«ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ՔՇԵԼ». ԵՂԻՇԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ զրուցել է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի, քաղաքական ճգնաժամի եւ հակառակորդի ոտնձգությունների մասին:

 

«Այս իրավիճակը նոր չի սկսվել մեր երկրում, եւ մենք արդեն բավականին երկար ժամանակ է՝ ունենք քաղաքական ճգնաժամ եւ հետպատերազմյան ճգնաժամ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նավի ներքեւի հարկերը ջուր են լցվում, իսկ վերեւի հարկերում դեռ խրախճանք է, ռեստորաններում մարդիկ տոնակատարություններ են անում, իսկ ավելի վերեւի հարկերում տոմս են վաճառում հաջորդ ուղեւորության համար: Ամեն ինչ այսպես իրարից կտրված է, հատուկ ստեղծում են այնպիսի անհասկանալի վիճակ, որ չկարողանաս հասցնել հասկանալ, թե այս ինչ կատարվեց կամ ինչ է կատարվում: Հիմա մենք իջնում են անդունդը, բայց դեռ հատակին չենք հասել, եւ մինչեւ չհասնենք հատակին, այս ժողովուրդը խելքի չի գա: Եթե Տիգրանաշենում (Երասխում) չեն կրակում, Գեղարքունիքում են կրակում, ասում է՝ լավ, ուրեմն ամեն ինչ նորմալ է, այսինքն՝ մենք ունենք հիմնականում ոչ Հայաստանի քաղաքացի մի զանգված, որոնց ոչ մի ձեւով չի հետաքրքում իր երկրի սահմանների վիճակը»,-նշում է մեր զրուցակիցը:

Եղիշե Պետրոսյանի խոսքով՝ այսօր մենք չունենք ձեւավորված այն Ազգային խորհրդարանը, որն իսկապես մեզ պետք էր. «Մեզ այսօր բաժին է հասել անպատասխանատու իշխանություն: Ազգային ժողովում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը չեն սպասարկում երկրի շահերը: Երկիրը կործանվում է, նրանք պարգեւավճարի, գրպանի ավել գումարի հատկացման թեմա են քննարկում, ինչ-որ ճոռոմ ապագայից են խոսում, բայց տարրական տրամաբանություն ունեցող մարդը հասկանում է, որ դրանք ընդամենը «լոլոներ» են, եւ դա մեզ ոչ մի լավ բան չի խոստանում: Մեր փրկությունը կլինի շուտափույթ կերպով քշել այս խորհրդարանը: Ներկա իշխանությունը սպասարկում է ռուս-թուրքական շահը, իսկ հին իշխանությունները սպասարկում էին միայն  ռուսական շահը. խնդիրն այստեղ է: Խորհրդարանական ուժերը մեր պետության դարդով չեն, պետք է նրանց անհապաղ քշել»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ եթե այս տրամաբանությամբ մեր իշխանությունները շարժվեն, ապա շատ շուտով կկորցնենք մեր երկրի անկախությունը:

«Ժողովուրդն ինչ է ուզում, որ այլեւս չլինի՞ Հայաստան պետությունը, վերանա գնա՞ մեր ազգը: Կիլոմետրերով եկել մտել են մեր տունը, Արցախի մասին էլ չեմ ասում, մոռացել են, վերջ, այլեւս թեմա չկա: Հիմա իրար միս են ուտում, Շուռնուխում թշնամին ճանապարհ է փակում, ամեն օր նոր նախապայման դնում եւ հասնում է իր նպատակին: Ոչինչ չկա, այսպես են մեկնաբանում, կարծես բան չի եղել, այդպես էլ պետք է լիներ: Սա զավեշտ է: Դրա հետ մեկտեղ խոսում են ժողովրդի մանդատի մասին՝ թաքնվելով մանդատի տակ. սա զզվելի է, աշխարհում նման անպատասխանատու ոչ մի իշխանություն չկա: Փաստացի ունենք մի իրականություն, երբ երկրի իշխանությունը թաքնվել է  ժողովրդի տված ձայնի տակ եւ անում է քայլեր՝ ժողովրդի շահերից բխելով»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ չարտերային չվերթով մեկնել է Սկոպյե, որտեղ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի չորրորդ տուրի հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում ազգային թիմին կմիանան Անդրե Կալիսիրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը եւ Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնեւը, Արտյոմ Ավանեսյանը եւ Իշխան Գելոյանը թիմին կմիանան հաջորդ օրը, իսկ առաջիկա խաղի համար որակազրկված Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։

 

 

ՊԱՐՏՎԵԼ Է

Վ. Բաննիկովի անվան մրցաշարի երկրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը 1:3 հաշվով պարտվել է Բելառուսի Մ-17 թիմին: Հայկական թիմի միակ գոլը խփել է Լեւոն Բաշոյանը, որն աչքի է ընկել տուգանային հարվածով: Հիշեցնենք, որ «Ուրարտուի» պատանի խաղացողը գեղեցիկ գոլի հեղինակ էր դարձել նաեւ Բուլղարիայի Մ-17 հավաքականի դեմ նախորդ խաղում (1:1):

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՄԵՍՍԻԻՆ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անդրադարձել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որը փարիզյան ակումբի կազմում նորամուտը նշել էր «Ռեյմսի» դեմ Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրի խաղում (2:0): «Ամեն բան լավ էր: Երբ Լեոն դուրս եկավ խաղադաշտ, գնդակին նրա առաջին հպումն ինչ-որ բան տվեց մեզ ու ավելացրեց թիմի վստահությունը: Նույնիսկ Մեսիին է անհրաժեշտ հաջող նորամուտ ունենալ: Լեոն լավ մտավ խաղի մեջ: Նա դեռ հեռու է իր լավագույն մարզավիճակից, սակայն լավ է մարզվում: Հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո Մեսիի մոտ ամեն բան կարգին կլինի»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է France Football-ը:

Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագն առաջին անգամ էր ընդգրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում եւ խաղը սկսել էր պահեստայիններից նստարանից: 34-ամյա արգենտինացին դաշտ դուրս եկավ 66-րդ րոպեին՝ փոխարինելով բրազիլացի հարձակվող Նեյմարին: Այդ խաղում ՊՍԺ-ն 2:0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ:




Լրահոս