ՄԻՋԱԴԵՊ ԵՎ ԾԱԾԿՌՏՈՒՔ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում երեկ՝ ընդմիջմանը, իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ ծեծկռտուք է սկսվել։ Պատգամավորներն իրար հարվածում էին անգամ նիստերի դահլիճի աթոռներով։

 

Երեկ՝ Ազգային Ժողովում կառավարության ծրագրի քննարկմանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցը դուր չեկավ ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանին, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների, որոնք սկսեցին աղմուկ բարձրացնել դահլիճում։ Մկրտչյանն իր հարցում անդրադարձել էր Փաշինյանի թիկնապահներին եւ ասել, որ Փաշինյանը ԱԺ դահլիճ է եկել «ախրանիկներով»։ Այս հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանին նախազգուշացում հայտարարեց։ Իշխանական պատգամավորներն էլ իրենց հերթին տեղից սկսեցին արձագանքել Աննա Մկրտչյանի հայտարարությանը։ Երբ Աննա Մկրտչյանը «կապիտուլյանտ»  բառն օգտագործեց, Ալեն Սիմոնյանը Մկրտչյանի բարձրախոսն անջատեց։

Մթնոլորտը երբ ավելի լարվեց, ավտանգության աշխատակիցները մտան նիստերի դահլիճ եւ բռնի կերպով դուրս հրավիրեցին պատգամավոր Աննա Մկրտչյանին։ Այս ամենից հետո դահլիճում կրքերն ավելի թեժացան: Ծեծկռտուքի ընթացքում ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը գոռում էին՝ «Նիկոլ դավաճա՛ն»։ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իրեն վատ է զգացել, եւ գործընկերները ստիպված են եղել նրա համար շտապօգնություն կանչել։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը, անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած քաշքշուկին, որին մասնակցում էին նաեւ անվտանգության աշխատակիցներ, ասել է. «Այն վարքագիծը, որը դրսեւորվեց ԱԺ նիստերի դահլիճում Արծվիկ Մինասյանի նկատմամբ ընդմիջման պայմաններում, ակնհայտ քրեորեն հետապնդելի արարք է: Երբ մենք խոսում էինք բռնապետության մասին, շատերը դա համարում էին խիստ եւ քննադատելի»: Նրա խոսքով՝ որեւէ բռնապետի ժամանակահատվածում անգամ խորհրդարանի դահլիճում նման վարքագիծ չի դրսեւորվել: Թե որքանով է խորհրդարանի դահլիճում տեղի ունեցածը տեսաձայնագրվել, Արամ Վարդեւանյանը չգիտի, քանի որ նաեւ լրագրողներին չթույլատրվեց տեսանկարահանել ԱԺ դահլիճում կատարվողը, բայց որ այդ ամենը դառնալու է մի մեծ քրեական գործ, վստահ է:

«Իրականում գարշանք էր առաջացնում, որ տղամարդը կարող է նման վարքագիծ դրսեւորել կնոջ, առավել եւս՝ երիտասարդ աղջկա նկատմամբ»,- հավելել է Արամ Վարդեւանյանը` անդրադառնալով այն դրվագին, երբ անվտանգության աշխատակիցները, ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ բռնի ուժ կիրառելով, փորձում էին նրան հեռացնել նիստերի դահլիճից: Տեղի ունեցածը Արամ Վարդեւանյանը խորհրդարանական կառավարման համակարգ ընտրած Հայաստանի համար համարում է խայտառակ էջ: Տեղի ունեցածի առիթով հաղորդում է ներկայացվելու:

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը պարանոցի, ձեռքերի եւ ոտքերի հատվածում վնասվածքներ է ստացել:

«ԱԺ-ում գտնվող զինվորական համազգեստով մարդիկ որեւէ դեպքում Հայաստանի քաղաքացիների անվտանգության պաշտպանության հետ ոչ մի կապ չունեն։ Այդ մարդիկ Նիկոլի հոգեկան աշխարհը հանգստացնելու համար են։ Զինվորական հագուստն ու զենքերը նրա համար են, որ Նիկոլ Փաշինյանն իրեն լավ զգա, հարմարավետ, նոպաների մեջ չընկնի»,- ասել է  պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ հավելելով, որ իրեն վնասողները եւս եղել են ՊՊԾ-ի աշխատակիցները, որոնք ապահովում են խորհրդարանի անվտանգությունը։ Միջադեպի առթիվ խմբակցությունը իրավական գործընթաց կսկսի, ինչի մասին ավելի ուշ կհայտարարեն։

Պատգամավորի դիտարկմամբ՝ խորհրդարանում մեծ թվով անվտանգության աշխատակիցների ներկայությունը ընդդիմադիրներին կաշկանդելու համար է։

«Ուզում են մեզ դրանով սահմանափակել»,- ասաց նա։

Ն. ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

ԿՔՆՆԻ ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործը մտել է դատարան: Այն քննելու է դատավոր Գնել Գասպարյանը: Նշենք, որ նա աշխատել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, ինչպես նաեւ աշխատել է զինվորական դատախազությունում։ Հիշեցնենք, որ Լուսինե Ավետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 20-ի՝ Հայաստանի Հանրապետությունում կայացված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ, Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կազմակերպմամբ, սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելն օգտագործելով, Քարահունջ բնակավայրի երկու եւ ավելի ընտրողի հարկադրել է մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին եւ կողմ քվեարկել ընտրություններին առաջադրված «Հայաստան» դաշինքի օգտին: Բացի այդ, նույն ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում Քարահունջ բնակավայրի երկու եւ ավելի բնակիչներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021 թվականի հունիսի 8-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում կազմակերպված հավաքին:

Բացի այդ, 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ 2021 թվականի հունիսի 7-ին եւ 8-ին, անձամբ հանդիպումների եւ հեռախոսազանգերի ժամանակ Լուսինե Ավետյանը Քարահունջ բնակավայրի բնակիչներ Սաթիկ Սինանյանին, Նարինե Արզումանյանին, Ալինա Օհանջանյանին, Լիանա Մկրտչյանին, Նաիրա Սարգսյանին եւ Մհեր Բաղդասարյանին հարկադրել է մասնակցել Գորիս համայնքում 2021 թվականի հունիսի 8-ին կազմակերպված «Հայաստան» դաշինքի հավաքին:

 

 

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԸ

Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, ապա «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը: Նախորդ դատական նիստին Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց Սահմանադրական դատարանին` պարզաբանելու իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցնելու հարցը: Բանն այն է, որ օրենսդրությունը սպառիչ պատասխան չի տալիս այն հարցին` արդյոք պատգամավորական անձեռնմխելիությունը կարող է «ինքնաբերաբար» հաղթահարվել, եթե քրեական հետապնդում սկսվել է մինչեւ պատգամավորի կարգավիճակ ստանալը, կամ գլխավոր դատախազը պարտավոր է հայցել ԱԺ համաձայնությունը:

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը հրաժարական է ներկայացրել: Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել է, որ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը կնշանակվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:

 

 

ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Կոտայքի մարզում նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 12։15-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների  հերթապահ խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ տներից մեկում հայտնաբերել են տղա երեխայի կախված դի։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում՝ տան տանիքում, ձգումներ կատարելու մետաղյա ձողից սպորտային գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 14-ամյա Զ?Պ?-ի դին։  Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Երեխան սովորում էր իրենց գյուղի դպրոցի 8-րդ դասարանում։

 

 

ԿՄԵԿՆԻ ՎՐԱՍՏԱՆ

Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ «Հատուկ ուզում եմ ընդգծել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլիի շահագրգիռ գործունեությունը հայ-վրացական տնտեսական համագորխակցությունը ակտիվացնելու գործում»,- ասաց վարչապետը:

 

 

80 ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Արցախում օգոստոսի 23-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր, իսկ թեթեւ ձեւերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 հազար 200 քաղաքացու հետազոտություն, որից 1026-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 

 

ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՑԵԼ

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների եւ մասունքների հայտնաբերումից հետո իրականացվող նույնականացման փորձաքննությունների ժամանակ որոշ բարդություններ են առաջացել: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Ունեինք այնպիսի մասունքներ, որոնք փորձաքննության արդյունքում չէինք կարողանում սեկվենավորել, այդ պատճառով մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել հոլանդացի մեր գործընկերների հետ: Շուրջ 50 մասունք բարդ փորձաքննության է ենթարկվում Հոլանդիայում: Այստեղ չի ստացվել այդ մասունքներից ԴՆԹ անջատել ու որոշակի արդյունք ստանալ: Մենք դեռ ունենք աճյուններ ու մասունքներ, որոնք արդեն իսկ նույնականացված են, սակայն ծնողները ցանկություն են հայտնել կրկնակի, որոշ դեպքերում էլ՝ եռակի փորձաքննության ենթարկել, սակայն այլ երկրներում: Մինչ այս պահը բոլոր այդ դեպքերում մենք ստացել ենք նույն պատասխանները»,- նշեց Ավանեսյանը:




Լրահոս