Երեկ առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ տեսանյութ հրապարակելով:
Նա նշում է, որ օրվա ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ հրդեհները մարվել են, իսկ Կութի հարևանությամբ հրդեհները չեն մարել ու տարածվել են եղանակային պայմաններից ելնելով: Հրապարակվող լուսանկարները ցույց են տալիս այս պահի վիճակը:
Թաթոյանը ընդգծել է, որ այս վայրերում համայնքների բնակիչների խոտհարքերն են ու արոտավայրերը, իսկ հրդեհներով դրանք պարզապես ոչնչացվում են: Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաև գյուղերի քաղաքացիական բնակչության համար:
Նրա խոսքով, Սյունիքում, Գեղարքունիքում ու Արարատում ադրբեջանական վերջին ժամանակաշրջանի արարքների, այդ թվում՝ կրակոցների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն ուղղակի դիտավորություն, դարձել են թիրախային, իսկ իրավունքների խախտումներն կրում են զանգվածային բնույթ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հերթական հաղորդումը երկուշաբթի օրը՝ օգոստոսի 30-ին համապատասխան առաջարկներով կամ պահանջներով պաշտոնապես կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին ու ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: