ՆՈՐԱՏՈՒՍՑԻ ՆԱՐԵԿԸ` ՆՈՐ ԹԱՏԵՐԱԲԵՄՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարի դեկտեմբերի 4-ին հայրենի խորհրդարանում հայտնվեց Նարեկ Գրիգորյան անվամբ մի օրենսդիր, որն այդ օրվանից մինչեւ այսօր խորհրդարանում միայն կռիվներ է անում, բոլոր «ռազբորկաների» կիզակետում է… Մի խոսքով, այս երիտասարդը, բացի իր բուն աշխատանքից, զբաղված է ամեն ինչով:

 

Իսկ ո՞վ է Նարեկ Գրիգորյանը: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը ընդամենը 30 տարեկան է, ծնունդով՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքից: 2013թ. ավարտել է Երեւանի Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության կառավարման եւ ինֆորմատիկայի ֆակուլտետը, հիմա էլ պատգամավորը որոշել է սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:

Հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018 թվականին, Նարեկ Գրիգորյանի բախտը բացվում է, ու վերջինս տեղավորվում է Գեղարքունիքի մարզպետարանում՝ որպես մարզպետի տեղակալ: Իսկ երբ ՔՊ-ական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը որոշեց, որ այլեւս չի ցանկանում խորհրդարանում մնալ, նրան եկավ փոխարինելու Նարեկ Գրիգորյանը:

Ըստ Պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալների՝ Նարեկ Գրիգորյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել է զինծառայությունից՝ առանց մանրամասնելու հիմքը: «Հետք»-ին հայտնի էր դարձել, որ Գրիգորյանը զինծառայությունից ազատվել է ինքնավնասման միջոցով: Այդ մասին են վկայում նաեւ Նարեկ Գրիգորյանի թեւերի սպիները, որոնք նրա լուսանկարներում նկատելի են:

Իսկ խորհրդանում Նարեկ Գրիգորյանը միայն այս ընթացքում աչքի է ընկել իր աքլորակռիվ բնավորությամբ: Վերջինս եթե խորհրդարանի դահլիճում է, ապա ընդդիմության բոլոր պատգամավորների ելույթների ժամանակ ռեպլիկներ է բաց թողնում, կռիվներ հրահրում, իսկ իր թիմակիցներն էլ Գրիգորյանին կա՛մ հանդարտեցնում են, կա՛մ դահլիճից դուրս հանում:

Արդեն երկու օր է՝ Նարեկ Գրիգորյանը փայլում է խորհրդարանում իր կռվարարությամբ, հայհոյանքներով, երբ խորհրդարանական ընդդիմությունն ու իշխանությունը միմյանցից հաշվիներ են պահանջում: Նախօերին հենց Նարեկ Գրիգորյանն էր գլխավոր դերում, երբ ծեծուջարդ սկսվեց ԱԺ դահլիճում: Գրիգորյանն իրեն նետում էր բոլոր թեժ կետերում, աջ ու ձախ հարվածում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին:

Կարելի է ասել, որ Գրիգորյանին իշխանությունը խորհրդարան է «բերել» նրա համար, որ վերջինս դառնա խմբակցության «ռազբոյնիկը» ու ցանկացած վեճի պարագայում իրեն նետի պատգամավորների վրա ու սկսի հարվածներ հասցնել: Մի խոսքով, այս պատգամավորը տեղյակ չէ, որ ինքը օրենսդիր մարմնում է, նրան թվում է, թե «ռինգ» է մտել:

Ի դեպ, 2020 թվականին, երբ Նարեկ Գրիգորյանը դեռ փոխմարզպետ էր, ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ տվյալներ են ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված մի շարք ապօրինությունների վերաբերյալ։ Համաձայն օպերատիվ տեղեկատվության՝ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետի կինը, Գեղարքունիքի նախկին մարզպետի 2009 թվականի կարգադրությամբ, որպես վերստուգող է հրամանագրվել «Գավառ» բժշկական կենտրոնում, ինչպես եւ Լճափ, Ծովակ, Գանձակ համայնքներում գործող բուժամբուլատորիաներում, սակայն փաստացի աշխատանքի չի ներկայացել։ Նրա անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7.002.854 դրամը, յուրացման եղանակով հափշտակվել է։

Գեղարքունիքի նախկին փոխմարզպետը Արտաշես Նիկոյանն էր՝ գործող փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի կնոջ հայրը, իսկ նախկին փոխմարզպետի կինը՝ Անուշ Բազկոյանը։ Փոխմարզպետի՝ պաշտոնից ազատվելուց հետո Արտաշես Նիկոյանը աշխատանքի է անցել «Գավառ» բժշկական կենտրոնում՝ դառնալով փոխտնօրեն։ Ոստիկանության փոխանցմամբ՝ «Գավառ» բժշկական կենտրոնում 2017 թվականի դեկտեմբերից 2019 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ցուցաբերված քաղաքացիների անվամբ ստացիոնար հիվանդների բժշկական քարտերում մտցվել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ, ինչի հետեւանքով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 3.126.700 դրամ գումար։ Գործը դեռեւս քննության փուլում է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

