ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա՝ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման եւ այդ գույքի վարձակալների կողմից ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել է եւ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին։ Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Քրեական գործի հետագա նախաքննության ընթացքում՝ 2021թ. օգոստոսի 12-ին, համայնքի ղեկավար Վ. Ու.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, եւ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով առաջադրվել է նոր մեղադրանք այն բանի համար, որ նա, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության մասին, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, խախտելով ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի 286 որոշման 231 կետի պահանջները, հողմասն աճուրդով վաճառելու մասին որեւէ հայտարարություն չտեղադրելով, սակայն կադաստրային գործին կցելով «Հայաստանի Հանրապետություն» թերթը՝ իբրեւ թե համապատասխան հայտարարությունն այնտեղ հրապարակվել է, կազմակերպել է հրապարակային սակարկություններ՝ խախտելով հրապարակային սակարկությունների մասին օրենսդրության այն պահանջը, ըստ որի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի հետ փոխկապակցված անձինք։
Այդկերպ համայնքի ղեկավարը անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու վերաբերյալ ձեւական աճուրդ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել իր որդին, եւ 2006թ. հոկտեմբերի 2-ին Ջրաշեն գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով 76.590 ՀՀ դրամով օտարել է նրան։ Նույն թվականի հոկտեմբերի 7-ին վերջինիս հետ կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է որդուն։ Դրանից հետո վերջինս ամսեկան 100.000 ՀՀ դրամ վարձավճարով նույն հողամասը վարձակալության է հանձնել բջջային օպերատոր ընկերությանը եւ մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար հիշյալ կազմակերպությունից ստացել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.259.996 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, ինչի հետեւանքով համայնքը զրկվել է նշված չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։ Ելնելով նույն շահադիտական դրդումներից՝ Վ. Ու.-ն հետագայում որեւէ միջոց չի ձեռնարկել նշված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու կամ հողամասի ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելու եւ հողային օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ։
Նշված քրեական գործով համայնքին պատճառված վնասը վերականգնելու համար նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել թվով 5 հողամասերի վրա կալանք դնելու մասին, համապատասխան գրություններ են հասցեագրվել վերոնշյալ հողամասի վրա ալեհավաքներ տեղակայելու համար վարձակալության պայմանագրեր կնքած կազմակերպություններին մինչեւ քրեական գործի վերջնական ընթացքի լուծելը վարձակալության գումարների վճարումը կասեցնելու համար։ Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ 2021թ. օգոստոսի 18-ին դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, եւ այն քրեական գործի հետ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:
Ն. Պ.
ԿԱՑՆՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գյումրու բնակչին մեղադրանք է առաջադրել սպանության փորձ կատարելու համար: Տղամարդը կացնով հարվածներ է հասցրել համաքաղաքացուն, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ վերջինս ձեռքերով պաշտպանվել է հարվածներից, միջամտել են նաեւ տուժածի ընկերները, ինչից հետո 38-ամյա տղամարդը, նստելով ավտոմեքենան, հեռացել է դեպքի վայրից: Գյումրի քաղաքի 38-ամյա բնակիչը համաքաղաքացու հետ ունեցած տարաձայնությունների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով 2021 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպել «Հայաստանի Հանրապետության տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց: Նշված վայրում իջնելով ավտոմեքենայից՝ համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր հետ նախապես վերցրած կացնով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ վերջինս ձեռքերով պաշտպանվել է հարվածներից՝ ձախ ձեռքի շրջանում ստանալով մարմնական վնասվածք»,- ասված է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձ կատարելու հոդվածով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Մարտակերտի տներից մեկում օգոստոսի 26-ին ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է: Հիշեցնենք, որ Քննչականն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ վարույթ է ընդունվել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաեւի կողմից Արցախի պետական սահմանն ապօրինի հատելու, Մարտակերտ քաղաքի տներից մեկի տան անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիքներ տալու եւ լրտեսության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Ջամիլ Բաբաեւն օգոստոսի 26-ին ձերբակալվել էր:
ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Նորաշենի բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: «2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 12.15-ին, «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ մարմնի 1-3-րդ աստիճանի այրվածք, ձախ արմնկային շրջանի պատռած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել 61-ամյա տղամարդ, որը հայտարարել է, որ ընկել է իրենց տան թոնրի մեջ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ նշված վնասվածքներն ստանալու իրական հանգամանքները, դեպքի վայրը։ Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 11.30-ի սահմաններում, Արարատի մարզի Նորաշեն-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել է Նորաշեն գյուղի 61-ամյա բնակչի եւ համագյուղացու միջեւ, որի ընթացքում վերջինս դանակով հարվածել է նրա ձախ ձեռքին, այնուհետեւ բենզինը լցրել է վրան ու այրել, սակայն հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ տուժողը հասցրել է հեռանալ դեպքի վայրից, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց եւ բուժօգնություն ստացել։ Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն եւ ընդունվել վարույթ: Նույն օրը՝ դեպքից ժամեր անց, 61-ամյա տղամարդու համագյուղացին ինքնակամ ներկայացել է իրավապահներին եւ խոստովանել, որ վիճաբանության ժամանակ բենզինը համագյուղացու վրա լցրել ու հրկիզել է ինքը: Վերջինս ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով:
ՉԵՆ ՄԱՔՍԱԶԵՐԾԵԼ
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ստացել է տեղեկություններ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ոսկյա զարդերի ներմուծման գործընթացին ՀՀ քաղաքացի Ժ.Գ-ի հնարավոր ներգրավվածության մասին: Օրերս Ստամբուլ-Մինսկ-Երեւան ավիաչվերթով Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց եւ ուղեւորների ժամանման սրահի «Կանաչ ուղի» գծանշումը հատելուց հետո Մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ Արեւմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից կանգնեցվել եւ մաքսային հսկողության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Վերջինիս նկատմամբ իրականացված անձնական մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, որոնք թաքցված են եղել քաղաքացու գոտկատեղի հատվածում:
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում, Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, նախապատրաստվել են նյութեր:
Հայտնաբերված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդերը, որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ, վերցվել եւ ի պահ են հանձնվել մաքսային հսկողության գոտի: