Հայաստանի Ստարտափ Ակադեմիան տեղեկացնում է, որ ընդունվում են հայտադիմումներ Ակադեմիայի «Traction» ծրագրի երկրորդ շրջանի համար։ 10-շաբաթյա ծրագիրը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել՝ պատրաստելով ընդլայնմանը դեպի միջազգային շուկա։ Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ (EU-ITTD)։ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։
«Traction» ծրագրի առաջին շրջանը մեկնարկել է 2020թ-ի հունիսին՝ ներառելով 9 ստարտափներ կրթական տեխնոլոգիաների, լոգիստիկայի, մարդկային ռեսուրսների կառավարան, մարքեթինգի և այլ ոլորտներից։ 150-ից ավել հանդիպումների շրջանակներում ձեռներեցները ակտիվ աշխատել են միջազգային մենթորների և ոլորտի մասնագետների հետ: Ինտենսիվ մենթորության արդյունքում ստարտափները գրանցել են մի շարք հաջողություններ, որոնց թվում են օրվա լավագույն պրոդուկտի արժանացումը Product Hunt հարթակում, օգտատերերի քանակի աճը, վաճառքները տեղական և միջազգային կազմակերպություններին, պրոդուկտների բարելավված տարբերակների գործարկումը և ավելին: Ծրագրի շրջանավարտներն արդեն իսկ ներգրավել են 3 մլն և ավելի եվրո ներդրումներ հրեշտակ ներդրողների, վենչուրային ֆոնդերի և դրամաշնորհերի միջոցով։
«Traction» ծրագիրն առաջարկում է վաճառքի (Sales), աճի հաքինգի (Growth Hacking) և ներդրումների ներգրավման (Fundraising) մենթորություն և անհատական զարգացման ծրագիր։ Ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները հնարավորություն կունենան սահմանել և հաստատել իրենց աճի հնարավոր ուղիները, կատարելագործել և վավերացնել իրենց ռազմավարությունները, ստանալ աջակցություն միջազգային շուկաներում ընդլայնվելու և ներդրումներ ներգրավելու համար։ 10 շաբաթների ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած 5 ընկերություններ հնարավորություն կունենան ստանալ մինչև 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ, որը տրամադրվում է EU-ITTD ծրագրի կողմից: Դրամաշնորհների և իրավասության չափանիշների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի կլինեն ծրագրի մեկնարկից հետո։
Ծրագրին կարող են դիմել բոլոր այն ստարտափները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին․
- Հասցրել են ցուցաբերել որոշակի արդյունքներ (եկամտի, վաճառքի, օգտատերերի բազայի և այլնի առումով),
- Գործարկել են պրոդուկտը (կամ ունեն MVP/նախատիպ) կամ պատրաստ են գործարկելու այն մինչև սեպտեմբերի 18-ը,
- Ներգրավել են նվազագույնը 20 եվրո` դրամաշնորհների, հրեշտակ ներդրումների, վենչուրային ֆինանսավորման տեսքով կամ սեփական միջոցներով, կամ արդեն եկամուտներ են գեներացնում (ոչ պարտադիր, բայց նախընտրելի),
- Նախկինում մասնակցել են որևէ ինկուբացիոն կամ նախաաքսելերացիոն այլ ծրագրի (ոչ պարտադիր, բայց նախընտրելի)։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է, որին կհետևեն հարցազրույցներ մասնակից ընկերությունների ցուցակը վերջնականացնելու համար։ Մինչ այդ, սեպտեմբերի 9-ին տեղի կունենա Տեղեկատվական հանդիպում (հանդիպման համար գրանցումը հասանելի է այստեղ)։ Ծրագիրը, ինչպես նաև տեղեկատվական հանդիպումն իրականացվելու են հիբրիդային եղանակով՝ հնարավոր դարձնելով թե՛ հեռավար, թե՛ ֆիզիկական մասնակցությունը։ Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հասանելի են այստեղ։