Եթե Փաշինյանի այցի ժամանակ տրանսպորտային հաղորդակցության բացման հարց քննարկվի, շրջադարձային կլինի. վրաց քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ազգային ժողովում՝ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնելու ժամանակ։ «Չեմ կարող չհիշատակել վարչապետ Ղարիբաշվիլիի անձնական ներդումը հունիսի 12-ին մեր 15 գերիների վերադարձը կազմակերպելու գործում», – նշել էր Փաշինյանը:

Նշենք, որ կառավարության ծրագրում, որն արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից, հստակ հիշատակում կա հայ-վրացական հարաբերությունների մասով: Նշվում է, որ ՀՀ-ն կշարունակի ապահովել առանձնահատուկ եւ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը, իսկ Թբիլիսիի հետ հաղորդակցական կապերի բարելավումը ռազմավարական նշանակություն ունի։ Հայաստանը մտադիր է նաև խորացնել կապերը քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն, մշակութային, մարդասիրական և զբոսաշրջային ոլորտներում, եւ դա կենսական կարևոր նշանակություն ունի երկու երկրի համար։

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեի հետ:

-Պարո՛ն Վասաձե, առաջիկայում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան: Ինչ եք կարծում՝ ինչ կարելի է սպասել երկու երկրների առաջնորդների հանդիպումից:

-Իրականում երկու հանգամանք կա, որոնք ուշադրության են արժանի Նիկոլ Փաշինյանի այցի հետ կապված: Առաջին հանգամանք այն է, որ նա առաջին անգամ է Վրաստան այցելում վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո: Մյուս հանգամանքն այն է, որ իր ընտրվելուց հետո Փաշինյանն առաջին այցը կատարեց Իրան: Եվ հիմա իրադարձությունները այնպես են զարգանում, որ տրանսպորտային հաղորդակցության բացումն իսկապես հնարավոր է եւ Եթե Չինաստանը աջակցի ֆինանսապես Իրանին, ապա կարող է նման հարց առաջանալ: Եվ այդ պարագայում դա իսկապես լուր պրոյեկտ կլինի: Ես հստակ տեղեկություններ չունեմ, բայց եթե այդ թեման բարձրացվի երկու երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ, ապա դա շրջադարձային այց կարելի է համարել:

-Իսկ ի՞նչ մակարդակի վրա են այժմ գտնվում հայ-վրացական հարաբերությունները եւ արդյոք դրանք փոխվել են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո:

-Ես միշտ ասել եմ, որ հարեւանների հետ պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատել, պետք է լինեն այնպիսի քայլեր, որոնք կլավացնեն տընտեսության վիճակը, ինչօես նաեւ քաղաքացիների կյանքը՝ հաշվի առնելով, որ երկու երկրների միջեւ մարդկանց հոսքը ակտիվ է:

-Իսկ այդ հարաբերությունները փոխվե՞լ են հեղափոխությունից հետո:

-Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ դրանք որեւէ կերպ փոխվել են: Ինձ թվում է՝ դրանք մնացել են նույն մակարդակի վրա, պարզապես Հայաստանի կառավարության կողմից ավելի մեծ հետաքրքրություն է առկա, ինչը ողջունելի է: Փաշինյանը մի ժամանակ ասել էր, որ Վրաստանի հետ հարաբերոեւթյունները պետք է առաջնային լինեն, եւ նա պահում է իր խոստումը, այլ հարց է, որ ընդհանուր առմամբ հարաբերություններ կան կարեւոր նաեւ այլ երկրների հետ, սակայն անզեն աչքով էլ տեաանելի է, որ նրա համար Վրաստանի հետ հարաբերություններն իսկապես կարեւոր են:

-Հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող դեպքերի մասով ինչպիսի դիրքորոշում ունի Վրաստանը:

– Ես կարծում եմ՝ Վրաստանը դժվար թե թե որեւէ տեսակետ հայտնի, բացի նրանից, որ կայունությունը տարածաշրևջանում կարեւոր է: Վրաստանը չունի ռեսուրս, որպեսզի ազդի իրադարձությունների կամ իրավիճակի վրա: Այժմ Ռուսաստանի Դաշնությունն է գլխավորը եւ հաշվի առնելով, որ Վրաստանն ու Ռուսաստանը չունեն հարաբերություններ, ապա ինչ-որ բան սպասել պետք չէ: Իհարկե, հնարավոր է այդ հարցի քննարկում լինի երկու երկրների ղեկավարների միջեւ, բայց ոչ ավելի:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս