Թագուհի Թովմասյանն ու Տարոն Մարգարյանն այցելել են կալանքի տակ գտնվող Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուի Թովմասյանը հայտնում է. «Նախօրեին ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի հետ այցելեցինք կալանքի տակ գտնվող մեր գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին:
Պետք է ընդգծեմ, որ երկու պատգամավորներն էլ ընկճված չէին, ֆիզիկապես առողջ էին, իսկ խոսակցություններից պարզվեց՝ ակտիվ հետևում էին ներքաղաքական զարգացումներին և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին:
Արթուր Սարգսյանը վստահեցրեց, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է։ Մեր գործընկերոջ միակ անհանգստությունը Սյունիքի գլխին կախված վտանգներն էին, որոնց տարբեր դրսևորումներին ականատես ենք լինում:


Մխիթար Զաքարյանը ևս հետաքրքրված էր ու մտահոգ Սյունիքի անվտանգության թեմաներով, մեր զրույցի ընթացքում անընդհատ հարցնում էր՝ Սյունիքի մասով ինչ նորություն կա, ինչ ապագա է սպասվում: Վստահեցրեց, որ այսօր բոլորի, բոլոր հայերի համար դա պետք է լինի մտահոգիչ, իսկ մնացած խնդիրները հաղթահարելի են։ Իսկ երբ հետաքրքրվեցինք
44-օրյա պատերազմի ընթացքում նրա ստացած վնասվածքներից, Մխիթար Զաքարյանը պատմեց, որ ձեռքը կրկին վիրահատելու անհրաժեշտություն կա. երկաթները պետք է հանվեն մարմնից:
Ես տեղում ՔԿՀ ղեկավարությունից հետաքրքրվեցի, թե ինչ քայլեր են անում Զաքարյանի վիրահատությունը կազմակերպելու համար, և ինձ հավաստիացրին, որ վիրահատությունն առաջիկայում կկազմակերպվի, և որ հարցը փաստաթղթերի հավաքագրման փուլում է: Այս հարցում հետևողական եմ լինելու:
Հետաքրքրական է, որ մեր գործընկերների առաջնային և գլխավոր մտահոգությունը մեր Սյունիքն է՝ մեր երկրի ողնաշարը, որի անվտանգության մասին մտածում են բոլոր դեպքերում՝ նույնիսկ գտնվելով կալանքի տակ»:




Լրահոս