Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով երկարացվեց Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին կալանքի տակ պահելու ժամկետը։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Սահակյանը։
Փաստաբանի խոսքով դեռ այս գործընթացներից առաջ է Մանվել Փարամազյանն առողջական խնդիրների հետ կապված ենթարկվել բժշկական հետազոտությունների, այդ թվում արտերկրում։ Նրա մոտ ախտորոշվել է «քնի օբստրուկտիվ ապնոէ» ծանր աստիճանի հիվանդությունը։ Այդ հիվանդությամբ տառապող անձինք այլ խնդիրներից բացի, մշտապես գտնվում են քնի ընթացքում շնչառության կանգ ունենալու վտանգի առջև։ Նման հիվանդությամբ տառապող անձինք քնելու ընթացքում ստիպված են օգտագործել հատուկ սարք ու գտնվել կողմնակի խնամքի տակ։ Արդեն կալանքի տակ գտնվելու ընթացքում Մանվել Փարամազյանի ախտորոշումը հաստատվել է նաև տեղացի բժիշկների կողմից, մինչդեռ նրա կյանքին սպառնացող վտանգը կանխելուն ուղղված միջոցներն անհնար է ձեռնարկել քրեակատարողական հիմնարկի պայմաններում։
Հիշեցնենք, որ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով: Փարամազյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: