Օգոստոսի 25-ին, կեսգիշերն անց, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ մայրաքաղաքի Տիչինայի փողոցի ռեստորաններից մեկի հետնամասում մի քանի հոգու դանակահարել են։ Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվության ծառայությունից։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբերը պարզեցին, որ մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վնասվածքներով բուժհաստատություն են տեղափոխվել 3 տղամարդ։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։
Կարճ ժամանակ անց պարզվեց, որ տղամարդկանց հետ վիճել եւ նրանց դանակահարել էր մայրաքաղաքի 41-ամյա մի բնակիչ։ Ձեռնարկվեցին միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը նույն օրը ներկայացավ ոստիկանություն եւ տվեց խոստովանական բացատրություն։
41-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն։