ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա եւ մեր քաղաքացիների աչալրջության շնորհիվ՝ սույն թվականի օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաեւը։

 

Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ առերեւույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու եւ լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Ջ. Բաբաեւը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն։ Սույն դեպքի հանգամանքների վերաբերյալ առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Միաժամանակ հարկ ենք համարում արձագանքել սույն դեպքի շուրջ երեկվանից սկսված հրապարակումներին։ ԱՀ դատախազությունն անընդունելի է համարում Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն ու ռազմական ոլորտին վերաբերող տեղեկությունների տարածման, հրապարակման, համացանցային տիրույթ ներբեռնելու եւ ինքնագործունեության նմանատիպ այլ դրսեւորումները։ Դրանք հաճախ կարող են առաջացնել անդառնալի հետեւանքներ, խոչընդոտել այլ հանցագործությունների արագ կանխման, խափանման եւ դեպքի հանգամանքների լիարժեք բացահայտման գործին, առաջացնել չհիմնավորված խուճապ կամ անվերահսկելի ու անկառավարելի վիճակ՝ իր բոլոր բացասական հետեւանքներով, որոնք, կարծում ենք, հասկանալի ու կռահելի են։ Նման դրսեւորումները զուգորդվում են նաեւ մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակմամբ, տուժողի բնակարանի, ինքնության կամ անձնական այլ տվյալների բացահայտմամբ, որը եւս ենթակա է բացառման:

Երբ իրավապահ մարմինները քննարկում են հակառակորդի կողմից հնարավոր դիվերսիոն գործողության կազմակերպման կամ հանցավոր խմբի կողմից ԱՀ տարածք ներթափանցելու եւ լրտեսելու հնարավոր վարկածները, որոնց պատշաճ քննարկումը եւ հանցավորներին հայտնաբերելու հնարավորությունը ուղղակիորեն փոխկապակցված է հանցակցի բացահայտման դեպքի գաղտնիության հետ, իսկ դրան զուգահեռ՝ ԱՀ քաղաքացիների կամ այլ անձանց կողմից ընթանում է դեպքի հանգամանքների ինքնագլուխ լուսաբանում կամ տարածում, ապա այդպիսի իրավիճակում հաջողության հասնելու հնարավորությունը գրեթե զրոյացվում է:

Այդպիսի իրավիճակներից խուսափելու համար կարեւոր են իրավապահ մարմինների մասնագիտական որակները, այս կամ այն քննչական գործողության կազմակերպման օպերատիվությունն ու գաղտնիության ապահովման հմտությունները, սակայն քաղաքացիների կողմից քաղաքացիական գիտակցություն, համբերատար զսպվածություն ցուցաբերելը, այս կամ այն լուրը առաջինը տարածողի` հանրորեն վտանգավոր հետեւանքներ ծնող գայթակղությունից զերծ մնալու պարտադիրության գիտակցումն անհրաժեշտություն է:

Հավաստիացնում ենք՝ մերօրյա արտաքին ու ներքին սպառնալիքների, վտանգների պայմաններում ԱՀ դատախազությունը բաց ու հրապարակային է աննախադեպ չափով, պատրաստ է պատասխանել հրապարակման ենթակա ու գաղտնիք չպարունակող տեղեկության վերաբերյալ ցանկացած հարցման: Ուստի նման իրավիճակներում առավել նպատակահարմար է ապավինել տեղեկության ստացման սահմանադրական իրավունքներին:

 

 

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի ժամանակացույցը։ Այս մասին տեղեկացրել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Ըստ այդմ՝ «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Քիմիա» եւ «Ֆիզիկա» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին։  «Հայոց լեզու» առարկայի ուսուցիչների ատեստավորումը նշանակված է սեպտեմբերի 19-ին, «Մաթեմատիկա» առարկայի ուսուցիչներինը՝ սեպտեմբերի 25-ին, իսկ «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչներինը՝ սեպտեմբերի 26-ին։ Ատեստավորման քննությունները տեղի կունենան Երեւանի թիվ 46, թիվ 170, թիվ 189 եւ թիվ 190 ավագ դպրոցներում։

Նշենք, որ «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրին» ողջ հանրապետությունում դիմել է 1371 ուսուցիչ։ Երեւանում դիմել է 370, Արագածոտնի մարզում՝ 70, Արարատի մարզում՝ 96, Արմավիրի մարզում՝ 107, Գեղարքունիքի մարզում՝ 118, Լոռու  մարզում՝ 138, Կոտայքի մարզում՝ 119, Շիրակի մարզում՝ 148, Սյունիքի մարզում՝ 86, Վայոց ձորի մարզում՝ 21, Տավուշի մարզում՝ 98 ուսուցիչ:

Հիշեցնենք, որ կամավոր ատեստավորումը եւ ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգումը կատարվում են բացառապես ուսուցչի ցանկությամբ` նրա կողմից հայտ ներկայացնելու պարագայում: Կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել 7-12-րդ դասարաններում Հայոց լեզու, Գրականություն, Հայ գրականություն, Հայոց պատմություն, Հանրահաշիվ, Երկրաչափություն, Քիմիա, Ֆիզիկա, Աշխարհագրություն եւ Կենսաբանություն դասավանդող ուսուցիչները։

Հավելենք, որ կամավոր ատեստավորման արդյունքում 90 տոկոս եւ ավելի միավոր հավաքած ուսուցիչները կստանան 50 տոկոս, 80-89 միավոր հավաքելու դեպքում` 30 տոկոս հավելավճար: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած` աշխատավարձի պահպանմամբ, այսինքն` նրանք հավելավճար չեն ստանա: Մինչեւ 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի նախկին աշխատավարձը կպահպանվի. նրան կառաջարկվի պարտադիր վերաատեստավորում՝ մեկ տարի անց:

Ն. ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

ԿՈՎԵՐԸ ՊԱՅԹԵԼ ԵՆ ԱԿԱՆԱՊԱՏ ԴԱՇՏՈՒՄ

Օգոստոսի 25-ի երեկոյան Նոյեմբերյան խոշոր համայնքի  Ոսկեպար գյուղի սահմանագոտում ոսկեպարցիներին պատկանող խոշոր եղջերավոր անասուններ են հայտնվել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց ոչ հեռու գտնվող  սահմանամերձ, ականապատ տարածքում։ Ոսկեպարի բնակիչ Մեխակ Ստեփանյանի կովը եղել է  ականապատ տարածք մտած  խոշոր եղջերավոր անասունների մեջ, սակայն  ինքնուրույն դուրս է եկել այդտեղից։ Մ. Ստեփանյանը հայտնեց, որ  Ոսկեպարի բնակչներին պատկանող  5  խոշոր եղջերավոր անասուն է  հայտնվել ականապատ  գոտում, դրանցից երկուսը ինքնուրույն  դուրս են եկել  վտանգավոր տեղանքից, երկուսը վիրավորվել են հակահետեւակային ականների պայթյունից եւ գտնվում են  ականապատ տարածքում, մի կենդանու վիճակն անհայտ է։ Մոտ 5 տարի առաջ  Ոսկեպարի բնակիչներին պատկանող փոքր նախիր էր հայտնվել նույն   ականապատ տարածքում, որոշ կենդանիներ պայթել էին ականների վրա։ Ոսկեպարում խոշոր եղջերավոր անասուններին անասնատերերը կամ` վարձու նախրապաններ չեն հսկում, դրանք, ազատ արածելով, թափառելով,  ջուր են խմում Ոսկեպար գետում, ապա բարձրանում գետին հարակից  ականապատ  տարածք, ուր  խոտը  շատ է ու կանաչ։ Ականապատ տարածքը միջպետական  ճանապարհի կողմից փշալարով  պատված է, սակայն գետի կողմից՝ անպաշտպան, այդ տեղով էլ  անասունները արածելու համար մտնում են ականապատ  տեղանք։

 

 

ԴԱՐՁԵԼ Է ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 17-ի  հրամանագրով՝ Արման Կուրեխյանը նշանակվել է  վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության  դատարանի նախագահի պաշտոնը։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանից հայտնեցին, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ է նշանակվել Սարգիս Արմենակյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական կայքում հրապարակված նախագահի հրամանագրերի մեջ տեղադրված չէ Ս. Արմենակյանին  դատարանի նախագահ նշանակելու հրամանագիր։ Ս. Արմենակյանը  մինչ  Տավուշի մարզի ընդհանուր  իրավասության դատարանի նախագահ  նշանակվելը  քաղաքացիական գործերով դատավոր էր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում։

 

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Օգոստոսի 25-ին Դիլիջան քաղաքով Տավուշի մարզ է մտել Ռուսաստանի Դաշնության բավականաչափ քանակի տեխնիկա: ՌԴ դրոշներով ռազմական ավտոմեքենաները շարժվել են Իջեւանի ուղղությամբ: Հավանական է, որ այդ ռազմական տեխնիկան նախատեսված է  սահմանամերձ  Ոսկեպար  եւ Ազատամուտ բնակավայրերում  տեղակայվելիք ռուսական զինվորականների ուղեկալների համար։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս