Պետությունն այդ կերպ ինքն իրեն դնում է սահմանափակումների մեջ, ստիպված է լինում դիմել միայն միջազգային ռազմաքաղաքական ատյաններ, դառնում է աշխարհաքաղաքական գործընթացների զոհը և չի կարողանում պատշաճ պաշտպանել իր բնակչությանը, նրա իրավունքներն ու ազատությունները: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները միայն օգտվում են դրանից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Ադրբեջանական զինված ծառայողներին մեր գյուղերի մոտից և ճանապարհներից հեռացնելու գործողությունների հիմքում պետք է դնել նաև մարդու, սահմանային կոնկրետ բնակչի իրավունքների պաշտպանությունը ու այդ հիմքով պետք է օգտագործել միջազգային մեխանիզմները (հատուկ սահմանների հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան և այլն):
Մարդու իրավունքների խախտումների փաստերը լիարժեք թույլ են տալիս հիմնավորել, որ ինքնին նրանց ներկայությունը կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների կոպիտ խախտում է:
Դա Կառավարությանը, մեր պետությանը հնարավորություն կտա լայնորեն օգտվել մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներից, դիվերսիֆիկացնել այդ մեխանիզմները և նաև այդ կերպ ուժեղացնել քաղաքական ու ռազմական բաղադրիչները:
Դա հնարավորություն կտա նաև պաշտպանել մեր զինծառայողների կյանքի իրավունքը:
Անվտանգություն չի նշանակում միայն քաղաքական ու ռազմական, այն առաջին հերթին մարդու, սահմանային բնակչության անվտանգ կյանքի և իրավունքների համար է: