Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը հուլիսի սկզբին աղիների վիրահատության էր ենթարկվել, հայտնել է, որ բուժեղբայրը փրկել է իր կյանքը: Այս մասին սրբազան քահանայապետը խոսել է Cope իսպանական ռադիոկայանին տված հարցազրույցում, որի ամբողջական տարբերակը կհրապարակվի չորեքշաբթի:
«Բուժեղբայրներից մեկը՝ մեծ փորձ ունեցող մի մարդ, փրկել է կյանքս: Երկրորդ անգամ է, որ կյանքս փրկում է բուժեղբայրը. առաջինը եղել է 1957 թվականին»,- ասել է Ֆրանցիսկոս պապը՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով թոքի վիրահատությունը:
Հարցազրույցի ներկայացված հատվածում չի մասնավորեցվում, թե ինչպես է տեղի ունեցել երկրորդ դեպքը, երբ փրկել են պապի կյանքը: Իսկ իր ինքնազգացողության մասին հարցին քահանայապետը պատասխանել է. «դեռևս ողջ եմ»:
Պապի ներկայացուցիչը, որը նույնպես մասնակցել է զրույցին, նշել է, որ ամեն անգամ երբ քահանայապետը հիվանդանում է, լուր է տարածվում կոնկլավի (կարդինալների փակ ժողով, որի ժամանակ նոր պապ է ընտրվում՝ խմբ.) մասին: