Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված բնակչության, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Եկատերինե Տիկարաձեն հեռախոսազրույց են ունեցել։

Եկատերինե Տիկարաձեն շնորհավորել է Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն՝ ուղղված Հայաստանի բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանը: Վրաց գործընկերն ընդգծել է, որ առողջապահական ոլորտի բազմաթիվ առանցքային հարցերում Վրաստանի և Հայաստանի դիրքորոշումները համընկնում են, ինչը երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարող է հիանալի հենասյուն լինել:

Զրույցի ընթացքում երկու երկրի առողջապահության նախարարները կարևորել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը և բարեկամական կապերի ամրապնդումը: Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ընթացիկ իրավիճակին, հետագա ձեռնարկվող քայլերին։
Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել փորձի և գիտելիքների փոխանակմամբ համավարակի պայմաններում ամրապնդել գործակցությունը` միասնական ջանքերով համավարակի հետ կապված ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու նպատակով: Կողմերը պատրաստակամություն են հայտնել, համաճարակային իրավիճակով պայմանավորված, սատարելու միմյանց:

Գործընկերները պայմանավորվել են երկու երկրի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների մասնագետների միջև կազմակերպել առցանց քննարկում` COVID-19 համավարակի, մասնավորապես` «դելտա» ենթատեսակին առնչվող հարցերի և ոլորտում առկա հրատապ խնդիրների վերաբերյալ: Նմանատիպ հանդիպում-քննարկումը կծառայի հիանալի հարթակ՝ ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ վարակիչ հիվանդությունների ոլորտում մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:




Լրահոս