«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսների գերեզմանների կառուցապատման աշխատանքները, հնարավոր է, մինչեւ տարեվերջ չավարտվեն. նրանց մահվան մեկ տարին, սեպտմբերից սկսած, լրանում է, սակայն գերեզմանաքարերը տեղադրված չեն լինի:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Այսօրվա դրությամբ արդեն չորս ընտրանի ունենք՝ 7 տեսակի քարերից ընտրած, եւ ծնողներն արդեն իրենց ընտրությունը կատարել, ավարտել են: Մենք պլանավորում ենք ավարտել այս տարեվերջին, բայց ամեն ինչ կախված է լինելու դրսից ներկրվող քարերի բերման հետ։ Եթե չլինեն խանգարող հանգամանքներ, պլանավորում ենք ավարտը տարեվերջին, թեեւ կարծում եմ, որ մի քիչ կձգձգվի: Մենք ընդամենը երկու օր առաջ ենք ավարտել արդյունքների ամփոփումը, այսօր համապատասխան աշխատանքներ են տարվում կանոնակարգելու քարերի ընտրանիի հետ կապված հարցերը, որպեսզի շինարարներին իրազեկենք»:
Տեղեկացնենք, որ ծնողները Եռաբլուրում սալիկապատման աշխատանքներ էին կատարել, սակայն Պաշտպանության նախարարությունը դրանք քանդել է. կան ծնողներ, որոնք հասցրել էին անգամ գերեզմանաքարեր տեղադրել, էլի կհեռացվեն: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այն ծնողները, որոնք գերեզմանաքարեր էին տեղադրել կամ կահավորել էին իրենց որդիների շիրիմները, այս օրերին հավաքում են ու տեղափոխում ընտանեկան գերեզման: Բացի այս, զոհված հերոսների ծնողների մի մասը բավարարված չէ, քանի որ Պաշտպանության նախարարությունը որոշել է՝ գերեզմանաքարի վրա լինի հերոսի կիսանդրին, եւ ոչ թե պատկերը՝ ողջ հասակով: