ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերափոխումն եւ վստահությունը կարեւոր նշանակություն ունեն ժամանակակից բանկային ոլորտում հաջողության հասնելու համար». Արտակ Հանեսյան:

 

Հեղինակավոր GlobalMarkets ամսագրի հետ հարցազրույցում «Ամերիաբանկ»-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը խոսում է բանկի ռազմավարության,  հայկական շուկայում բանկի ունեցած դիրքի, հաջողությունների եւ անելիքների մասին:

-Global Markets. Որո՞նք են «Ամերիաբանկ»-ի գործունեության հիմնական ուղղությունները, ուժեղ կողմերն ու  մրցակցային առավելությունները:

-«Ամերիաբանկ»-ի հաջողության հիմքում ոչ միայն փոփոխությունների անհրաժեշտության գիտակցումն է, այլեւ այդ փոփոխությունների ու վերափոխման ճանապարհին առաջնորդի դեր ստանձնելը: Հենց դա օգնեց մեզ հաջողությամբ հաղթահարել դեռեւս 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: Այդպես մենք առաջատար կորպորատիվ եւ ներդրումային բանկից վերափոխվեցինք Հայաստանի առաջատար ունիվերսալ բանկի: Եվ դա է պատճառը, որ մենք հետեւողականորեն ձգտում ենք թվային վերափոխման, որի ուղղությամբ արված ներդրումների շնորհիվ էլ կարողացանք դիմակայել նախորդ տարի բոլորիս առջեւ ծառացած մարտահրավերներին: «Ամերիաբանկ»-ը հավատում է Հայաստանի տնտեսության ներուժին եւ ապագային:  2008 թ.-ից ի վեր մենք հսկայական դերակատարում ենք ունեցել Հայաստանում գործող ընկերությունների եւ մեր երկրի տնտեսության հզորացման գործում: «Ամերիաբանկ»-ը Հայաստանի ամենախոշոր ֆինանսական հաստատությունն է, որը մշտապես ձգտում է իր հաճախորդներին եւ գործընկերներին առաջարկել բանկային լավագույն ծառայություններն ու պրոդուկտները, հանդես գալ նոր ու ժամանակակից լուծումներով: Մեր աճն  ու զարգացումը մշտապես հիմնված են եղել ոչ թե կարճաժամկետ շահերի, այլ  երկարաժամկետ տեսլականի, ռազմավարության եւ մի շարք առանցքային նպատակների վրա: Ցանկանում եմ նաեւ շեշտել, որ մեր հաջողությանը նպաստել են մեր հաճախորդների, գործընկերների եւ բաժնետերերի վստահությունը մեր հանդեպ եւ նրանց հետ ունեցած երկարաժամկետ փոխհարաբերությունները: Նրանք մեզ ոգեշնչել են դինամիկ զարգացման եւ ավանդական բանկից մարդկային կարիքների վրա հիմնված ֆինանսատեխնոլոգիական էկոհամակարգի վերափոխման:

-Global Markets. Որո՞նք են վերջին 12 ամիսների ընթացքում բանկի արձանագրած հիմնական ձեռքբերումներն ու  հաջողված ծրագրերը:

-Թեեւ նախորդ տարվա ընթացքում համաշխարհային տնտեսության առջեւ ծառացան էական դժվարություններ եւ մարտահրավերներ, այնուամենայնիվ մենք կարողացանք գործել արդյունավետորեն եւ ապահովել դրական արդյունքներ: 2021թ. առաջին եռամսյակի արդյունքների համաձայն՝ «Ամերիաբանկ»-ը պահպանեց իր առաջատար դիրքը ՀՀ բանկային համակարգում` ըստ հիմնական բանկային ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, վարկեր, ավանդներ, շահույթ եւ սեփական կապիտալ): Առաջին եռամսյակի ավարտին բանկի ակտիվների եւ սեփական կապիտալի շահութաբերությունը կազմեց համապատասխանաբար 1.5% եւ 14.2%: Մենք առաջատար դիրք ենք զբաղեցնում նաեւ ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում, որտեղ բանկի մասնաբաժինը կազմում է 26%: Դեպի ունիվերսալ բանկի մոդելին անցում կատարելու մեր ռազմավարության համաձայն՝ բանկն ավելացրել է մանրածախ եւ ՓՄՁ վարկերի մասնաբաժինը: Բացի այդ, զգալի առաջընթաց ենք ունեցել  հեռավար եւ թվային ուղիներով բանկային սպասարկման ոլորտում, որի արդյունքում ինտերնետ-բանկինգի օգտագործման գործակիցը 2020թ. կազմել է 48% (աճ 12 տոկոսային կետով):

-Global Markets. Այս տարի «Ամերիաբանկ»-ն առաջին անգամ հանդես եկավ «կանաչ» պարտատոմսերի շուկայում: Ի՞նչ ծրագրեր ունի բանկը Հայաստանում կանաչ ֆինանսավորման ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ:

-Նախ նշեմ, որ Հայաստանում առաջին կանաչ պարտատոմսերի թողարկումը բանկի կարեւոր ձեռքբերումներից մեկն էր: Թողարկման ընդհանուր ծավալը կազմեց 42 միլիոն Եվրո: Պարտատոմսերը թողարկվեցին մեր երկարամյա գործընկեր Նիդերլանդների զարգացման բանկի (FMO) հետ համատեղ: Sustainalytics ընկերությունը տրամադրել է երկրորդ կողմի կարծիք «Ամերիաբանկ»-ի կանաչ պարտատոմսերի համակարգի վերաբերյալ` հաստատելով վերջինիս համապատասխանությունը միջազգային սկզբունքներին եւ համաշխարհային շուկայում գործող չափանիշներին: Կանաչ պարտատոմսերի միջոցով ներգրավված միջոցներն աննախադեպ հնարավորություն են ընձեռում ֆինանսավորելու էկոլոգիական կայունությանը նպաստող ծրագրերը: Ինչ վերաբերում է այս ուղղությամբ մեր հետագա անելիքներին, նշեմ, որ մենք մտադիր ենք դառնալու առաջատար կանաչ բանկը Հայաստանում եւ ակնկալում ենք է՛լ ավելի խորացված համագործակցություն մեր գործընկերների հետ:

-Global Markets. Թվային ո՞ր տեխնոլոգիաներն է «Ամերիաբանկ»-ն առավել հեռանկարային համարում: Որո՞նք են «Ամերիաբանկ»-ի հիմնական առաջնահերթությունները 2021թ. համար եւ ապագայի ռազմավարական նպատակները:

-Հաջողության հասնելու համար ցանկացած բանկ պետք է հարմարվի արագորեն փոփոխվող պայմաններին: Ընթացիկ տարվա մեր առաջնահերթություններն են հետագա թվային վերափոխումն ու դիվերսիֆիկացումը: Ըստ այդմ, մենք հետեւողականորեն ընդլայնում ենք հեռավար բանկային ծառայությունների մատուցման կարողությունները, բարելավում ենք թվային ծառայությունների որակը, մեծացնում ենք մանրածախ եւ ՓՄՁ վարկերի մասնաբաժինը՝ միաժամանակ նպատակ ունենալով ապահովել վարկային պորտֆելի երկնիշ աճ: Դա կօգնի մեզ իրագործելու մեր ռազմավարական նպատակները, այն է` արդյունավետության բարձրացում, հիմնական ֆինանսական ցուցանիշների հետագա աճ, մեր հաճախորդների, գործընկերների, թիմակիցների եւ բաժնետերերի գոհունակության բարձր մակարդակի ապահովում, ինչպես նաեւ Հայաստանի ֆինանսական շուկայում բացարձակ առաջատարի դիրքի պահպանում:

-Global Markets. Վերջերս մի շարք հարցազրույցներում ձեր միջազգային գործընկերները նշում են, որ «Ամերիաբանկ»-ը պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO): Ի՞նչ ծրագրեր ունի «Ամերիաբանկ»-ն այդ ուղղությամբ:

-Վերջին մի քանի տարիներին մենք դարձել ենք երկրի ամենախոշոր բանկը եւ ապահովել ենք միջազգային գործընկերների հետ համագործակցության ամենաբարձր մակարդակը: Բացի այդ, մենք շարունակաբար բարելավում ենք մեր կորպորատիվ կառավարման համակարգը: IPO-ն շատ կարեւոր ռազմավարական նվաճում կլինի մեզ համար եւ կնպաստի մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերի իրագործմանը: Հանրային ընկերություն հանդիսանալը ենթադրում է նաեւ, որ մենք պետք է հետեւենք լավագույն փորձին` կապված կորպորատիվ կառավարման, հաշվետվողականության եւ թափանցիկության ապահովման հետ: Հպարտությամբ եմ նշում, որ մենք արդեն իսկ գործում ենք որպես հանրային ընկերություն` հանդիսանալով Հայաստանի բացառիկ ընկերություններից մեկը, որի կորպորատիվ կառավարման համակարգը համապատասխանում է IPO-ի համար սահմանված նախապայմաններին: Մենք մշտապես հետեւում ենք կապիտալի միջազգային շուկաներին, բորսայում ցուցակված նմանատիպ գործունեություն ծավալող ընկերություններին եւ սահմանել ենք հաջողությամբ IPO իրականացնելուն ուղղված ուղենիշներ: Նշեմ նաեւ, որ բանկի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման գործընթացը կմեկնարկի մեր միջնաժամկետ նպատակների իրականացումից հետո: Ժամկետները կախված կլինեն նաեւ շուկայական պայմաններից: Ցանկանում եմ նշել նաեւ, որ մեր բոլոր քայլերը, որոնք ուղղված են մեր աճին ու զարգացմանը, ունեն մեկ նպատակ` նպաստել կյանքի որակի բարելավմանը: Մեր հաջողության գրավականը անընդմեջ փոխակերպվող մտածելակերպն է եւ վստահությունը մեր ընկերության ներուժի, մեր երկրի եւ տնտեսության հանդեպ, որում ապրում եւ աշխատում ենք:

