ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորանկախ Հայաստանի եւ Արցախի պատմության մեջ առաջին անգամ Արցախի անկախության օրվա միջոցառումները կանցկացվեն առանց ՀՀ բարձր ղեկավարության մասնակցության: Մասնավորապես, սեպտեմբերի 1-ին Արցախում տեղի է ունենալու խորհրդարանի հատուկ նիստ, ապա հաջորդ օրը՝ անկախության օրվան նվիրված միջոցառում, որին, սակայն, ներկա չեն լինի ո՛չ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը նշեց, թե տեղեկություններ չունի նշված պաշտոնյաների մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ, սակայն նշեց, թե հատուկ նիստին, ապա մյուս օրվա միջոցառումներին ներկա են լինելու խորհրդարանական բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն մենք տեղեկացանք, որ այդ օրերին Փաշինյանը Հայաստանում չի գտնվելու. արձակուրդում է Սոչիում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը գլխավորելու է փոխնախագահներից մեկը, պատվիրակության կազմում են հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ: Այսինքն՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւս Արցախ չի մեկնի:  Ստացվում է՝ պատմության մեջ առաջին անգամ Արցախն իր անկախության տոնը կնշի առանց ՀՀ բարձր ղեկավարության:

 

Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ազգային ժողովում Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնելու ժամանակ։ «Չեմ կարող չհիշատակել վարչապետ Ղարիբաշվիլիի անձնական ներդրումը հունիսի 12-ին մեր 15 գերիների վերադարձը կազմակերպելու գործում», – նշել էր Փաշինյանը: «Ժողովուրդ»  օրաթերթի հետ զրույցում վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն այցի մասով նշեց. «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցության շատ լուրջ հեռանկարներ են բացվում: Ոչ պակաս հետաքրքիր է թվում Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ տրանսպորտային հաղորդակցության բացման հեռանկարը»: Նշենք, որ կառավարության ծրագրում, որն արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից,  հստակ հիշատակում կա հայ-վրացական հարաբերությունների մասով: Նշվում է, որ ՀՀ-ն կշարունակի ապահովել առանձնահատուկ եւ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը, իսկ Թբիլիսիի հետ հաղորդակցական կապերի բարելավումը ռազմավարական նշանակություն ունի։ Հայաստանը մտադիր է նաեւ խորացնել կապերը քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն, մշակութային, մարդասիրական եւ զբոսաշրջային ոլորտներում, եւ դա կենսական կարեւոր նշանակություն ունի երկու երկրի համար։

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՔԾ-ում ԱԺ միջադեպի գործով պատգամավորների հարցաքննությունից: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՀՔԾ քննիչը «Հայաստան» խմբակցության, ինչպես նաեւ ՔՊ պատգամավորներին կոնկրետ հարցեր է տվել՝ ինչից սկսվեց կռիվը, ով է իրենց հարվածել, ինչ բողոք ունեն, ում դեմ բողոք ունեն: Մեզ հասած լուրերի համաձայն՝ «Հայաստան» խմբակցության հարցաքննված պագամավորները քննիչին ասել են, որ եղել է խմբակային խուլիգանություն, կան տեսաձայնագրություններ, թող նայեն եւ տեսնեն, թե ով ում ինչպես է հարվածում: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ հարցաքննված պատգամավորներից եղել են անձինք, որոնք ՀՔԾ քննիչին կոնկրետ անուն են տվել: Մասնավորապես, մեր տեղեկությունների համաձայն՝ «Հայաստան»  խմբակցությունից պատգամավոր Գեղամ Նազարյանը տվել է ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի անունը: Ավելին՝ այլ ՔՊ-ական պատգամավորների անուններ եւս տրվել են, եւ նշվել է, թե նրանք ինչ են արել: Ի դեպ, Նազարյանը պատմել է, որ մտել է նիստերի դահլիճ, առաջին պատկերը, որ տեսել է, եղել է հետեւյալը. բորենիների նման չորս-հինգ ՔՊ-ական ընկած են եղել Արթուր Ղազինյանի վրա եւ հարվածել են նրա գլխին եւ մարմնի տարբեր մասերին: Հարվածել են այնպես, կարծես հենց նոր իրենց ձեռքն են ընկել Ալիեւն ու Էրդողանը: Ակնհայտ էր, որ պարագլխից ունեին հրահանգ փոքր խմբերով հարձակվել նախապես որոշված թիրախների վրա: Նազարյանը նշել է, որ նրանց մեջ է եղել ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ընդգծել է՝ հիշում է՝  Արսեն Թորոսյանը բանակից ազատվել էր իբր առողջական խնդիրների պատճառով, բայց լավ էլ հարձակվում էր խաղաղ կանգնած գործընկերոջ վրա, ձեռքերով հարվածում եւ քացիներ տալիս։ Նազարյանը պատմել է, որ երբ փորձել է օգնել Ղազինյանին, հենց այդ ժամանակ ոմն ՔՊ-ական հարվածել է ուղիղ աչքին, որից անմիջապես հետո մի որոշ ժամանակով կորցրել է տեսողությունը:

 

 

 

Կառավարության ծրագիրը չնայած խորհրդարանում ընդունվել է, սակայն մեծ է հավանականությունը, որ շատ խոստումներ կմնան թղթի վրա, ինչպես կառավարության նախորդ ծրագրի ժամանակ: Կառավարության ծրագիրը բաղկացած է հինգ գլխից՝  Անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն, Տնտեսություն՝ ենթակառուցվածքների զարգացում, Մարդկային կապիտալի զարգացում, Իրավունք եւ արդարադատություն, Ինստիտուցիոնալ զարգացում։ Կառավարությունը ծրագրով կանխատեսում է տարեկան ՀՆԱ-ի նվազագույնը 7 տոկոսի աճ, նվազագույն աշխատավարձը հասցնել մինչեւ 85 հազարի, աղքատության կրկնակի կրճատում, գործազրկության 10 տոկոսից ցածր մակարդակ, ինչպես նաեւ ներդրում/ՀՆԱ մակարդակը հասցնել 25 տոկոսի, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրում/ՀՆԱ-ն՝ 6 տոկոսի։ Նախորդ ծրագրով կառավարությունը խոստանում էր 5 տարում ապրանքների եւ ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ հասցնել 43-45 տոկոսի, մինչդեռ 2020 թվականին արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը, 2019թ. համեմատ, աճել էր ընդամենը 0.5 տոկոսով՝ դառնալով 20 տոկոս։ Այնպես որ, երաշխիք չէ, որ այս անգամվա ծրագիրն իրականություն կդառնա:




Լրահոս