5000 ԴՈԼԱՐ ԿԱՇԱՌՔ

Շիրակի մարզի դատավորը 5000  դոլար կաշառք  է ուզել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 25-ին՝ ժամը 11:35-ին, Անահիտ Ալավերդյանը հաղորդում է տվել հանցագործության մասին եւ հայտնել, որ 2018 թվականի մայիսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ՎԴ/12805/05/17 քաղաքացիական գործով դատավոր Մեխակ Գեւորգյանը դատական նիստերի դահլիճում իր օգտին որոշում կայացնելու համար իրենից պահանջել է 5.000 ԱՄՆ դոլար, նույն հարցի շուրջ իր հետ խոսակցություն է ունեցել նաեւ Մեխակ Գեւորգյանի օգնական Գագիկ Հակոբյանը, սակայն գումարն ինքը չի տվել, եւ դատավոր Մեխակ Գեւորգյանի կողմից կայացվել է ակնհայտ անօրինական վճիռ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Անահիտ Ալավերդյանի հաղորդումն ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն:

 

 

ԴԻՄԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Սյունիքում մարդու իրավունքների խախտումների հարցով դիմել է միջազգային կառույցներին: «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ, եւ հրաժարվում են բացել: Այսօր նաեւ տեղեկացանք, որ ադրբեջանական զինծառայողները փակել են նաեւ Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Ադրբեջանի այս անթույլատրելի վարքագծի, մեր քաղաքացիական բնակչության, այդ թվում նաեւ՝ կանանց, երեխաների եւ ծերերի իրավունքների խախտումների վերաբերյալ գրություններ եմ ուղարկել միջազգային կառույցների մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների գրասենյակներ: Ադրբեջանի այս գործողությունները սահմանափակում են մարդու՝ միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքները եւ պետք է միջազգային կառույցների կողմից դիտարկվեն որպես թշնամական գործողություն եւ դաժանություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ»:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ՝ ՊՆ-ՈՒՄ

Արտակ Բուդաղյանն ազատվել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից եւ նշանակվել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հրաչ Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ։

 

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԾՈՒՂԱԿ

«Երաշխիք չկա, որ կառավարության ծրագիրը դառնալու է իրականություն, քանի որ գործող իշխանությունը, որն ինչքան ուժ ունի, չի հասկանում»,- Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Վախ չունեն միայն նրանք, որոնք չեն հասկանում, բայց անվախ են մինչեւ առաջին հարվածը։ Այն, ինչ այս օրերին կատարվում է Հայաստանում լրագրողների, պատգամավորների, համայնքապետների հետ, վախ չունենալու արդյունք է։ Վախ չունեն, որովհետեւ դեռ երբեք միջազգային ծանր բանաձեւերի, ներպետական ատյանների եւ այլ ծանր գործիքների հարվածը չեն ստացել։ Ես երբեք չէի մտածի, որ կրկին կասեմ՝ կա՛նգ առեք։ Ասում եմ, որովհետեւ իշխանությունը կրկին երկիրը տանում է մի նոր ու վտանգավոր ծուղակ։ Գուցե ձեզ վստահություն է տալիս անընդհատ ասելը, որ ժողովուրդը մեզ ընտրել է, մեզ ներել է, մեզ սիրում է, բայց դա մեծ ծուղակ է»,- նշեց նա։

 

 

ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՑ

Գյումրիում հոկտեմբերի 17-ին նշանակված ավագանու համամասնական ընտրությունների համար առաջադրումները կսկսվեն սեպտեմբերի 2-ից։ Ընտրությունների արդյունքում կորոշվի, թե ով կլինի Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի քաղաքապետը։ Մինչ այս պահը, սակայն, որեւէ քաղաքական ուժ, այդ թվում եւ՝ իշխողը, պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մտադրության մասին։ Որոշ ուժեր տեղեկացրին, որ բանակցում են այլ ուժերի հետ, մեծ մասը սպասում է իրենց կուսակցությունների որոշմանը եւ ձեռնպահ են մնում մեկանաբանություններից: Հայտնի չէ նաեւ, թե արդյոք ընտրապայքարին կմիանա Գյումրին արդեն 9 տարի ղեկավարող Սամվել Բալասանյանը։ Բոլոր 82 տեղամասերի աշխատանքը կհամակարգի թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը: Քվեարկությանը այս անգամ եւս, ինչպես Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, գրիչ չի օգտագործվի, քաղաքացիները քվեատուփ կգցեն իրենց նախընտրած ուժի քվեաթերթիկը։

 

 

ՆՈՐ ԴԵՍՊԱՆ

Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան է նշանակել Անն Լույոյին: Ջոնաթան Լաքոթն իր առաքելությունը կավարտի օգոստոսի 31-ին:

 




Լրահոս