Թիմային խաղի որակը հավաքականում շատ է բարձրացել. Հենրիխ Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

«Հավաքականի ֆուտբոլիստները շատ լավ աշխատանք են կատարել՝ հաղթելով առաջին երեք խաղերում։ Առաջիկա հանդիպումներում էլ կձգտենք ցուցադրել մեր լավագույն խաղը, հաղթանակ տանել։ Վերջում կերեւա, թե այս ընտրական փուլում ինչի կարող ենք հասնել։

Հաղթողի հոգեբանությունը ազգային հավաքականում ձեւավորվել է դեռ Ազգերի լիգայի խաղերում, որտեղ թիմը շատ լավ հանդես եկավ եւ առաջին տեղը գրավեց։ Դա դրսեւորվեց նաեւ այս ընտրական փուլի խաղերում։ Թիմային խաղի որակը շատ է բարձրացել։ Տղաները հավատում են իրենց ուժերին եւ հաղթելու հնարավորությանը։

Առաջին խաղերում եղան առանցքային ֆուտբոլիստներ, որոնք կարողացան թիմը տանել իրենց հետեւից եւ արդյունք ապահովել։ Հուսանք, որ առաջիկա խաղերում էլ այդպես կլինի։ Բազմիցս ասել եմ, որ բոլորը պետք է պատասխանատվություն վերցնեն։ Ցավոք, վաղը չեն խաղա Հարոյանը, Բարսեղյանն ու Բայրամյանը, բայց մյուսներն էլ կարող են արժանիորեն փոխարինել նրանց»,– ասուլիսում նշեց Մխիթարյանը։

Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:




Լրահոս