 

 

ՆՈՐԱՄՈՒՏԸ ԿՆՇԻ

Ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ, 34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նորամուտը արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմում կնշի օգոստոսի 29-ին: Այդ օրը ՊՍԺ-ն կանցկացնի Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրի արտագնա հանդիպումը «Ռեյմսի» հետ։ Մեսին նոր է սկսել լիարժեք մարզումները ՊՍժ-ի ընդհանուր խմբում։

 

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՏԱՍՆՀԻՆԳԻՑ՝ ՄԵԾ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 15-ից կրկին մեծ էկրաններին կլինի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» հայտնի ու սիրված ֆիլմը, բայց արդեն վերամշակված տարբերակով: Պրեմիերայի օրը պատահական չի ընտրված. ուղիղ 15 տարի առաջ՝ հենց սեպտեմբերի 15-ին է ֆիլմն առաջին անգամ ներկայացվել հանրությանը: Այս մասին զրույցում Գոռ Կիրակոսյանը մանրամասնել է, թե ինչ նոր լուծումներով է ֆիլմը հայտնվելու կինոթատրոններում.

«Մենք հետարտադրությունը 0-ից ենք կատարել, վերցրել ենք այն, ինչ նկարահանել էինք դիջիթալ «կասետների» վրա, եւ նորից աշխատել դրա վրա: Ոչինչ չենք փոխել, ֆիլմը նույնն է, այն պարզապես  իդեալական համապատասխանում է այսօրվա չափանիշներին: 0-ից արել ենք գունամշակումը, 0-ից ձայնային աշխատանքներն ենք կատարվել: Այն խնդիրները, որոնք 15 տարի առաջ չէինք կարող լուծել, որովհետեւ չունեինք նման տեխնիկա, այսօր լուծել ենք: Այսօրվա գիտելիքներով եւ տեխնիկայով մենք ֆիլմը բերել են այն տեսքին, որի մասին երազում էի: Որպես 15 տարվա ֆիլմ՝ այն իսկապես շատ թարմ տեսք ունի»:

«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը Գոռի դիպլոմային աշխատանքն էր: Ռեժիսորը խոստովանեց, որ այն երկար ժամանակ չէր դիտել.

«Լավ հիշողություններ վերապրեցի, կային դրվագներ, որոնք մոռացել էի: Աշխատելիս տեսնում էի շատ դրվագներ, որոնցից իսկապես ծիծաղում էի: Ի դեպ, այս ամենով սկսեցի զբաղվել նախորդ տարի, երբ համավարակը նոր էր սկսել, եւ այլ աշխատանքներ չէինք կարող իրականացնել: Մոտ 5-6 ամիս աշխատել էինք դրա շուրջ, որպեսզի ստանանք իմ ուզած արդյունքը»:

 

 

«La Casa de Papel»-Ը ՆՈՐ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ ԿՈՒՆԵՆԱ

Սեպտեմբերի 3-ին տեղի կունենա «La Casa de Papel»-ի՝ «Թղթե տան» եզրափակիչ եթերաշրջանի պրեմիերան: Ցուցադրվելու են 1-5-րդ սերիաները: Երկրորդ մասը՝ 6-10-րդ սերիաները, կներկայացվեն դեկտեմբերի 3-ից։

 

Հինգերորդ եթերաշրջանում միանգամից երեք նոր դերասան կհայտնվի։ Հանդիսատեսին կծանոթացնեն Տոկիոյի ամբողջ կյանքին սիրո՝ Ռենեի հետ։ Հենց նրա մասին էր նա պատմում սերիալի սկզբում։ Նրան կմարմնավորի Միգել Անխել Սիլվեստրեն։

Պարզվում է՝ Բերլինը որդի ունի՝ Ռաֆայելը։ Նրա դերը բաժին է հասել Պատրիկ Կրիադոյին։ Սերիալում նոր դերասան կհայտնվի նաեւ «օրենքի կողմից»՝ Խոսե Մանուել Սեդան։ Նրան բաժին է հասել հատուկ ջոկատային Սագասի դերը։ Ի դեպ, հինգերորդ եթերաշրջանի ընթացքում կցուցադրեն իրադարձություններ, որոնք տեղի են ունենում Իսպայիանի կենտրոնական բանկի վրա հարձակման ընթացքում:




Լրահոս