ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՎՐԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ազգային ժողովում Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնելու ժամանակ։ «Չեմ կարող չհիշատակել վարչապետ Ղարիբաշվիլիի անձնական ներդումը հունիսի 12-ին մեր 15 գերիների վերադարձը կազմակերպելու գործում», – նշել էր Փաշինյանը:

 

Նշենք, որ կառավարության ծրագրում, որն արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից,  հստակ հիշատակում կա հայ-վրացական հարաբերությունների մասով: Նշվում է, որ ՀՀ-ն կշարունակի ապահովել առանձնահատուկ եւ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը, իսկ Թբիլիսիի հետ հաղորդակցական կապերի բարելավումը ռազմավարական նշանակություն ունի։ Հայաստանը մտադիր է նաեւ խորացնել կապերը քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն, մշակութային, մարդասիրական եւ զբոսաշրջային ոլորտներում, եւ դա կենսական կարեւոր նշանակություն ունի երկու երկրի համար։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի հետ:

 

-Պարո՛ն Վասաձե, առաջիկայում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարելի է սպասել երկու երկրների առաջնորդների հանդիպումից:

-Իրականում երկու հանգամանք կա, որոնք ուշադրության են արժանի՝ Նիկոլ Փաշինյանի այցի հետ կապված: Առաջին հանգամանքն այն է, որ նա առաջին անգամ է Վրաստան այցելում վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո: Մյուս հանգամանքն այն է, որ իր ընտրվելուց հետո Փաշինյանն առաջին այցը կատարեց Իրան: եվ հիմա իրադարձությունները այնպես են զարգանում, որ տրանսպորտային հաղորդակցության բացումն իսկապես հնարավոր է, եւ եթե Չինաստանը աջակցի ֆինանսապես Իրանին, ապա կարող է նման հարց  առաջանալ: Եվ այդ պարագայում դա իսկապես լուրջ պրոյեկտ կլինի: Ես հստակ տեղեկություններ չունեմ, բայց եթե այդ թեման բարձրացվի երկու երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ, ապա դա շրջադարձային այց կարելի է համարել:

-Իսկ ի՞նչ մակարդակի վրա են այժմ գտնվում հայ-վրացական հարաբերությունները, եւ արդյոք դրանք փոխվե՞լ են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո:

-Ես միշտ ասել եմ, որ հարեւանների հետ պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատել, պետք է լինեն այնպիսի քայլեր, որոնք կլավացնեն տնտեսության վիճակը, ինչպես նաեւ քաղաքացիների կյանքը՝ հաշվի առնելով, որ երկու երկրների միջեւ մարդկանց հոսքը ակտիվ է:

-Իսկ այդ հարաբերությունները փոխվե՞լ են հեղափոխությունից հետո:

-Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ դրանք որեւէ կերպ փոխվել են: Ինձ թվում է՝ դրանք մնացել են նույն մակարդակի վրա, պարզապես Հայաստանի կառավարության կողմից ավելի մեծ հետաքրքրություն է առկա, ինչը ողջունելի է: Փաշինյանը մի ժամանակ ասել էր, որ Վրաստանի հետ հարաբերությունները պետք է առաջնային լինեն, եւ նա պահում է իր խոստումը, այլ հարց է, որ ընդհանուր առմամբ հարաբերություններ կան կարեւոր նաեւ այլ երկրների հետ, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ նրա համար Վրաստանի հետ հարաբերություններն իսկապես կարեւոր են:

-Իսկ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող դեպքերի մասով ինչպիսի՞ դիրքորոշում ունի Վրաստանը:

– Ես կարծում եմ՝ Վրաստանը դժվար թե թե որեւէ տեսակետ հայտնի, բացի նրանից, որ կայունությունը տարածաշրջանում կարեւոր է: Վրաստանը չունի ռեսուրս, որպեսզի ազդի իրադարձությունների կամ իրավիճակի վրա: Այժմ Ռուսաստանի Դաշնությունն է գլխավորը, եւ հաշվի առնելով, որ Վրաստանն ու Ռուսաստանը չունեն հարաբերություններ, ապա ինչ-որ բան սպասել պետք չէ: Իհարկե, հնարավոր է այդ հարցի քննարկում լինի երկու երկրների ղեկավարների միջեւ, բայց ոչ ավելին:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը երեկ Ազգային ժողովում լրագրողների ազատ տեղաշարժի, լրագրողական գործունեության սահմանափակումների վերաբերյալ քննարկում էր կազմակերպել, որին մասնակցում էին լրագրողներ, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ։

 

ԱԺ խորհուրդը լրագրողներին վերաբերող որոշումն օրերս էր ընդունել։ Ըստ այդմ՝ խորհրդարանում լրագրողների աշխատանքը թույլատրվում է միայն նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում եւ Ազգային ժողովի այգում, իսկ պատգամավորների աշխատասենյակներին հասնել լրագրողները չեն կարող, եթե չունեն պատգամավորի համաձայնությունը: Քննարկման մասնակիցները, անընդունելի համարելով լրագրողների տեղաշարժի մասին որոշումը, կարծիք հայտնեցին, որ այն պետք է չեղարկվի։ Լրագրողների գործունեության որեւէ սահմանափակում կարող է լինել միայն ողջամիտ հիմնավորմամբ, այն չի կարող լինել կամայական. շեշտեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։

«Այս հարցը դարձրել են խնդիր փաստորեն, եւ լուծում է պահանջում: Ինչքան շուտ խորհրդարանական մեծամասնությունը վերանայի իր դիրքորոշումը, արագ վերացնի անօրինական, անհարկի, ոչ ողջամիտ սահմանափակումները, այնքան լավ հանրության համա:  Ինչպիսին էլ լինեն լրագրողները եւ լրատվամիջոցները, նրանք շատ տարբեր են, իհարկե, եւ շուտ կանցնեն Հայաստանի հիմնական խնդիրներին արդունավետ ծառայելու», -ասել է Բարսեղյանը:

Անցած շաբաթ, երբ խորհրդարանում քննարկվում էր կառավարության հնգամյա ծրագիրը, ու միջադեպեր ու ծեծկռտուքներ տեղի ունեցան պատգամավորների միջեւ, անվտանգության աշխատակիցներն անմիջապես լրագրողներին հեռացնում էին նաեւ օթյակից՝ այն վայրից, որտեղից նրանք հետեւում են Ազգային ժողովի նիստին։ Նիստի հեռարձակումն էլ ծեծկռտուքների ժամանակ անմիջապես անջատվում էր։

«Որեւէ կոմպրոմիսի չպետք է գնալ»,- հայտարարեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը` պահանջելով անհապաղ վերացնել բոլոր սահմանափակումները: «Ես դեմ եմ որեւէ կոմպրոմիսի: Պետք է անհապաղ վերացվեն բոլոր այս սահմանափակումները, այս սահմանափակումները, եւ մեդիայի խնդիրները միայն մամուլի աշխատողների խնդիր չէ: Դա թափանցիկության, պատգամավորների, ժողովրդի ընտրյալների գործունեության թափանցիկության հարցն է, հաշվետվողականության հարցն է, մեդիայի աշխատանքի հարցն է: Ուղղակի նվաստացուցիչ էր տեսնել, թե ինչպես են վարվում լրագրողների հետ»,- նշեց Սեյրանյանը:

Խորհրդարանում մտցված սահմանափակումների հեղինակը իշխող ուժի ներկայացուցիչներն են։ Նրանք եւս քննարկմանը հրավիրված էին, բայց չէին ներկայացել։

Ն. Պ.

 

 

ՎԵՃԵՐԻ ՍԻՐԱՀԱՐԸ

ԲՀԿ-ի քվոտայով մարզպետ դարձած, ապա ճամբարափոխ եղած Կարեն Համբարձումյանն իրեն բավական ակտիվ դրսեւորեց Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ: Տեսանյութերից եւ Հատուկ քննչական ծառայության ուղարկված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Կարեն Համբարձումյանը մեկ անգամ ձեռքով եւ առնվազն երկու անգամ ոտքով հարվածում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին: Իսկ ո՞վ է Կարեն Համբարձումյանը. ինչպես արդեն նշեցինք, Կարեն Համբարձումյանը հեղափոխությունից հետո մի քանի ամիս զբաղեցրել է Սյունիքի մարզպետի պաշտոնը: Նրա աները Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն է: Համբարձումյանը 2006-2018 թվականներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է եղել, 2011 թվականից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, սակայն մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո նա հեռացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից եւ արդեն «Իմ քայլ»-ի կազմում դարձավ պատգամավոր, այժմ էլ ութերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր է: Սակայն հետաքրքիր է, որ ԲՀԿ-ից լինելու եւ հենց այդ քվոտայով մարզպետ նշանակվելու փաստը Ազգային ժողովի պաշտոնական կայքում առկա նրա կենսագրությունից խնամքով թաքցված է: Այս ամենից զատ, նա փաստորեն վեճերի մեծ սիրահար է:

 

 

ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին քաղաքացին անզգուշության կամ դիտավորության սկզբունքով կոտրել էր  հայտնի եւ շատերի համար ուխտատեղի հանդիսացող Հաղարծնի՝ հարյուրամյակների պատմություն ունեցող «Երազանքների ծառը», որը բավականին մեծ աղմուկ եւ զայրույթ բարձրացրեց հանրության շրջանում: Ավելին, հրապարակված տեսանյութում ակնհայտ երեւում է, թե ինչպես է տղամարդը փորձում համառորեն անցնել Հաղարծնի «Երազանքների ծառի» միջով, սակայն չի կարողանում, եւ կոտրում է այն: ArmLur.am-փորձել է պարզել, թե ինչ է տեղի ունեցել իրականում, եւ ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ քաղաքացու վրա:

Դեպքի առնչությամբ  ArmLur.am-ը կապ հաստատեց նաեւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, որտեղից  մեզ հայտնեցին՝ Տավուշի դատախազությունը նյութերն ուղարկում է ոստիկանություն՝ ստուգման: Այսպիսով, մարդիկ կարող են ոչ միայն չպահպանել բնությունը, այլեւ կարող են փչացնել, վնասել հարյուրամյակների պատմություն ունեցող եւ պատմական մեծ արժեք հանդիսացող կոթողները եւ մնալ անպատիժ: Այս եւ նման դեպքերն անհետեւանք թողնելը կարող է նախադեպ լինել հաջորդ բարբարոսությունների համար:




Լրահոս