ՀԱՐՑ. Իմ ծանոթներից մեկը, որը բնակվում է ՌԴ-ում, մշտապես ինձ զանգահարում է եւ սպառնում է, թե հենց եկավ Հայաստան, ինձ համար լավ չի լինելու: Ես ի՞նչ պիտի անեմ եւ ո՞ւմ պիտի դիմեմ, որ նրան հենց օդանավակայանից ձերբակալեն: Ոստիկանությունն ինձ կօգնի՞:Աննա Ասատրյան, 31 տարեկան, ճարտարապետՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին, իհարկե, կարող է դիմել ըստ բնակության վայրի ոստիկանության տարածքային ստորաբաժանում: Եթե զանգահարում եւ իրեն ահաբեկում են, ապա նա, անշուշտ, իրավունք ունի դիմելու ոստիկանություն, եւ ոստիկանությունն էլ պարտավոր է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Հենց օդանավակայանից ձերբակալելը կամ ընդհանրապես միանգամից ձերբակալելը դրանք օրենքով չվերապահված իրավունքներ են: Նախ եւ առաջ պետք է հիմնավորվի, որ տվյալ մարդն իրոք զանգում, ահաբեկում է, եւ պետք է ճշտել, թե իրենք ինչ հարաբերությունների մեջ են: Մի խոսքով, մանրամասներ են պետք: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զավեշտալի պատմություն է: Թեեւ ընթերցողը եթե սպառնալիքների իրական պատճառը նշեր, միգուցե ամեն ինչ ավելի պարզ կդառնար: Ի վերջո, պարբերաբար Հայաստանի քաղաքացուն զանգահարողը հազիվ թե մոլագար լինի ու հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից հարկ համարի երեւանաբնակ իր ծանոթին ժամանակ առ ժամանակ ահաբեկել: Սա այն դեպքերից է, երբ առանց պատճառները պարզելու անհնար է պատկերացնել նաեւ ոստիկանության անելիքը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