«ՖԻԶԳՈՐՈԴՈԿՈՒՄ» ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանում կառուցապատման նախագիծը եւ քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը հանրային լայն արձագանք են ստացել: Շինարարության կասեցման պահանջով բնակիչները ամիսներ շարունակ պայքարում են՝ իրականացնելով բողոքի գործողություններ, որոնց ընթացքում իրավապահների կողմից կիրառվում է անհամաչափ ուժ: Հանրային եւ խոշոր կապիտալի շահերի բախման կիզակետում մարդիկ ակնկալում ու դեռեւս չեն ստանում պետության աջակցությունը:

 

Քաղաքացիական ակտիվիստ, Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչ Սեդա Գրիգորյանի խոսքով՝ մի քանի օրվա ակտիվ պայքարից հետո խնդիրն իսկապես հանրային հնչողություն ստացավ: «Խնդրո առարկան այն է, որ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքը կամ «Ֆիզգորոդոկը» իր ուրույն դիմագծով, ճարտարապետական լուծումներով եւ պատմությամբ առանձնանում է եւ հիմնադրված լինելով Ալիխանյան եղբայրների կողմից՝ նախատեսված է եղել ինստիտուտի աշխատակիցներ համար… Այսօր եւս այդտեղ բնակվում են ինստիտուտի աշխատակիցների ընտանիքները, ակադեմիկոսների զավակները եւ ոչ միայն: Իր ամբողջականությունը խաթարելու խնդրով Ֆիզիկայի ինստիտուտի բանավանն այժմ կանգնած է ոչնչացման տանող ճանապարհի մեկնարկին»:

Նա ընդգծել է, որ կառուցապատման առկա նախագիծը ոչ միայն ընդունելի չէ 12 հարկանի շենքի՝ սեփականաշնորհման ընթացքի կեղծիքների պատճառով, այլեւ նրանով, որ այդ ամենի արդյունքում կսկսվի թաղամասի ամբողջականության կենսագործունեության խաթարում: Ըստ նրա՝ բնակչները չեն համարում, թե իրենց խնդիրն ուղղակի կառուցապատողի հետ է, եւ քաղաքացի-կառուցապատող դիսկուրսն էլ կեղծ օրակարգ է: Խնդիրը պետական կառույցների անգործության եւ ամենաթողության մեջ է, եւ հանրային տարածքի զավթման գործընթացի համատեքստում ընդգծեց հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանի դերը հետհեղափոխական Հայաստանում, մինչդեռ քաղաքապետ Հայկ Մարությանը ժամանակին այլ խոստումներ էր տալիս, որոնցից մի հատված ներկայացվեց տեսագրությամբ:

Փաստաբան Դավիթ Ազիզյանի խոսքով՝ ի սկզբանե տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի գործընթացն իրականացվել է օրենսդրության կոպիտ խախտումներով. «Մենք փորձել ենք սեփական ուժերով բացահայտել այդ խախտումները եւ ներկայացնել իրավապահ մարմինների քննությանը»: Կառուցապատող կազմակերպության տնօրեն Արթուր Մնացականյանը նշել է, որ նկուղն առկա է տարածքում, թեեւ քաղաքացիները պնդում են, որ ոչ մի նկուղ էլ չի եղել, եւ նկուղի անվան տակ է տարածքը սեփականաշնորհվել: «Երբ կողմը 2018թ. դիմեց ոստիկանություն, տեղազննություն կատարվեց, եւ նկուղի առկայությունը հաստատվեց: Մինչեւ գնելը մենք ուսումնասիրել ենք բոլոր փաստաթղթերը, ուստի չենք կասկածում, որ որեւէ ձեւով ապօրինություն է տեղի ունեցել: Բերվող փաստարկները զուտ կասկածներ են, որոնք պետք է հիմնավորվեն կամ հերքվեն: Դրա համար կա մեջ ճանապարհ` դատարան, այլ ճանապարհ ես չեմ կարող տեսնել եւ չեմ ընդունում: Եթե կողմերը դիմել են դատարան, իրենց իրավունքն են փորձում իրացնել, ես միայն ողջունում եմ: Ես էլ՝ որպես երրորդ կողմ, մասնակից կլինեմ այդ հարաբերություններին… Թաղամասը հուշարձան է ճանաչվել, բայց մեզ՝ որպես այդ թաղամասում սեփականություն ունեցող հիմնարկի, չեն ներգրավել: Ես գտնում եմ, որ դա էլ է խախտում: Հուշարձաններ ճանաչելու ընթացակարգ կա, դրանք պետք է անպայման հաշվառվեն, նկարագրվեն, հետագայում Կադաստրի պետական կոմիտեի կողմից գրանցվեն որպես հուշարձան, տվյալ դեպքում՝ ամբողջ թաղամասը: Դա էլ իր հերթին պետության համար որոշակի պարտականություններ է նախատեսում: Իմանալով, որ մեզ անտեսել են, մեր սեփականության հետ հաշվի չեն նստել, մենք դիմեցինք այդ պետական հիմնարկին եւ պահանջեցինք, որպեսզի հարցը պարզաբանվի»,-ասել է նա:

Կառուցապատող կազմակերպության տնօրենի խոսքով՝ շինարարությունն ապօրինի չէ: «Ապօրինի կլիներ, եթե չունենայինք շինթույլտվություն, մնացած դեպքերում թող իրենց ենթադրությունները չբարձրաձայնեն եւ որպես փաստ չներկայացնեն… Դա ստվեր է գցում մեր ընկերության համբավի վրա»,-ասել է նա:

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ

Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտանակատար Դավիթ Սարգսյանը  օգոստոսի 24-ին որոշում է ընդունել՝ Դիլիջան համայնքի՝ 2021թ. բյուջեով նախատեսված «Սոցիալական օգնություններ» ծրագրից դրամական օգնություն հատկացնելու մասին։ Այդ որոշմամբ համայնքի 32 բնակչի տրամադրվել է ընդհանուր առմամբ 720 հազար դրամ  ֆինանսական աջակցություն։ Մեծամասամբ այդ օգնությունները տրվել են 15-20 հազար դրամի չափով, երկու բնակչի տրվել է  30 հազար դրամի, երկու բնակչի՝ 50 հազար դրամի, մեկ բնակչի՝ 100 հազար դրամի չափով օգնություն։ Աջակցության գումարները փոխանցվել են բանկային  համակարգի միջոցով։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում  հրապարակված համայնքի ղեկավարի պաշտոնակատարի այդ որոշման մեջ նշված են դրամական օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանուննները, հայրանունները, նրանց բնակության հասցեները, յուրաքանչյուրի ստացած գումարի չափը։ Սա կարող է համարվել քաղաքացիների  անձնական տվյալների գաղտնիության խախտում։

 

 

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզպետարանի ինտերենետային կայքում օգոստոսի 24-ին  տեղադրված նյութի վերնագիրն է՝ «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին»։ Մարզպետը չի հանդիպել, մարզպետն իր աշխատավայրում, աշխասենյակում  ընդունել է  դեսպանին։ Մարզպետը, պատասխանելով դեսպանի հարցերին, ներկայացրել է Տավուշի մարզը, վերջին շրջանում մարզում իրականացված աշխատանքները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետ Հայկ Ղալումյանն անդրադարձել է նաեւ մարզում տուրիզմի զարգացմանը, գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ համագործակցության հնարավոր ուղիները: Ուշագրավ է մարզպետարանի պաշտոնական հաղորդագրության վերջին նախադասությունը. «Հանդիպման վերջում հյուրերը փոխանակվել են հուշանվերներով»: Դրանից կարելի է  հասկանալ, որ հյուրերը՝ ԱՄՆ դեսպանն ու դեսպանատան աշխատակիցներից մեկը,  Տավուշի մարզպետի աշխատասենյակում իրար հուշանվերներ են հանձնել: Տավուշի մարզպետարանի ինտենետային կայքում տեղադրված լուսանկարում երեւում է, որ դեսպան Լին Թրեյսիին մարզպետը Հայկ Ղալումյանը պատկերազարդ ալբոմ է նվիրել, Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, նրա կողմից մարզպետ նշանակված  Հայկ Ղալումյանը ի՞նչ պետք է նվիրեր դեսպանին՝ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի արտադրած «Հին Իջեւան» կոնյակ՝ ռուսերեն մեծ տառերով զարդարված տուփի մեջ։ Հուշանվերի տուփի ռուսերեն, ոչ հայերեն մեծ գրառումը դո՞ւր է եկել ԱՄՆ դեսպանին։ Այդ ֆոնին աչքի է զարնում այն, որ ԱՄՆ  դեսպանատան աշխատակիցներից մեկը մարզպետի աշխատասենյակում  ԱՄՆ դրոշի պատկերով  պաշտպանիչ դիմակով է եղել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՀԿ-ՆԵՐԻ ԿՈՉԸ՝ ՍԱՀՄԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հասարակական կազմակերպությունների կոչը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Արդեն մի քանի ամիս է՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, պարբերաբար հրահրում է ռազմական բախումներ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը:

 

Այդ իսկ պատճառով կոչով դիմում ենք միջազգային հանրությանը՝ ներառյալ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրոպական հանձնաժողովին, ինչպես նաեւ առանձին պետություններին՝ դատապարտելու Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը: Զորքերը հետ քաշելու, հրադադարի ռեժիմը վերականգնելու եւ լարվածությունը թուլացնելու կոչերը, որոնք ուղղված են «երկու կողմերին», տեղին  չեն եւ չեն արտացոլում առկա իրավիճակը:

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի ռեժիմի վերաբերյալ հայտարարության ստորագրումից ի վեր՝ Ադրբեջանը չի դադարում Հայաստանի հետ սահմանին իրականացնել ագրեսիվ գործողություններ՝ կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները: Ադրբեջանցի զինվորականները սահմանային որոշ հատվածներից բացահայտ եւ ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք եւ դիրքավորվել: Ավելին՝ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար կրակ են բացում ինչպես հայկական ռազմական դիրքերի, այնպես էլ քաղաքների եւ գյուղերի ուղղությամբ՝ մեծապես վտանգի տակ դնելով խաղաղ բնակիչների կյանքը եւ ապրուստի միջոցները: Գրեթե ամեն օր հնչող կրակոցներից զատ, ականատես ենք եղել նաեւ խաղաղ բնակիչների` ազատությունից անօրինական զրկման, հրազենով սպառնալիքների, նրանց ունեցվածքին վնաս պատճառելու եւ անասունների գողության դեպքերի: Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ամիսներ շարունակ իրականացվող ոտնձգությունները չեն ունեցել իրավական եւ քաղաքական հետեւանքներ եւ միջազգային հանրության կողմից չեն արժանացել համապատասախան արձագանքի, ինչի հետեւանքով էլ Ադրբեջանի սադրիչ գործողությունները վերջին օրերին է՛լ ավելի մեծ թափ են ստացել՝ հանգեցնելով նոր զոհերի:

Այս միջադեպերն արձանագրվել են ինչպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, այնպես էլ տեղական լրատվամիջոցների կողմից: Խախտելով նոյեմբերի 9-ի հրադադարի ռեժիմի հայտարարությունը՝ Ադրբեջանը նմանատիպ ագրեսիվ գործողություններ է իրականացրել նաեւ Արցախի հետ ունեցած սահմանին խաղաղ գործընթացը չեղարկելու եւ լայնածավալ նոր բախումներ հրահրելու նպատակով:

Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողություններն ուղեկցվում են ռազմաշունչ հռետորական հայտարարություններով, տարածքային պահանջներով, ամենաբարձր մակարդակով հնչող ռազմական գործողությունների սպառնալիքներով՝ խափանելով երկխոսության ցանկացած հնարավորություն, վարկաբեկելով եռակողմ հայտարարությունները, ինչպես նաեւ  Ադրբեջանում եւ Թուրքիայում հայերի նկատմամբ տարածելով ատելություն: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններով հաճախ բացահայտ ընդունում են, որ ադրբեջանական ուժերը տեղակայված են Հայաստանի ինքնիշխան տարածքում: Վերջիններս միեւնույն ժամանակ ապատեղեկատվություն եւ կեղծիքներ են տարածում այն մասին, որ հարձակումներ նախաձեռնողը Հայաստանն է: Այս անպատասխանատու գործողությունները ոչ միայն իրենց բացասական ազդեցությունն են թողնում հայ բնակչության կյանքի եւ ապրելակերպի վրա, այլ նաեւ սպառնում են տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը:

 

 

 




Լրահոս