ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ առողջապահության նախկին նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի քրեական գործով:
Նախարարի նախկին տեղակալի գործով մեղադրյալի աթոռին են եւս 5 անձ: Վահան Պողոսյանի նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել, որ նա, հանդիսանալով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, կազմակերպության իրավունքներին և օրինական շահերին, իսկ ծառայության գծով թողտվության և հովանավորչության համար Արմեն Հայրապետյանից ստացել է գույքային առավելության տեսքով խոշոր չափերով կաշառք՝ պահանջել է Կենտրոնի միջոցների հաշվին կատարել մեքենայի ընթացիկ ծախսերը և յուրաքանչյուր ամիս ստացել է նաև 100 լիտր բենզինային վառելիքի կտրոններ:
Բացի այդ, Վահան Ռաֆիկի Պողոսյանը կազմակերպել և ղեկավարել է Կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանի կողմից «Տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության» ծրագրից 2 աշխատակից գրանցելու միջոցով, յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակության կատարումը:
Ք. Մ.