ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աքլորակռվի» գլխավոր «հերոսներից». ինչպես է ԱԺ-ում հայտնվել նորատուսցի Նարեկ Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարի դեկտեմբերի 4-ին հայրենի խորհրդարանում հայտնվեց Նարեկ Գրիգորյան անվամբ մի օրենսդիր, որն այդ օրվանից մինչեւ այսօր խորհրդարանում միայն կռիվներ է անում, բոլոր «ռազբորկաների» կիզակետում է… մի խոսքով այս երիտասարդը բացի իր բուն աշխատանքից զբաղված է ամեն ինչով:

Իսկ ով է Նարեկ Գրիգորյանը: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը ընդամենը 30 տարեկան է, ծնունդով Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքից: 2013թ. ավարտել է Երեւանի Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության կառավարման եւ ինֆորմատիկայի ֆակուլտետը: Հիմա էլ պատգամավորը որոշել է սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
Հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018 թվականին Նարեկ Գրիգորյանի բախտը «բացվում» է ու վերջինս «տեղավորվում» է Գեղարքունիքի մարզպետարանում՝ որպես մարզպետի տեղակալ: Իսկ երբ ՔՊ-ական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը որոշեց, որ այլեւս չի ցանկանում խորհրդարանում մնալ, նրան եկավ փոխարինելու Նարեկ Գրիգորյանը:

Ըստ Պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալների՝ Նարեկ Գրիգորյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել է զինծառայությունից առանց մանրամասնելու հիմքը: «Հետք»-ին հայտնի էր դարձել, որ Գրիգորյանը զինծառայությունից ազատվել է ինքնավնասման միջոցով: Այդ մասին են վկայում նաև Նարեկ Գրիգորյանի թևերի սպիները, որոնք նրա լուսանկարներում նկատելի են:
Իսկ խորհրդարանում Նարեկ Գրիգորյանը միայն այս ընթացքում աչքի է ընկել իր «աքլորակռիվ» բնավորությամբ: Վերջինս եթե խորհրդարանի դահլիճում է, ապա ընդդիմության բոլոր պատգամավորների ելույթների ժամանակ ռեպլիկներ է բաց թողնում, կռիվներ հրահրում, իսկ իր թիմակիցներն էլ Գրիգորյանին կամ հանդարտեցնում են կամ դահլիճից դուրս հանում:

Արդեն երկու օր է՝ Նարեկ Գրիգորյանը «փայլում» է խորհրդարանում իր կռվարարությամբ, հայհոյանքներով, երբ խորհրդարանական ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց հետ հաշվիներ են պահանջում: Նախօրեին հենց Նարեկ Գրիգորյանն էր գլխավոր դերերում, երբ ծեծուջարդ սկսվեց ԱԺ դահլիճում: Գրիգորյանն իրեն նետում էր բոլոր թեժ կետերում, աջ ու ձախ հարվածում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին:

Կարելի է ասել, որ Գրիգորյանին իշխանությունը խորհրդարան է «բերել» նրա համար, որ վերջինս դառնա խմբակցության «ռազբոյնիկը» ու ցանկացած վեճի պարագայում իրեն նետի պատգամավորների վրա ու սկսի հարվածներ հասցնել: Մի խոսքով ասած այս պատգամավորը տեղյակ չէ, որ ինքը օրենսդիր մարմնում է, նրան թվում է թե «ռինգ» է մտել:

Ի դեպ, 2020 թվականին երբ Նարեկ Գրիգորյանը դեռ փոխմարզպետ էր ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել որ տվյալներ են ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված մի շարք ապօրինությունների վերաբերյալ։ Համաձայն օպերատիվ տեղեկատվության՝ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետի կինը, Գեղարքունիքի նախկին մարզպետի 2009 թվականի կարգադրությամբ, որպես վերստուգող է հրամանագրվել «Գավառ» բժշկական կենտրոնում, ինչպես և Լճափ, Ծովակ, Գանձակ համայնքներում գործող բուժամբուլատորիաներում, սակայն փաստացի աշխատանքի չի ներկայացել։ Նրա անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7․002․854 դրամը յուրացման եղանակով հափշտակվել է։

Գեղարքունիքի նախկին փոխմարզպետը Արտաշես Նիկոյանն էր՝ գործող փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի կնոջ հայրը, իսկ նախկին փոխմարզպետի կինը՝ Անուշ Բազկոյանը։ Փոխմարզպետի պաշտոնից ազատվելուց հետո Արտաշես Նիկոյանն աշխատանքի է անցել «Գավառ» բժշկական կենտրոնում՝ դառնալով փոխտնօրեն։ Ոստիկանության փոխանցմամբ՝ «Գավառ» բժշկական կենտրոնում 2017 թվականի դեկտեմբերից 2019 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում բուժհաստատությունում պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ցուցաբերված քաղաքացիների անվամբ ստացիոնար հիվանդների բժշկական քարտերում մտցվել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ, ինչի հետևանքով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 3․126․700 դրամ, գումար։ Գործը դեռեւս քննության փուլում է:

Սոնա Գրիգորյան




Լրահոս