշացրել էր, որ հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետեւանք: Սակայն նկատենք, որ այս օրերին շատ քաղաքացիներ են հրաժարվել մասնակցել եւ տարբեր պատճառաբանություններ են առաջ քաշում, անգամ բանը հասել է դատական գործընթացին: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ օգոստոսի 23-ին վարժանքների մասով առաջին հայցն է դատարան մուտք եղել: Մասնավորապես, Ստեփան Մանուկյան դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի Պաշտպանության նախարարությանը՝ գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչի եւ հայցվորի՝ 25.08.2021թ. մինչեւ 25.11.2021թ. անցկացվող վարժական հավաքին չմասնակցելու հանգամանքի հարգելի լինելը ճանաչի ու հաստատի: Ըստ էության, քաղաքացիները պատճառներ են առաջ քաշում, որոնք ՊՆ-ն համարում է ոչ հարգելի, եւ բանը հասել է դատարան:

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԱՆՀԵՏԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻՑ

Երեկ անհետացած ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանի գործով ArmLur.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ավագ լեյտենանտին տեսնող է եղել: Վերջինիս տեսել է հովիվը, որը այնտեղ գտնվող հրամանատարական կազմին հայտնել է,  թե տեսել է, թե ինչպես է լեյտենանտը այլ ուղղությամբ գնում, որից հետո լսել է կրակոցի ձայները: ՊՆ հրամանատարական կազմն էլ, նախնական տեղեկություններով, ունի այն կասկածները, որ հակառակորդը կրակել է ավագ լեյտենանտի ուղղությամբ, վախեցրել է նրան ու գերեվարել:

Նախնական տեղեկություններով՝ ավագ լեյտենանտ Դավիդյանը վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում եւ հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։




Լրահոս