Արսեն Թորոսյանը ընդհարվել է Փաշինյանի հետ. ՔՊ-ն նրան զրկել է բոլոր հնարավորություններից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության երբեմնի նախարար, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանի հետ սեփական քաղաքական թիմն այն աստիճանի է գժտվել, որ անգամ խորհրդարանում ոչ ոք չի ցանկանում նրա հետ աշխատել: Նա կառավարությունում աշխատելու տարիներին իր գործունեությամբ հասցրել է հենց թիմում բազում թշնամիներ ձեռք բերել:

Բանն այն է, որ Թորոսյանը նպատակ է ունեցել հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո զբաղեցնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնը, սակայն անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է ընդհարվել եւ ստիպված է եղել գործուղվել ՀՀ օրենսդիր մարմին:

Այստեղ էլ մեծ ախորժակ ուներ զբաղեցնելու ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, սակայն ՔՊ խմբակցությունը ակնհայտ ցույց է տվել, որ ոչ մի դեպքում նախագահ չի ընտրելու Արսեն Թորոսյանին: Նա որոշել է չխայտառակվելու համար չառաջադրվել: Թորոսյանը կարծել է, որ գոնե հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը կստանձնի, սակայն ոչ միայն պաշտոն չեն տվել, այլեւ նա, լինելով բժիշկ, Առողջապահության հանձնաժողովում անդամ չի դարձել:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Արսեն Թորոսյանը ընդգրկվել է իր եզակի ընկերներից Արման Եղոյանի ղեկավարած Աժ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում, իսկ այս հանձնաժողովի փոխնախագահ են ընտրել ՔՊ-ական Մերի Գալստյանին: Այսինքն՝ Թորոսյանը շանս չունի անգամ իր հետ որեւէ առնչություն չունեցող այդ հանձնաժողովում շարքային անդամ չլինել:

Իսկ ինչ վերաբերում է ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովին, ապա այստեղ անդամներն են անձինք, որոնք կապ չունեն այդ ոլորտի հետ` ՔՊ խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Հրաչյա Հակոբյանը, Էմմա Պալյանը եւ Հռիփսիմե Հունանյանը:




Լրահոս