Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հարուցված եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 1 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր: Հիշյալ քաղաքացիները կաշառքի դիմաց հանձնել են ձեւական բնույթ կրող գործնական քննություններ եւ ստացել վարորդական վկայականներ: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Սպիտակ քաղաքի բնակիչ Վ. Շ.-ն սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու գործնական հմտությունները փաստացի ստուգելու, կաշառքի դիմաց ձեւական բնույթ կրող գործնական քննություններ ընդունելու եւ քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու հարցում օժանդակելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության Երեւանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Ս.-ի հետ: Պայմանավորվածության համաձայն` 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Վ. Շ.-ն քաղաքացիներից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.240.000 ՀՀ դրամ կաշառքի գումարները եւ դրանք փոխանցել ՃՈ տեսուչին՝ օժանդակելով պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:
Ստացած կաշառքի դիմաց Ա. Ս.-ն քաղաքացիներից ընդունել է ձեւական բնույթ կրող գործնական քննություններ, եւ վերջիններս առանց գործնական վարման հմտությունները պատշաճ ստուգելու ստացել են վարորդական վկայականներ:
ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացած ՃՈ պաշտոնատար անձ Ա. Ս.-ն, նրան օժանադակած Վ. Շ.-ն եւ վերջիններիս կաշառք տված երկու քաղաքացի:
Քրեական գործի նախաքննության ընթացքում նաեւ տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ նույն ՃՈ տեսուչը վերը նկարագրված եղանակով Վ. Շ.-ի օժանդակությամբ 2020 թվականի հունվարից 2021 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում շուրջ 40 քաղաքացիներից ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, որի դիմաց նրանց գործնական վարման հմտություններն առանց պատշաճ ստուգելու գնահատել է բավարար, ինչի արդյունքում վերջիններիս տրամադրվել են վարորդական վկայականներ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները` հանցագործության մեջ ներգրավված անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
Ն.Պ.
ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ՉԵՆ ՈՐՈՇԵԼ
Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը հայտնեց, որ իրենց Ազատամուտ գյուղի կիսակառույց դպրոցում տեղակայված ռուս զինվորականները դեռեւս իրենց ուղեկալի տեղակայման համար հարմար վայր չեն ընտրել, թեեւ այդ նպատակով տեղանքներ են դիտարկել Դիտավան եւ Այգեհովիտ գյուղերի վարչական տարածքներում։ Ա. Բեգինյանն ասաց, որ ուղեկալի զինծառայողներն անվտանգության մոնիտորինգ կիրականացնեն, կհետեւեն սահմանում տեղի ունեցող գնդակոծություններին եւ այլն։ Նա ասաց, որ ինքը շատ չի շփվում ռուս զինվորականների հետ, նրանց հետ առնչություններ են ունենում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները։ Նոյեմբերյան խոշոր համայնքի Ոսկեպար գյուղում տեղակայված ՌԴ զինվորականները Ոսկեպարի նախկին անասնաֆերմաներից վերեւ գտնվող տարածքում եւ գյուղի տարածքի այլ հատվածներում իրենց ուղեկալի տեղակայման համար հարմար վայր են որոնում։ Նրանց այդ որոնումների ժամանակ ուղեկցում է Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը։ Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ ռուսաստանցի զինվորականներն ուղեկալի տեղի ընտրության հարցում դեռ որոշում չեն կայացրել, թեեւ այդ նպատակով ավելի քան մեկ տասնյակ տեղանք են ուսումնասիրել։ Հայտնի չէ, թե Ոսկեպարում՝ հայ-ադրբեջանական փաստացի սահմանագոտուց մոտ 800 մետր հեռավորությամբ տեղակայվելիք ուղեկալը ինչ գործառնույթներ կունենա։
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴԸ
2021թ. փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց 1984թ. ծնված Դավիթ Սարգսյանը։ Դավիթ Սարգսյանի՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելու գործում վճռորոշ է եղել նրա ընկեր, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի միջնորդությունը։ Դ. Սարգսյանն ավարտել է Դիլիջանի պետական քոլեջը, այժմ հեռակա կարգով սովորում է Հայաստանի Եվրոպական համալսարանում։ Դավիթ Սարգսյանը նախկինում բենզալցակայանի աշխատող է եղել, փաստաթուղթ լրացնելիս իր սեռի մասին գրառել է` «արու»։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը իր պաշտոնավարման կես տարում կադրային մեծ ջարդ է իրականացրել, համայնքապետարանի եւ համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների բազմաթիվ պաշտոնյաների ազատել զբաղեցրած պաշտոնից։ 2021թ? օգոստոսի 20-ին Դ. Սարգսյանը որոշել է օգոստոսի 24-ից համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնից ազատել Արտակ Բոջիկյանին, որին ինքն այդ պաշտոնին նշանակել է այս տարվա ապրիլի 26-ին։ Որպես պաշտոնից ազատելու որոշման հիմք՝ նշված է Արտակ Բոջիկյանի դիմումը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
Քննչական կոմիտեն առաջարկում է համաներում կիրառել ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցագործությունը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: «Նախագծի ընդունման արդյունքում կհայտարարվի համաներում, որը կտարածվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցած, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց վրա, որով կկարգավորվեն պետություն-քաղաքացի որոշակի իրավական փոխհարաբերություններ: Արդյունքում պետությունը, համաներում հայտարարելով, գնահատում է ռազմական գործողությունների ընթացքում իր զինված ուժերի կողքին կանգնելու քաղաքացիական պարտքի կատարման վեհ գործին նվիրումը, ինչին ի պատասխան ցուցաբերում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ»,- նշված է նախագծի հակիրճ բնութագրում:
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Ազգային ժողովում մեկնարկել է ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը: Օրենսդիրը քննարկում է կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որը գործադիրն ընդունեց օգոստոսի 18-ի նիստում։ Նախագիծն Ազգային ժողովում ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ ծրագիրը ներկայացնում է արտառոց պայմաններում։
«2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3 հազար 773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրն անհայտ լինելու հանգամանքը, գերեվարված զինվորների մի մասի վերադարձած չինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում եւ Հայաստանում ստեղծված ոչ սովորական եւ բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի եւ Արցախի շուրջ ակնածող անվտանգային մարտահրավերները, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժման հետեւանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները եւ դրա հետեւանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակն արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը», – հայտարարեց գործադիրի ղեկավարը։
Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որը բաղկացած է վեց բաժիններից՝ անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք եւ արդարադատություն, ինստիտուցիոնալ զարգացում, ըստ նախաբանի, հիմնված է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում Հայաստանի քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, Հայաստանի վերափոխման մինչեւ 2050թ. ռազմավարության վրա: