NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը հայտարարել է, որ ակնկալում է Ռուսաստանի հետ համագործակցել լուսնային կայանի ստեղծման Gateway նախագծի շուրջ: Նա խոստացել է այս թեման քննարկել Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի հետ:
Gateway-ը տիեզերագնացներին Լուսին ուղարկելու ծրագրի (Artemis) մի մասն է: Կայանը տեղադրվելու է լուսնից մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող ուղեծրում: Նախատեսվում է կայանի համար առաջին մոդուլներն ուղարկել 2024 թվականի մայիսից ոչ շուտ:
«Ես կցանկանայի, որ Ռուսաստանը մեզ հետ համագործակցեր Gateway-ի շուրջ: Ռուսաստանը մեզ տեղյակ չի պահել՝ ցանկանո՞ւմ է համագործակցել մեզ հետ Gateway-ի շուրջ, սակայն, ես կարծում եմ, որ մենք հաստատ ցանկանում ենք նրանց հետ համագործակցություն», – ՌԻԱ Նովոստիին հայտնել է NASA-ի ղեկավարը:
2017 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը և ԱՄՆ-ը ստորագրեցին Deep Space Gateway լուսնային կայանի կառուցման մտադրության վերաբերյալ համաձայնագիր: Հետագայում նախագծի անունը փոխվեց՝ դառնալով Lunar Orbital Platform – Gateway: 2021 թվականի հունվարին Դմիտրի Ռոգոզինն ասաց, որ Ռուսաստանը երբեք չի մտել ԱՄՆ լուսնային ծրագիր: