ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացման եղանակով հափշտակություն եւ պաշտոնեական կեղծիք կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Պարզվել է, որ Ջրաձոր համայնքի ղեկավարը, 2010-2016թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, ապօրինի, շահադիտական դրդումներով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, յուրացման եղանակով հափշտակել է նշված համայնքի առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները եւ գույքը, կազմել եւ շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնեական փաստաթղթեր:
Մասնավորապես՝ համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հաստատապես տեղյակ լինելով, որ եղբայրը՝ համայնքապետարանի նախկին հաշվապահը, 2011թ. դեկտեմբերից մինչեւ 2012թ. ներառյալ բացակայել է ՀՀ-ից եւ աշխատանքի չի հաճախել, վերջինիս անվամբ փաստացի ելքագրել է աշխատավարձի գումարներ եւ հանձնել նրա ընտանիքի անդամներին:
Բացի այդ, համայնքի ղեկավարը 2012թ. հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների ընթացքում համայնքապետարանի հաշվապահի անվամբ ելքագրվելիք աշխատավարձը ձեւակերպել է համայնքապետարանում նշված ժամանակահատվածում որեւէ հաստիք չզբաղեցրած անձի անվամբ, իսկ որպես աշխատավարձ փաստացի ելքագրված գումարը յուրացման եղանակով հափշտակել է:
Այնուհետեւ վատնման եւ յուրացման եղանակով համայնքի դրամական միջոցները հափշտակելու դրդումներով համայնքի նախկին ղեկավարը կազմել եւ շրջանառության մեջ է դրել իրավաբանական փաստեր հավաստող եւ իրավաբանական հետեւանքներ առաջացնող պաշտոնեական փաստաթղթեր՝ աշխատավարձերի վճարման տեղեկագրեր, որոնցում ստորագրել է վերոհիշյալ անձանց անվան դիմաց եւ այդկերպ կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնեական փաստաթղթերում, թե, իբր, որպես աշխատավարձ ելքագրված գումարները վճարվել են վերջիններիս՝ իր ստորագրությամբ եւ համայնքապետարանի կնիքով հաստատել ու շրջանառության մեջ է դրել կեղծ տվյալներ պարունակող աշխատավարձերի վճարման հիշյալ տեղեկագրերը:
Շարունակելով գույք հափշտակելու իր մտադրության իրականացումը` համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2010-2015թթ. ընթացքում համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել համայնքի միջոցներից անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու հարցը եւ համայնքի ավագանու դրական որոշման առկայության պայմաններում համայնքի բյուջեից համայնքի անապահով բնակիչների անվամբ, որպես միանվագ դրամական օգնություն, ելքագրել է գումարներ, որոնք չի փոխանցել նշված անձանց եւ յուրացման եղանակով հափշտակել է դրանք:
Բացի այդ, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ համայնքի ղեկավարը, օգտվելով այն հանգամանքից, որ 2011թ. հունիսի որոշմամբ համայնքի ավագանին համաձայնություն է տվել դեռեւս խորհրդային տարիներին Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի վերաբնակեցման համար կառուցված թվով 12 կիսակառույց շինությունները օտարելու եւ դրանց մեկնարկային գները հաստատելու վերաբերյալ իր կողմից ներկայացրած առաջարկությանը, 2011-2016թթ. ընկած ժամանակահատվածում ապամոնտաժել եւ մասնավոր անձանց է օտարել նշված շինությունների՝ 2.970.000 ՀՀ դրամ արժողությամբ կոնստրուկցիաները, սակայն վաճառքի արդյունքում գոյացած գումարները չի մուտքագրել համայնքի բյուջե եւ այդկերպ վատնելու եղանակով հափշտակել համայնքի՝ 2.970.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը:
Արդյունքում համայնքի ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում միասնական հանցավոր մտադրությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու եւ վատնելու եղանակով հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 4.080.325 ՀՀ դրամ գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Ն. Պ.
ՇՂԹԱՅԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐ
Երեկ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա 59 շենքի դիմաց բախվել են Mercedes, Hyundai Sonata, թիվ 18 երթուղին սպասարկող Bogdan ավտոբուսն ու թիվ 23 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։ Վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաեւ ապահվագրական ընկերությունների ներկայացուցիչները։
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ՝ ՓԱԿ
Ադրբեջանական զինված ծառայողները երեկ փակել են նաեւ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Այս փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ։ «Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը եւ ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ: Ադրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը եւ ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Ինքնին նրանց ներկայությունն այդ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի եւ միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների խախտում է:
Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը ադրբեջանական զինված ծառայողների կողմից երեկ գիշերը՝ 23:00-ի սահմաններում փակելուց հետո այս հատվածով նույնպես մարդկանց տեղաշարժը դադարեցված է»,- ասված է գրառման մեջ:
ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆԿԵԼ Է
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 11։50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի 7/4 հասցեում՝ կիսակառույց շինության տարածքում, տղամարդու դի կա։ Ոստիկանները նշած վայրում հայտնաբերել են Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 54-ամյա Վարդգես Իգիթյանի դին։ Վ. Իգիթյանը շինարարական աշխատանքներ կատարելիս մոտ 6 մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքում գործող «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվող, Էջմիածին քաղաքի 52-ամյա բնակիչը եւ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021թ. հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, որը, քննությամբ ձեռք բերված տվյալներով, Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ 52 տարեկան, մուտք էր գործել «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութ, հետեւից ծածկել խանութի մուտքի մետաղյա դուռը եւ վաճառողուհու նկատմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ դանակով եւ ձեռքերով հարվածներ էր հասցրել վերջինիս գլխի եւ դեմքի տարբեր հատվածներին՝ պատճառելով տարաբնույթ մարմնական վնասվածքներ, որից հետո խանութի դրամարկղից վերցրել էր գումար եւ դիմել փախուստի՝ իր հետ վերցնելով նաեւ աշխատակցուհու բջջային հեռախոսը:
Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի եւ մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է անձի ճանաչման քննչական գործողություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ, ստացվել են արյան նմուշներ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: