Լույս է տեսել Լոիզ ֆիշեր-Ռուգեի «Իմ հայ երեխաները» փաստավավերագրական գրքի հայերեն տարբերակը: Գերմանաամերիկյան հեղինակի գրքի բնօրինակը գերմաներենով լույս էր տեսել 1989 թվականին Գերմանիայում: Այն 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Մոսկվայի «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» տեղափոխված հայ երեխաների ու նրանց օգնություն հասած բժիշկների պատմությունն է: Հեղինակի համար սա նաեւ ինքնակենսագրական է:
Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի ունեցավ Շիրակի մարզային գրադարանում: Շնորհանդեսին ներկա էին ոչ միայն հեղինակը՝ Լոիզ ֆիշեր-Ռուգեն ամուսնու հետ, Մոսկվայում այդ ժամանակ հայ երեխաներին բուժող բժիշկները՝ Օլգա Լայշեւան եւ Գուդրուն Միկը, այլ նաեւ այն երեխաները, ում ճակատագիրը ոչ միայն այն ժամանակ, այլ նաեւ մինչ օրս հուզում է հեղինակին: Սպիտակի երկրաշարժից 33 տարի անց բոլորին հավաքելու գաղափարը գրքի հայերեն թարգմանությունը ստանձնած Վանուհի Բաղմանյանինն էր, որը եւս ներկա էր գրքի շնորհանդեսին: «Հետաքրքիր պատմություն ունի գրքի թարգմանությունը. ամեն ինչ սկսվեց, երբ ընկերուհիս՝ Ազնիվը, որ գրքի հերոսուհիներից մեկն է, մի օր ինձ տալով գերմաներեն գիրքը՝ խնդրեց ինձ կարդալ ու թարգմանել այն հատվածը, որտեղ հեղինակը պատմում էր իր մասին: Հետո, երբ ես Գերմանիա գնացի, որոշեցի գտնել հեղինակին ու խնդրել թույլտվություն՝ գիրքը թարգմանելու»,-պատմում է Վանուհի Բաղմանյանը:
Մոսկվայի հիվանդանոց տեղափոխված երեխաները ոչ միայն բժշկական օգնություն ստացան, այլ նաեւ հոգեբանական լուրջ աջակցություն: «Ասես երեկ լիներ, ես այդ ժամանակ 14 տարեկան էի, Գյումրիի թիվ 2 դպրոցից մեզ տեղափոխեցին նախ Երեւան, ապա՝ Մոսկվայի մանկական հիվանդանոց: Մենք երկար բուժում ստացանք այդ հիվանդանոցում: Լոիզ ֆիշեր-Ռուգեն ամբողջ օրը մեզ հետ էր, եւ ինքը ոչ թե հյուր կամ գրող էր մեզ համար, այլ մեր բոլորի տան անդամն էր: Հեղինակը շատ լուսանկարներ էր արել, բայց երբ գիրքը տալիս է հրատարակչության, գերմանացի հրատարակիչները լուսանկարներ չեն տեղադրում՝ ասելով, որ գիրքն այսպես՝ առանց նկարների շատ խոսուն է»,- ասաց Գյումրու բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը, ում մասին հեղինակն իր գրքում պատմել է: Երեխաների համար գիրքն անակնկալ էր, եւ հայերեն տարբերակին ծանոթանալու հնարավորություն ստացան միայն գրքի շնորհանդեսից հետո՝ գրքի հեղինակի մակագրությամբ։
«Հուզված եմ ու անչափ ուրախ, որ տարիներ անց՝ այսօր, այստեղ տեսնում եմ իմ բոլոր հայ երեխաներին առողջ ու մեծացած, երջանկություն է, անպատմելի երջանկություն»,- նշեց Լոիզ ֆիշեր-Ռուգեն: Գրքի հայերեն տարբերակը լույս է տեսել DARAK հրատարակչությունում: Կազմին «Արմենպրես» գործակալության թղթակից Մխիթար Խաչատրյանի լուսանկարներն են:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ
Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության 8-րդ տուրում «Բոկա Խունիորսը» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Պլատենսեի» նկատմամբ: Հյուրերի կազմում խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը մեկնարկային կազմում հանդես է եկել 82 րոպե: Դա «Բոկա Խունիորսի» կազմում 25-ամյա Բալեկյանի առաջին գոլն էր Արգենտինայի առաջնությունում: Հիշեցնենք, որ արգենտինահայ ֆուտբոլիստը հունիսի 18-ին արգենտինական «Ուրականից» էր տեղափոխվել «Բոկա Խունիորս», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Բալեկյանը 2018 թվականից է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում, իսկ «Ուրականին» միացել էր 2016-ին:
ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ
Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի մասնակցի «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի խաղին. հաղորդում է AS-ը: Խորվաթիայի հավաքականի 35-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել Արքայական ակումբի հերթական մարզումը եւ անհատական ծրագրով աշխատել մարզասրահում: Նա մասնակցել է նաեւ «Լեւանտեի» դեմ առաջին տուրի խաղին (3:3): «Ռեալին» չեն օգնի նաեւ Տոնի Կրոսը, Ֆերլան Մենդին ու Դանի Սեբալյոսը, իսկ Մարսելոն ու Մարիանոն վերադարձել են ընդհանուր խումբ: «Բետիս» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 28-ին:
ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին գոլն է խփել արգենտինական «Բոկա Խունիորս»-ի կազմում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Բոկա Խունիորս»-ն Արգենտինայի առաջնության 8-րդ տուրում մրցակցի հարկի տակ մրցել է «Ատլետիկո Պլատենսե» ակումբի հետ ու հաղթել 3:1 հաշվով: Խաղի 23-րդ րոպեին հաշիվը բացել է Նորբերտո Բրիասկո Բալեկյանը: Արգենտինայի առաջնության 8-րդ տուրից հետո «Բոկա Խունիորս»-ը 10 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը: «Բոկա Խունիորս»-ն առաջատար «Լանուս» ակումբից հետ է 6 միավորով:
ՇԱԽՄԱՏԻՆ ԿԱՐՈՏԵԼ ԷՐ ԵՎ ՀԱՂԹԵՑ
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանը վերջին հաջողությունը կապում է նրա հետ, որ ինքը կարոտել էր շախմատին` քովիդով պայմանավորված դադարից ելնելով: «Չգիտեմ, թե ինչպես այսպես ստացվեց այս տարի, գուցե նրանից է, որ կարոտել եմ շախմատը, նրանից էր, որ մեկուկես տարի ոչ մի մրցաշար չունեինք, եւ ես կարոտել էի շախմատը»,-ասաց նա:
Ըստ Դանիելյանի՝ մրցաշարի առաջին հատվածում ինքն արդեն իսկ հաջող պարտիաներ էր անցկացնում, եւ բնական է, որ մրցաշարի երկրորդ հատվածն ավելի բարդ ստացվեր: «Մրցաշարի երկրորդ հատվածում ավելի նյարդային էի գործում: Եվ հատկապես վերջին երկու պարտիաները ամենադժվարն էին ինձ համար, դժվար էին ոչ թե շախմատային տեսանկյունից, այլ հոգեբանորեն, քանի որ արդեն հասկանում էի, որ մոտ եմ Եվրոպայի առաջնության չեմպիոնությանը»,-շեշտեց շախմատիստուհին:
Ամփոփելով Եվրոպայի առաջնությունը՝ Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանն առանձնացրեց, որ թե՛ հավաքականի անդամների եւ թե՛ մյուս մասնակիցների համար բավականին հաջող ստացվեց: «Աննա Սարգսյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է, ինչը, իմ կարծիքով, մեր շախմատիստների համար շատ լուրջ արդյունք է: Իսկ ինչ կապված է Էլինա Դանիելյանի արդյունքին, ապա իրեն էլ միշտ ասել եմ, որ խանգարում էր զգացմունքային խաղը: Իսկ այս մրցաշարում չեղավ էմոցիոնալ խաղ, եւ դրա համար էլ պարտություն չունեցավ ոչ մի պարտիայում»,- ասաց մասնագետը:
Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվել է Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն՝ 11 հնարավորից հավաքելով 9 միավոր: Դանիելյանը վերջին տուրում հաղթեց Էստոնիան ներկայացնող Նարվա Մային: Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում:
Ռումինիայի Յասի քաղաքում կայացած Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում էին 29 երկրների 117 շախմատիստուհիներ։ Մրցաշարի մասնակիցների թվում էին 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ եւ 17 կանանց միջազգային վարպետ։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը եւ Մարիա Գեւորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը եւ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