ԿԱՊԱՆԻՑ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կողմը նախօրեին փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ այդ հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանք է իրականացվել ճանապարհը բացելու, մարդկանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։ Տվյալ հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատար, մարդատար, ինչպես ՀՀ պետհամարանիշներով, այնպես էլ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաները տարհանվել են, որեւիցե խնդիր չկա քաղաքացիների հետ կապված: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հետ: Նրա խոսքով՝ եռակողմ բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ:

 

-Պարո՛ն Ղահրամանյան, ի՞նչ է կատարվում Սյունիքում: Ո՞ր հատվածն է փակ: Որոտան-Կապան-Գորիս հատվածում ի՞նչ վիճակ է:

-Կապան-Գորիս ճանապարհը,  մոտավորապես՝ 20կմ հատվածում կան մի քանի կետեր, որտեղ Սովետական Հայաստանի եւ Սովետական Ադրբեջանի քարտեզներով վիճարկելի տարածքներ են: Այսինքն՝ ըստ քարտեզների՝ ճանապարհը մտնում է իրենց սահման, մի 500 մետր նորից վերադառնում է մեր սահման: Այդ սահմանում ադրբեջանական կողմը փակել է ինչ-որ դանակահարության  պատճառով, թե, իբր, մեր դիրքապահները իրենց դիրքապահներին են դանակահարել: Ես կարծում եմ, որ սա ուղղակի պատճառաբանություն է: Եռակողմ բանակցությունները շարունակվում են: Ինձ տեղեկացրել են, որ ճանապարհը կբացվի, եւ մարդիկ նորմալ կերթեւեկեն:

-Ադրբեջանական զինվորներն ասում են, որ այդ տարածքը իրենց է պատկանում քարտեզով, եւ իրենք այդ հատվածը փակել ու հրաժարվում են դուրս գալ: Ճի՞շտ է տեղեկությունը:

-Ես ասացի այն, ինչ կա: Վիճելի տարածքներ են կոնկրետ այդ մի քանի կետերը: Կոնկրետ Որոտանից հետո Կարմրաքարից Շուռնուխ այդ վիճելի տարածքներում փակել են ճանապարհը՝ պատճառաբանելով մեր կողմից իրենց զինվորներին դանակահարելու հանգամանքով: Հիմա թե իրենք ինչ են ասում՝ մեր տարածքն է, թե իրենց տարածքն է, դա ինձ չի հետաքրքրում:

-Պարո՛ն Ղահրամանյան, հայկական կողմից ո՞վ է բանակցում: Ի՞նչ բանակցություններ են ընթանում: Մի փոքր մանրամասնեք, խնդրում եմ:   

-Բնականաբար, ես իրավասու չեմ ասել, թե մեր կողմից ով է բանակցում, ռուսական կողմից ով է բանակցում: Պաշտոնական հաղորդագրություններին նայեք, պարզ կլինի: Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե անհատապես ով է բանակցողը, բայց եթե իմանայի էլ, չէի ասի:

-Ես ուզում եմ հասկանալ՝ բանակցություններ ընթանում են արդյոք, թե իրենք փակել են ճանապարհը, եւ մենք պետք է սպասենք: Ովքե՞ր են բանակցում:

-Բանակցություններն ընթանում են դրական լուծում ստանալու ուղղությամբ:

-Իսկ տեղեկություն ունե՞ք բնակիչների մասին: Նրանց տարհանո՞ւմ են: Այդ հատվածը նրանց համար անվտա՞նգ է, թե՞ ոչ:

-Տարհանում չկա: Նախօրեին խոսակցություններ կային, թե ամբողջ գիշեր կրակոցներ են եղել եւ այլն, բայց նման բան չի եղել:

-Այսինքն՝ վտանգավոր որեւէ բան չկա՞:

-Ես տարհանման մասին տեղեկությունը հերքում եմ: Ոչ մի տարհանում չի եղել:

-Դուք տեղեկություն ունե՞ք, որ մինչեւ երեկո իրավիճակը կհարթվի եւ ճանապարհը կբացվի:

-Այո, նման ինֆորմացիա ունեմ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՏԱՐԲԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՎԵՐՑՐԵԼ ԵՆ

ArmLur.am-ը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանից մեկնաբանություն խնդրեց նախօրեին Ազգային ժողովում միջադեպի վերաբերյալ, թե ինչպես պաշտպանության նախկին նախարարը շիշ շպրտեց պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա:

 

-Պարո՛ն Համբարձումյան, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը չի ընդունում քննադատությունը, ինչի արդյունքում շշեր են շպրտում միմյանց վրա, հայհոյում ու ծեծում:

-Չի կարելի դավաճան եզրույթը մարդուն զուտ վիրավորելու եւ վարկաբեկելու նպատակով օգտագործել, այլապես դա վերածվում է զրպարտության եւ դատարկախոսության: Պետք է հասկանալ, որ պետական, հետեւաբար հայրենիքի դավաճան կարող է բացառապես լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով դիտավորությամբ գործողություններ է կատարել ի նպաստ թշնամու եւ նրա օգտին:

Ի՞նչ է նշանակում ձեւակերպումը, որ եթե նախարարի ժամանակ գումարով կամ զանգերով ծառայության հետ կապված ինչ-ինչ հարցեր են լուծվել, ուրեմն այդ նախարարը դավաճան է: Սա անթույլատրելի, անհասկանալի տրամաբանություն է, անհիմն մեղադրանք եւ ակնհայտորեն զուտ մեկ նպատակ կարող է հետապնդել՝ վիրավորել եւ վարկաբեկել նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին, տվյալ դեպքում՝ Սեյրան Օհանյանին, առանց հաշվի առնելու վերջինիս անձը, անցած ճանապարհը, հայրենիքի նկատմամբ ունեցած վաստակը:

Բանակում հարցեր լուծելու համար տարբեր մակարդակի պաշտոնյաներ գումարներ վերցրել են եւ՛ նախկին, եւ՛ ներկա իշխանությունների ժամանակ, ու դրանք անժխտելի եւ արձանագրված բազմաթիվ փաստեր են, սակայն դա չի նշանակում, որ նախարարները կամ երկրի ղեկավարները, այդ թվում՝ ներկայիս նախարարը կամ վարչապետը, նշված հանցավոր երեւույթների հետ ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել կամ կարող են ունենալ, եւ նրանք դավաճաններ են:

Նախկինում, երբ որեւէ մեկի հասցեին տրվում էր դավաճան որակումը, դա համարվում էր լրջագույն, ինչու չէ՝ սարսափելի մեղադրանք, որի հիմնավորվածության համար առնվազն հանրության առջեւ պատասխան պետք է տար եւ՛ մեղադրողը, եւ՛ մեղադրվողը: Այնպես որ, պետք է զգույշ եւ պատասխանատու լինել սեփական խոսքում, արտահայտություններում, խոսել առարկայական եւ փաստարկված, այլապես մենք ԱԺ-ում, ինչու չէ, նաեւ փողոցներում դեռ ականատես կլինենք նմանօրինակ կամ ավելի ծանր բազմաթիվ դեպքերի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՑԱՆԿԸ ԿՎԵՐԱՆԱՅՎԻ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջիկայում կվերանայվի քրեակատարողական հկմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց, խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ կվերանայվի Կողմնորոշիչ ցանկի որոշ հիվանդությունների ախտորոշումների փուլերը, ինչպես նաեւ ծանրության աստիճանները: Մասնավորապես՝ առաջարկվող հիմնական փոփոխությունները վերաբերելու են՝

l մկանակմախքային (ոսկրամկանային) համակարգի եւ շարակցական հյուսվածքների հիվանդություններին եւ դրա փուլերին,

l արյան շրջանառության համակարգի հիվանդություններին եւ դրա փուլերին,

l մարսողական օրգանների հիվանդություններին եւ դրա փուլերին,

l նյարդային համակարգի հիվանդություններին եւ դրա փուլերին,

l ՄԻԱՎ վարակին եւ դրա փուլերին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արդարադատության նախարարությունը դիմել է Առողջապահության նախարարություն, որտեղից, ի պատասխան, արձագանքել են՝ նշելով, որ ՄԻԱՎ վարակով անձին պատժի հետագա կրումից ազատելը անիրատեսական է եւ գործնականում չի կարող իրականացվել, լիովին հիմնավորված է: Ըստ Առողջապահության նախարարության՝ անձին պատժի հետագա կրումից ազատելու նպատակով ավելի կարեւոր է ՄԻԱՎ վարակի կլինիկական ախտորոշումը: Ավելին, անձին պատժի հետագա կրումից ազատելը իրատեսական եւ գործնականում կարող է իրականացվել միայն, եթե պացիենտի մոտ վարակի 4-րդ կլինիկական փուլն է, եւ առկա է խիստ արտահայտված իմունային անբավարարություն, այսինքն՝ այն դեպքում, երբ բուժումն անարդյունավետ է:

 

ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ

«Խաչատուր Սուքիասյանը ոչ մի բարոյական իրավունք չունի, որ Վազգեն Սարգսյանի քննադատի»,- ասել է ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ օրերս հնչեցրած հայտարարություններին:

«Թող ոչ մեկն իրեն չգիտեմ ինչի տեղ չդնի, Վազգենին չքննադատի։ Պետք չէ իրեն սրբի տեղ դնել, ուրիշ բաներ խոսել, ինքը ոչ մի բարոյական իրավունք չունի Վազգենին քննադատի՝ հաղթանակած հրամանատարին, սպարապետին»,-ասել է Ս. Միքայելյանը:

 




Լրահոս