«Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը եւ պատրաստակամ է սատարել դրա՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային եւ դրան կից երկու արձանագրություններին համահունչ»,- ընդգծել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանը դեմ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցին Լեռնային Ղարաբաղ։
ՀՀ ԱԳՆ-ի քարտուղարը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար։
«Թե՛ պատերազմական գործողությունների ընթացքում, թե՛ հրադադարի հաստատումից հետո բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային եւ կրոնական այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման եւ վանդալիզմի փաստագրված դեպքերը։ Ավելին` Արցախի կրոնական եւ մշակութային ժառանգության օբյեկտների ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ՝ ականատես ենք լինում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հրահանգով իրականացվող պատմական փաստերի կեղծման, հայկական հուշարձանների ինքնության եւ պատկանելիության խեղաթյուրման, ճարտարապետական տեսքի փոփոխման անընդունելի դեպքերի»,- հայտնել է ԱԳՆ քարտուղարը։ Հունանյանի խոսքով՝ մշակութային հանցագործությունները կոծկելու նպատակով էր Ադրբեջանը տեւական ժամանակ խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցելությունը՝ միաժամանակ կազմակերպությանը մեղադրելով կողմնակալության մեջ։ Ընդգծելով, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից առաքելության իրականացման համար խոչընդոտներ ստեղծելու եւ հարցը քաղաքականացնելու պրակտիկան հիմա էլ շարունակվում է՝ ԱԳՆ-ն հիշեցնում է՝ դեռեւս 2020թ. դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակութային հարցերով տեղակալը հայտարարել էր, որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս առաքելության գործուղմանը։
«Արցախի վտանգված մշակութային եւ կրոնական ժառանգությունը միջազգային ուշադրության հրատապ կարիքն ունի այն պատշաճ կերպով պահպանելու եւ վանդալիզմի դեպքերը կանխելու համար։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացումն ու պատմամշակութային ժառանգության համապարփակ ուսումնասիրությունը կնպաստի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին եւ հնարավոր բացասական զարգացումների կանխարգելմանը», – նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղարը: ԱԳՆ-ի քարտուղարն ընդգծում է, որ հայկական կողմը շահագրգռված է առաքելության՝ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ եւ շարունակում է նպատակամղված ջանքեր գործադրել այս ուղղությամբ: Իլհամ Ալիեւը ՅՈւՆԵՍԿՕ-ին քննադատել է Ադրբեջանի հանդեպ անուշադիր ու կողմնակալ վերաբերմունքի համար: «Մենք, կարելի է ասել, 30 տարի է` նրանց ենք սպասում, ժամանակին խնդրել ենք, որ գան ու արձանագրեն հայերի հասցրած վնասը: ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, հայտարարում էին, թե կառույցը քաղաքական հարցերին չի միջամտում: Պատերազմից հետո մինչդեռ մենք ազդակներ ստացանք, որ նրանք ուզում են գալ: Իհարկե, զարմացանք, բայց համաձայնեցինք: Եվ որքան ես գիտեմ, առաքելությունն արդեն ստեղծվել է, սակայն հիմա Հայաստանն է դեմ, այդ իսկ պատճառով նրանց այցը կրկին հետաձգվում է», – նշել է Ալիեւը:
Ն. Պ.
ՆՎԱԶԵԼ ԵՆ
Հայաստանում ցանքատարածությունները նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ դրանք 2020 թվականին, 2019-ի համեմատ, 5200 հեկտարով պակասել են։ Օրինակ՝ եթե 2017 թվականին Հայաստանում ցանքատարածությունները կազմել են 294 հազար 500 հա, 2018-ին՝ 242 հազար 300 հա, 2019-ին՝ 227 հազար 900 հա, ապա անցյալ տարի դրանք կազմել են 222 հազար 700 հա։ Բայց, սրան զուգահեռ, նկատենք, որ մեկ տարվա ընթացքում պակասել է ցորենի ցանքատարածությունը: Այսինքն` 2017 թվականին ցորենի ցանքատարածությունը կազմել է 82 հազար 400 հա, 2018 թվականին` 66 հազար 700 հա, 2019-ին՝ 59 հազար 900 հա, իսկ անցյալ տարի՝ 59 հազար 400 հա: Ստացվում է, որ 500 հա-ով ցորեն գյուղացին անցյալ տարի, 2019 թվականի համեմատ, քիչ է մշակել: Մյուս կողմից՝ նկատենք, որ ցորենի բերքատվությունը 2020 թվականին, 2019-ի համեմատ, ավելացել է, բայց 2018 թվականի համեմատ՝հակառակը՝ զգալի նվազել է: Օրինակ՝ եթե 2016 թվականին Հայաստանում հավաքվել է 350 հազար 4500, 2017-ին՝ 176 հազար 400, 2018-ին՝ 187 հազար 500, ապա 2020-ին այն կազմել է 132 հազար տոննա ցորեն: Իհարկե, 2019-ի համեմատ՝ ցորենի բերքատվությունը ավելացել է 19 հազար 400 տոննայով: Մասնագետների խոսքերով՝ հացահատիկի խնդիր Հայաստանն առաջիկայում կունենա, եթե չկարողանա Ռուսաստանից մեծ քանակությամբ ներկրել, քանի որ ռազմական դրության արդյունքում ստեղծված իրավիճակի պայմաններում Արցախում վարելահողերը կրճատվել են, եւ ընթացիկ տարում հնարավոր չէ Արցախից Հայաստան հացահատիկ ներմուծել։
Ս.Հ.
ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն հռչակագրային բնույթի չեն, այլ գործընկերային եւ հիմնված են իրատեսական եւ ամուր առեւտրատնտեսական, ներդրումային գործակցության վրա, սակայն կան տարակարծություններ Ղրիմի հարցով»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նկատել է, որ Կրեմլի համար ընդունելի չէ թուրք գործընկերների՝ Ղրիմի մասով ունեցած կեցվածքը, եւ համարում են այն բացարձակապես անընդունելի։ Միաժամանակ նաեւ Պեսկովը հավելել է, որ Մոսկվան լի է համբերությամբ՝ բացատրելու թուրքական կողմին եւ մյուս երկրներին Ղրիմի մասով ռուսական դիրքորոշումը։ Պեսկովը Ղրիմն անվանել է ռուսական ռեգիոն։ «Ցանկացած տարակարծություն պետք է լուծել երկխոսության ճանապարհով։ Մենք պատրաստ ենք երկխոսության»,- շեշտել է Կրեմլի խոսնակը։
ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրով՝ Մեքսիկայում Հայաստանի դեսպան Արմելլա Շաքարյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաեւ Կոստա Ռիկայում, Պանամայում, Նիկարագուայում, Գվատեմալայում, Էլ Սալվադորում եւ Բելիզում (նստավայրը՝ Մեխիկո)։ Արմելլա Շաքարյանը Մեքսիկայում Հայաստանի դեսպանն է 2021թ.-ի հունվարից։
ԱԶԱՏՈՒՄ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Արտյոմ Սմբատյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով, ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ռաֆիկ Մաշադյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
ԿՓՈԽԱՐԻՆԻ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել։ Ռ. Թեւոնյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը:
634 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում օգոստոսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 634 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 239 056-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 4778 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1150 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5928-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 200 է, ընդհանուր առողջացածներինը՝ 224 919, փաստացի բուժվողներինը՝ 8209: Մեկ օրում արվել է 8516 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 504 158 թեստավորում:
ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. օգոստոսի 25-ի հրամանով՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վագիֆի Բաղդասարյանը՝ ազատվելով Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից: